Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Երբ Հալեի հին եկեղեցիներից մեկում սկսելու էինք համերգը…»

Իսկ ինչպե՞ս են գործերը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում

Մայիսի 25, 2022
Հոգեւոր
«Երբ Հալեի հին եկեղեցիներից մեկում սկսելու էինք համերգը…»
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
676
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբեմն հանդիպում ես մարդկանց, որոնցից բաժանվելուց հետո աշխարհն ավելի լուսավոր ու անխռով է թվում, մարդիկ՝ ավելի բարի ու անչար, շրջապատը՝ ավելի գեղեցիկ, ներաշխարհդ՝ նորոգ ու չգիտես էլ՝ ինչով, բայց հարստացած… Ես այս զգացողություններն ունեցա՝ հյուրընկալվելով մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր տեսուչ եւ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին:

-Սրբազան, նախ պիտի խնդրեմ խոսեք Ձեր, Ձեր անցած ճանապարհի մասին,- այսպես սկսվեց մեր զրույցն ուսումնական եզակի այս հաստատության դեկանի հետ՝ յուրօրինակ պատկերասրահ հիշեցնող իր աշխատասենյակում:

-Ծնվել եմ Էջմիածնում, պարզ, սովորական հայ ընտանիքում: Մայրս, հայրս հավատավոր, մաքուր, զուլալ մարդիկ էին, ինչպես բոլորի համար՝ իրենց ծնողները: Դպրոցից հետո ընդունվել եմ հոգեւոր ճեմարան: Այն ժամանակ այսպես էր կոչվում այս կրթօջախը, որովհետեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի շենքը դեռ գործում էր որպես քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի թանգարան: Ընդունվել եմ 1989-ին՝ Վազգեն Ա Վեհափառի ժամանակ, ավարտել եմ 1994-ին, ձեռնադրվել սարկավագ, մեկ տարի հետո՝ հոգեւորական քահանա: Ավարտելուց հետո եկեղեցական երաժշտություն եմ դասավանդել հոգեւոր ճեմարանում: Ասեմ, որ շատ հետաքրքիր՝ հոգեւոր երաժշտության, մշակութային զարթոնքի տարիներ էին: Որքան հիշում եմ, 1997 թ. ՀՀ մշակույթի նախարարության եւ գերմանական Սաքսոնիա երկրամասի նույնանուն նախարարության միջեւ պայմանագիր եղավ, որ գերմանական պետական կրթաթոշակով Հայաստանից երկու ուսանող կարող են մեկնել Գերմանիա՝ հոգեւոր երաժշտության բարձրագույն դպրոցում սովորելու: Այդ պայմանագիրը երջանկահիշատակ Ստեփան Լուսիկյանի՝ այն ժամանակվա մեր մշակույթի փոխնախարարի ջանքերի արդյունք էր: Եվ եղավ ընտրություն՝ մեկը՝ կոնսերվատորիայից, մյուսն ինձ բախտ վիճակվեց: Մեկնեցինք Հալե քաղաք, ընդունվեցինք Ավետարանական եկեղեցական երաժշտության բարձրագույն դպրոց, որը գործում է նաեւ այսօր: Ուսանելուց հետո ջանացի յուրացնել նաեւ գերմաներենը՝  հաճախելով հատուկ, ամենօրյա դպրոց: Այնուհետ ուզեցի խորանալ կանոնական իրավունքի մեջ եւ դիմեցի Մարտին Լյութերի անվան համալսարան՝ ընդունվելով իրավագիտության ֆակուլտետ, մեկ տարի սովորեցի« Պետություն եւ եկեղեցի» բաժնում, բայց, քանի որ ավետարանական համալսարան էր (կանոնական իրավունքը եկեղեցական իրավունքն է՝ միայն մեկ տարվա կուրսով), ստիպված եղա տեղափոխվել Մյուստեռ Վեստֆալենի՝ Կայզեր Վիլհելմի կաթոլիկ համալսարան, որի աստվածաբանության ֆակուլտետում գործում էր կանոնական իրավունքի ինստիտուտ. այստեղ պատրաստում են եկեղեցական դատավորներ, փաստաբաններ, որոնք կարող են կաթոլիկ եկեղեցու դատարաններում քննել ամուսնա-իրավական եւ ամենատարբեր հարցեր: Ինչեւէ, շատ հետաքրքիր շրջան էր ուսումնառության իմ այդ փուլը: Երախտագիտությամբ եմ հիշում իմ դասախոսներից պրոֆեսոր Գոլցին, ով շատ հայասեր մարդ էր եւ Հալեում հիմնեց «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, որտեղ բազմաթիվ կարեւոր եւ հիշարժան միջոցառումներ կազմակերպվեցին: Այժմ համապատասխան կադրերի բացակայության պատճառով կենտրոնը, ցավոք, միացել է արեւելագիտության ինստիտուտին:

