Հանրահայտ է եւ անվիճարկելի Վազգեն Ա. Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի բացառիկ կարեւորության դերակատարումը անցյալ դարի երկրորդ կեսի հայ ժողովրդի պատմության մեջ:
Պակաս արժեքավոր չէ ապագա կաթողիկոսի գրականագիտական, փիլիսոփայական վաստակը մինչ կուսակրոն քահանա ձեռնադրվելը (1943 թ.) եւ հոգեւոր ծառայության երկարատեւ ու ազգաշահ ընթացքի սկիզբը: Անդրադառնանք նրա՝ տակավին ԼեւոնԿարապետ Աբրահամի Պալճյան անվանվող տեսաբանի «Անձնավորության գաղափարի մասին» հոդվածին (1938 թ.), որի խորունկ հարցադրումները միանգամայն արդիական են, ընթերցողին մղում են արգասավոր մտորումների մարդկային կյանքի իմաստի, անհատի ինքնաճանաչման եւ ինքնազարգացման, անհատի եւ հանրության փոխհարաբերությունների կարգավորման սկզբունքների շուրջ:
Անձնավորության թեման, հիրավի, առանցքային է փիլիսոփայության մի քանի ուղղության, ինչպես նաեւ հումանիտար գիտությունների համար: Բուն իսկ «անձնավորություն» հասկացությունը տեսական մտքի երկարատեւ զարգացման արգասիք է՝ որպես արտացոլումամփոփում նաեւ մարդ արարածի իրական տեսակային զարգացման: Վերջինս հատկապես անգերազանցելի է արտահայտված հայոց լեզվում՝ «անհատանձանձնավորություն» եռաբաղադրիչ հասկացական համակարգի ձեւով:
«Անհատը» (individuum)՝ «ան»«հատն» է՝ այլեւս չհատվողը, չտրոհվողը, նաեւ բանական արարածի մեկ «հատը»: Նորածինն արդեն անհատ է, հատվելառանձնացել է մորից: «Անձ» է դառնում առաջնային սոցիալականացման փուլն անցնելով (կյանքի առաջին երկուերեք տարում). անձը անհատն է, որ դարձել է մարդկային համակեցության ինքնուրույն սուբյեկտ՝ ճանաչողության, գործիքներ օգտագործելու եւ խոսքային հաղորդակցման:
Իսկ ի՞նչ է «անձնավորությունը» (persona): Պերսոնալիզմի հիմնադիր Էմանուել Մունյեի սահմանումը հետեւյալն է. «Անձնավորությունը այն է ամեն մարդու մեջ, ինչը չի կարող դիտարկվել որպես օբյեկտ»: Նաեւ. «Անձնավորությունը միակ իրողությունն է, որը մենք ճանաչում ենք եւ միաժամանակ ստեղծում ներքուստ»:
Վազգեն Առաջինին սա հայտնի է եւ, հիշատակելով մի շարք աշխատություններ, նախ՝ իր համերաշխությունն է հայտնում դրանց հեղինակների հետ, ապա՝ ձեւակերպում սեփական տեսակետը. «Շատ մը ժամանակակից մտածողներու համար անհատական «եսի» զգացումի ու գիտակցության կատարելագործված վիճակը այն է, ինչ որ իրենք «անձնավորություն» կը կոչեն…. Անձնավորությունը, որուն հասած է մարդկային ցեղը (espՌce), հանձին տիպար մարդ անհատներու, կը բղխի նաեւ նյութական եւ օրկանական պայմաններու զուգորդումեն ու բարդացումեն, որոնց մեջեն անցած է օրկանական կյանքը ընդհանրապես եւ մարդկային հոգեկանբարոյական կյանքը մասնավորապես…. Այսպիսով, անձնավորությունը կը դառնա, կարծես, տիեզերական ուժին գերագույն նպատակը ու գոյության բարձրագույն գագաթը»:
