«Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չմտնէք. հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»
Ինչպես եւ Աստվածաշնչի բազմաթիվ այլ մարգարեություններ, այն կոչված չէ առաջիկա աղետներից առաջ վախ ներշնչելու, այլ հիշեցնելու ավելի ուշիմ ու ուշադիր լինելու անհրաժեշտության մասին։ Նախ եւ առաջ՝ սեփական անձի նկատմամբ։ Ինչպես Պողոս առաքյալն է հուշում Կորնթացիների առաջին թղթում, ինձ ամեն ինչ է թույլատրելի, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է.
«Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ես չպիտի մի բանի իշխանութեան տակ լինիմ»։ Ա Կորնթացիս 6։12
Օգտակար չէ, ավելին՝ շատ վնասակար է այն ամենը, ինչը մեր ուշադրությունը շեղում է Քրիստոսից, ինչը մեզ դրդում է հրաժարվել ավետարանական ճշմարտություններից, ինչը մարդուն դարձնում է ավելի ու ավելի անմարդկային։ Եվ դրանք կարող են լինել ամենատարբեր բաներ, երեւույթներ։ Հնարավոր է դրա համար Հայտնության հեղինակը չի հստակեցրել, թե ինչ են երեք վեցերը։ Մենք պետք է ինքներս հետեւենք Քրիստոսի կոչին.
«Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չմտնէք. հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»։ Մատթեոս 26։41
Հովհաննես Ավետարանիչի Հայտնության գիրքը միակն է Աստվածաշնչում, որը չի ընթերցվում պատարագների ժամանակ։ Թե ինչո՞ւ է այդպես, միանշանակ պատասխան չկա։ Կան ենթադրություններ, որոնցից մեկի համաձայն՝ դա արվում է այն պատճառով, որ շատ բարդ է մեկնություններ տալ այդ գրքին, եւ Եկեղեցին չի ցանկանում ավելորդ գայթակղություն մտցնել հավատացյալների մեջ։ Սակայն պատարագների ժամանակ հնչող ավետարանական ընթերցումների մեջ կա մի հատված Թեսալոնիկացիներին ուղղված երկրորդ թղթից, որտեղ, թեկուզեւ այլ բառերով, խոսվում է նույն իրողության մասին.
«Մէկը չխաբէ ձեզ ոչ մի կերպով, որովհետեւ նա չի գալ, եթէ առաջ չգայ ապստամբութիւնը, եւ յայտնուի անօրէնութեան մարդը՝ կորուստի որդին: Այն հակառակորդը, որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած կամ Աստուծոյ պաշտօնեայ է անուանուած. մինչեւ որ նա Աստուծոյ տաճարի մէջ (իբրեւ Աստուած) նստի, եւ իր անձը ցոյց տայ, թէ Աստուած է»։ Բ Թեսաղոնիկեցիս 2։3-4
«Որովհետեւ անօրէնութեան խորհուրդը արդէն զօրանում է. միայն թէ մինչեւ որ մէջ-տեղիցը վեր առնուի այժմ խափանողը։ Եւ այն ժամանակ կյայտնուի այն անօրէնը, որին Տէրը կսատակեցնէ իր բերանի հոգովը, եւ կխափանէ իր գալստեան յայտնութիւնովը։ Որի գալը սատանայի ներգործութիւնիցն է, ամեն զօրութիւնով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով: Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ. փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չընդունեցին, որ ապրեն, եւ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կուղարկէ նորանց, որ հաւատան ստութեան: Որ դատապարտուին ամենը, որ չհաւատացին ճշմարտութեանը, բայց հաւանեցին անօրէնութեանը։ Իսկ մենք պարտ ենք ամեն ժամանակ Աստուածանից շնորհակալ լինել ձեզ համար, Տէրիցը սիրուած եղբարք, որ Աստուած սկզբիցն ընտրեց ձեզ փրկութեան համար Հոգու սրբութեան եւ ճշմարիտ հաւատքի մէջ: Որի մէջ կանչեց ձեզ մեր Աւետարանովը մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար»: Բ Թեսաղոնիկեցիս 2։7-13
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