Արդ, եթե մարդկային արարածի էութենական զարգացման փիլիսոփայական իմաստավորմամբ հետահայաց դիտում ենք համապատասխան տեսությունների գոյացման ընթացքը, ապա հասկանալի է դառնում, որ մարդանհատի դերի չափազանց շեշտադրումը նույնքան օրինաչափ եւ հիմնավոր է եղել (օրինակ՝ «հանրային դաշինքի» տեսության կողմնակիցների աշխատություններում), որքան հետագայում հասարակության դերի գերագնահատումը: Իհարկե, ծայրահեղություններից պիտի գոյանար «ոսկի միջինը»՝ անհատապաշտության եւ սոցիոլոգիզմի տեսակետների պայքարից պիտի ծնվեր անհատի եւ հասարակության փոխհարաբերությունների ներդաշնակ կարգավորման հնարավորությունը:
Այս անցումը շատ լավ հասկացել եւ հստակ արտահայտել է մեր հեղինակը. «ԺԹ. դարուն համար մարդը «անհատ» մըն էր: Ֆրանսական հեղափոխությունը հռչակած ու նվիրագործած էր այդ անհատ մարդու իրավունքները: Այդ անհատը, սակայն, իրապես գյություն չուներ. ան վերացական մարդն էր. ընդհանուր գաղափարը, զոր տրամաբանությամբ կառուցեր էին քանի մը երազապաշտ մտածողներ: Ամեն մարդ անհատ մըն էր, ո՛չ ավելի, ո՛չ ալ պակաս: ԺԹ. դարու մարդանհատը ավելի մտքի պահանջք մըն էր, քան իրականություն»:
Գերազանց ձեւակերպում է՝ անհատի ըմբռնումը ավելի մտքի պահանջն էր (եւ արգասիքը), քան իրական կյանքի: Իսկապես, ոչ միայն 19րդ դարում, այլ միշտ էլ փիլիսոփայական միտքը կանխել է իրական զարգացումը, կարողացել է արտահայտել մոտալուտ կամ հեռավոր ապագայի տրամաբանությունը: Բայց «անհատի» ըմբռնումից մինչեւ «անձնավորության» դեռ երկար ճանապարհ կար եւ տակավին կա անցնելու (զուր չի ասված՝ «….Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան»):
Նախ՝ 19րդ դարի վերջին20րդ դարի սկզբին սոցիոլոգիայի բուռն զարգացումը հարստացրեց մարդանհատի ըմբռնումը, ըստ էության (եթե հետեւենք մեզ ուղղորդող եզրաբանությանը) հիմնավորեց «անձ» հասկացության կարեւորությունը. «Նոր մտածողությունը եւ նոր գիտությունը սկսան պեղել իրական մարդը ու գտնել զայն իր կենսաբանական, հոգեբանական ու ընկերային պայմաններուն մեջ, որոնց մեջ կ’ապրի ան դրապես»: Այդպես է, ուստի անխուսափելի եւ անհերքելի է նաեւ եզրակացությունը. «Ի հառաջագունե մարդը ընկերային է»:
Այդուհանդերձ, չենք կարող ասել, թե «անհատանձանձնավորություն» ըմբռնումները լիովին ճշտված են: Անհստակությունը վերաբերում է ոչ միայն տեսական ընդհանրացումներին, այլեւ դրանց արտացոլման հիմնական օբյեկտին՝ անհատի տեղին զանազան հանրույթների մեջ, անձի դերային վարքագծի դրսեւորումներին հանրային կյանքի տարբեր ասպարեզներում, սեփական «ես»ի ընկալմանը, մտածող անձնավորության կենսափիլիսոփայական հարցադրումներին: Եվ այս վիճակը ոչ թե մարդկային մտքի թերացումն է, այլ «մարդ» բազմաբարդ երեւույթի ճանաչման, ինքնաճանաչման եւ անձնային զարգացման անսպառելիության հետեւանքը:
Այս առումով, գնահատենք եւ որպես համապարփակ հետազոտական պատվեր ընկալենք Վազգեն Առաջինի հիմնարար ձեւակերպումներից մեկը. «Կարելի պիտի ըլլար նույնիսկ քաղաքակիրթ ազգերու պատմությունը գրել՝ մարդկային իրականությունը եւ անոր կյանքի բոլոր երեւույթները դիտելով այս ինքնաճանաչումի աստիճանավոր զարգացման տեսակետեն»: Հիրավի, սա քաղաքակրթության պարբերականացման չափանիշներն էապես հարստացնող մոտեցում է, կարող է նաեւ հետազոտական բեղմնավոր ծրագիր դառնալ: Իհարկե, այստեղ փոխադարձություն կա. կյանքի տնտեսական, քաղաքական, մշակութային, տեխնիկական պայմանների փոփոխությունը ինքնին բարենպաստ պայմաններ է ստեղծում մարդու էութենական զարգացման համար, թեպետ դա ինքնաբերաբար չի իրականացվում: Հնարավոր է, ուրեմն, հակադարձ պատճառականությունը դիտարկել, այն է՝ որքանո՞վ է մարդու ինքնաճանաչման խորացումը, այսինքն՝ անհատանձանձնավորություն անցումը նպաստավոր եղել հանրային կյանքի ավելի բանական կազմակերպման համար:
Մյուս կարեւոր հիմնադրույթը վերաբերում է անձի ինքնաճանաչման եւ ինքնազարգացման ներդաշնակության ապահովմանը, մասնավորապես՝ մարդու վարքագծի կենսաբանական, հոգեբանական եւ սոցիալական պատճառակցման պատշաճ հաշվառմանը. «Ճշմարտությունը այն է, որ անհատի ազատագրում, «եսի» ազատագրում ըսելով՝ պետք է հասկնալ գիտակցականացումը եւ բանականացումը այն հարաբերությանց, որ կան անհատի ու ընկերության միջեւ եւ բնա՛վ երբեք խզումը այդ կենսաբանական, հոգեբանական եւ ընկերաբարոյական կապերուն»:
Ինքնաճանաչումը կարող է լինել մեկուսի մարդու համար ինքնին նպատակ, կարող է, թերեւս, լիովին բավարարել մենակյացին կամ ճգնավորին: Սակայն մարդը հանրային էակ է, առավել եւս՝ որպես անձնավորություն հասունացման որոշակի մակարդակի հասածը, ուստի նրա հետագա ինքնազարգացման համար արդեն ինքնաճանաչումը միջոց է ինքն իրեն փոխելու, հանրային կյանքում իր առաքելությունը լիովին գիտակցելու եւ կատարելու համար:
Արդ, «Ծանի՛ր զքեզ» հինավուրց պատգամը նորովի է ընկալվում: Այսինքն՝ «ինքնաճանաչման»՝ երբեմն որպես ինքնանպատակ իմաստավորվող, ուստի եւ վերացական պահանջը անհատի մակարդակից բարձրանում է մինչեւ անձնավորության մակարդակ: Վազգեն Առաջինը սա ցուցադրում է երեք աստիճանական կարգախոսների հիշեցումով. առաջինը՝ «Եղի՛ր այն, ինչ որ ես», երկրորդը՝ «Եղի՛ր այն, ինչ որ կարող ես լինել», երրորդը՝ «Եղի՛ր այն, ինչ որ պետք է լինես»: Ավելի հանգամանալից բացատրությունն է. «Եթե գործնականին մեջ այս պատվերները կիրառել ուզենք, պետք է նկատենք, որ առաջին պատվերին կը համապատասխանե «ինքնաճանաչումի» հոգեկան գործողությունը, երկրորդ պատվերին՝ «ինքնաքննադատության» գործողությունը, իսկ երրորդին՝ «ինքնակերտումի» գործողությունը»:
Բնականաբար, լիարժեք ինքնաճանաչումն անհնար է առանց լիակատար անկեղծության. մենք՝ մարդիկս, հակված ենք ինքնամոլորեցման եւ մեր իրական «ես»ը ընկալելու փոխարեն հակված ենք մեզ համար ցանկալի պատկեր ստեղծելու: Առավել եւս անկեղծ ու հաստատակամ վերաբերմունք է հարկավոր ինքն իրեն քննադատելիս. որքա՜ն ավելի դյուրին ենք ուրիշներին քննադատում (թեեւ ասված է՝ «մի դատիր, որ չդատվես»): Վերջապես, որքա՜ն հմայիչ է «ինքնակերտումի» պատվիրանը, եւ որքա՜ն դժվարին է դրա իրագործումը՝ հոգեւոր, բարոյական ինքնակատարելագործումը, հանրային կյանքում սեփական առաքելության անմնացորդ իրականացումը:
Տեղին է հեղինակի կարծիքը. իսկապես, քչերս ենք դրան հասնում, բայց այդ իդեալին հասնելու ձգտումն արդեն մեզ կամք ու կորով է հաղորդում. «Իտեալ անձնավորությունը այն անհատն է, որ առանց իր բնական կապերը խզել ուզելու, ընդհակառակը, հերոսական անկեղծությունը կ’ունենա լավ ճանչնալու ինքզինքը, իր իրական բնությունը, իր հոգիին ծալքերը, իր ձգտումները, մեկ խոսքով՝ իր բովանդակ «եսը», եւ կը զարգացնե, կը մշակե իր այդ «եսի» ուժերը դեպի բարոյականմշակութային ու իր հավաքականության բարիքին տանող գործածություն մը տալով անոնց: Որովհետեւ չմոռցվի, որ ամեն բնական հակում բարոյական գծի մը վրա կարելի է բերել ու դարձնել զայն իրական ուժ»:
Եվ վերստին Վազգեն Առաջինը կարեւորում է անձնավորության գործունեության մեջ անհատականի եւ հանրայինի ներդաշնակության ապահովումը, քանզի նա ունակ է «հավաքականը եսականացնելու», գիտակցաբար ագուցելու անձնական ու հանրային շահերը. «…. Անձնավորությունը հնարավոր կ’ըլլա միայն իր հարազատ հավաքականության մեջ. ան կը նույնանա հավաքականության հետ. ան կը նույնանա հավաքականության ապրումներու հետ ու իր «եսը» գիտակցորեն կը ցոլացնի, կը մարմնացնե բյուրեղացած ու համադրական ձեւով, ամբողջ այդ հավաքականության գիտակցությունը, հույզերն ու կամեցողությունը»:
Եթե հասկանում ենք այս առնչությունը, ապա մեզ համար (հեղինակի մատուցմամբ) պարզվում է նաեւ շիտակ արվեստագետի ստեղծագործության ազգային պատկանելիության հիմքերի հիմքը. «Ահա՛ գաղտնիքը նաեւ այն իրողության, որ մեծ արվեստագետներու գործին մեջ կենդանի կերպով ներկա են այն հավաքականությունները, որոնց ծոցեն ծնած են իրենք: Եվ ասիկա՝ անկախ արվեստագետին կամքեն եւ, հաճախ նույնիսկ, իր կամքին հակառակ…. Ահա՛ թե ինչու կ’ըսվի, թե արվեստի գլուխգործոցները անհրաժեշտորեն ազգային են»:
Ինքնակերտումի հակված մարդն անձնավորություն է դառնում շնորհիվ բուն այդ հակվածության եւ համապատասխան ջանքերի (դա է էականը, իսկ տաղանդն արդեն մարդուն բացառիկ անձնավորություն է դարձնում): Այսկերպ՝ եւս մի «գաղտնիքի» բացահայտում. «Եթե մեծ արվեստագետը, մեծ գիտնականը, մեծ կրոնական դեմքը կամ մեծ փիլիսոփան ու մեծ քաղաքագետը անձնավորություններ կը դառնան իրենց հանճարի ու ստեղծագործ intuintionի ուղիով, շնորհիվ, բայց, մանավանդ, գիտակցութենեն անդին գտնվող ուժերու մղումով, ինչ որ բացառիկ պարագաներ են ու մարդկային բացառիկ տիպարներ՝ կազմված հոգեկան բարձր համադրություններու բլանի վրա, որոնց գաղտնիքը, գուցե, մարդկությունը երբեք պիտի չկարենա գտնել, մարդկանց ստվար մեծամասնությունը, սակայն, անձնավորություններ կրնան դառնալ իրենց նկարագրով, իրենց ինքնակերտումի բարոյական ճիգով»:
Մի ամփոփիչ միտք Վազգեն Առաջինից, որ պսակում է նրա սոցիալփիլիսոփայական հայեցակարգի ամբողջ պաթոսը. «Ավելորդ է ըսել, թե ի՛նչ մեծ կարեւորություն ունի ժողովուրդի մը կյանքին համար նկարագրի կազմությունը, այն բարոյական, անհատական ու հավաքական առաքինություններու մշակումը, որ ազգին կու տա ոչ թե «անհատներ», այլ «անձնավորություններ»»:
Ահավասիկ հայոց մեծերից մեկի պատգամը մեզ՝ յուրատեսակ գործնական կենսափիլիսոփայություն, հայոց հավաքական զորությունը մեծացնելու վարքականոն, մարդկային վաղանցիկ կյանքը արժանապատվորեն ապրելու իմաստուն մի ուղեցույց:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
փ.գ.դ., պրոֆեսոր