Անպայման ուզում եմ հիշատակել, որ այնտեղ իմ գերմանացի ընկերների հետ հաճախ համերգներ էինք տալիս, կազմակերպում հայ-գերմանական եկեղեցական երաժշտության երեկոներ՝ ընդգրկելով Բախի, Շուբերտի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի գործերից: Լսել էի, որ Հալեում հայեր կան՝ Հայաստանից եկած, այսպես կոչված, ծպտյալ հայեր, եւ որոշեցինք հայտնաբերել: Կազմակերպեցինք հայ-գերմանական հոգեւոր երաժշտության երեկո՝ տարածելով հայտարարություններ: Երբ Հալեի հին եկեղեցիներից մեկում արդեն սկսելու էինք համերգը, վերեւից նայեցի՝ տեսնեմ ողջ սրահը լցված է հայերով: Ավարտին շփվեցինք, զրուցեցինք մեր հայրենակիցների հետ, հետո կազմեցինք ժամանակավոր վարչություն, եւ օրեր անց հիմք դրվեց սաքսոնահայ համայնքին: Երեսուն հայ ընտանիք կար, օրական մեկին հյուր էի գնում: Բոլորը հայտնվում էին հյուընկալի տանը: Հաջորդ օրը մյուսի հյուրն էի, եւ նորից՝ նույնը. հիմա էլ շուրջբոլորի հայերն այդ տանն էին հավաքվում: Եվ այդպես՝ երեսուն օր շարունակ: Արդյունքում համայնքն ավելի կուռ ու ամբողջական դարձավ, վարչության կանոնադրությունը հաստատվեց, պատարագներ տրվեցին, կատարվեցին ծեսեր, ստեղծվեց Հայտունը, եկեղեցի ունեցան, համայնքն աշխուժացավ: Ասեմ, որ Գերմանիայում ունենք փոքրաթիվ, բայց հայրենանվեր գործարարներ, ովքեր մեծ գործեր են անում՝ հիվանդանոցների վերանորոգում, մանկապարտեզներ, կրթաթոշակներ սովորողների համար… Ինչեւէ: 2004 թ. Վեհափառի հանձնարարությամբ վերադարձա հայրենիք եւ նշանակվեցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ, մեկ տարի հետո՝ աստվածաբանական ֆակուլտետի դեկան: 2006-ին ձեռնադրվեցի եպիսկոպոս: Պաշտպանեցի դոկտորական ատենախոսություն, երեք տարի հետո ստացա պրոֆեսորի կոչում:

-Հետաքրքիր կենսագրություն՝ բարձրակարգ ուսումնառություն, օտար երկրում համայնքի ստեղծում, գիտական կոչումներ, այժմ էլ պատասխանատու պաշտոն: Ուրախ եմ, սրբազան: Այժմ գանք Ձեր ղեկավարած ֆակուլտետին՝ ե՞րբ է ստեղծվել, ո՞ւմ նախաձեռնությամբ, ինչպիսի՞ ծրագրերով է իրականացվում ուսուցումը:

-Ֆակուլտետը բացվել է 1995 թ.՝ երջանկահիշատակ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի ջանքերով՝ շատ պատրաստված, գիտական մտքի մեծ պաշարի տեր մի անհատականություն, որին հասնելու համար մենք դեռ շատ պիտի աճենք: Ի դեպ, պիտի շեշտեմ, որ Երեւանի պետհամալսարանը նախկին Միության երկրներում միակ բուհն է, որն այսօր ունի աստվածաբանության ֆակուլտետ: Դա հաջողացնելը, ինչ խոսք, դժվար է եղել, որովհետեւ խորհրդային մտայնություն ունեցողներ շատ են եղել եւ ամեն ինչ արել են այն չունենալու համար, բայց մեր շատ սիրելի Աճեմյանը կարողացել է: Այս առումով երախտապարտ պիտի լինենք նաեւ այն ժամանակվա իշխանություններին՝ ընդառաջելու համար: Ինքս ֆակուլտետը ղեկավարում եմ 2005 թվականից: Այն ուներ երկու ամբիոն՝ աստվածաբանություն եւ կրոնագիտություն: Ընթացքում բացեցինք նաեւ Հայ եկեղեցու պատմության ամբիոնը: Եղավ երկու ծրագիր՝ աստվածաբանություն եւ եկեղեցաբանություն, որտեղ բակալավրիատի ընդունելություններ էինք անում: Բայց ընթացքում, երբ դպրոցներն անցան աստիճանակարգի, դիմորդների թիվը պակասեց, ստիպված եղանք եկեղեցաբանության բաժինը փակել, սակայն մասնագիտացումը պահպանվեց: Մենք չգնացինք որեւէ մասնագիտության փակման, այլ միավորեցինք եւ կոչեցինք աստվածաբանության եւ Հայ եկեղեցու պատմություն՝ հաշվի առնելով, որ աստվածաբանության ամբիոնը հայ աստվածաբանական մտքի պատմության ամբիոնն է, իսկ եկեղեցու պատմությունը՝ Հայ եկեղեցու պատմությունը: Այս տարվա սեպտեմբերից կունենանք եւս մեկ նոր կրթական ծրագիր՝ կրոնական զբոսաշրջություն: Սրանցից բացի, ունենք նաեւ կրոնագիտության բաժին: Հիմա սպասենք ընդունելություններին, եւ ըստ այդմ կորոշենք մեր անելիքները:

Ինչու նշեցի, որ դժվար է եղել աստվածաբանության ֆակուլտետի բացումը. բանն այն է, որ մեր շրջանավարտները տարբեր խորհուրդներում դժվարություններ էին ունենում: Մեզ համար էլ շատ դժվար էր մասնագիտական խորհուրդ բացելը: Բայց դա էլ ունեցանք, եւ այսօր մեր շրջանավարտները կարողանում են մեզ մոտ պաշտպանել թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ ու ստանալ պատմական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան: Սա ձեռքբերում է, ես կասեի՝ շատ մեծ ձեռքբերում: Ունենք նաեւ պարբերականներ, որոնք մենք ենք հրատարակում:

-Ո՞ւմ, ի՞նչ կառույցների համար են պատրաստվում կադրերը. չէ որ ունենք Գեւորգյան ճեմարան, Սեւանա կղզում՝ Վազգենյան դպրանոցը, որոնք ապահովում են հոգեւոր ծառայությունները:

-ԵՊՀ-ում աստվածաբանության ֆակուլտետ ունենալը երբեք չի խաչվում Գեւորգյան ճեմարանի կամ նշյալ վարժարանի հետ, որովհետեւ սրանք տարբեր հաստատություններ են. նրանցում պատրաստվում են հոգեւոր սպասավորներ, այստեղ՝ աստվածաբան տեսաբաններ: Բայց, ինչպես մեր սիրելի Վեհափառն է միշտ հորդորում, եթե տղաները կամենում են հոգեւորական դառնալ, կարող են աստվածաբանության ֆակուլտետը վերջացնելուց հետո դիմել եւ որոշ ծիսական գործնական կուրսեր անցնելուց հետո անցնել կրոնական ծառայությունների: Մեր շրջանավարտները շատ են հարցնում, թե որտեղ կարող են աշխատել. ամենատարբեր տեղերում, որովհետեւ ստացածը հումանիտար կրթություն է: Բացի կրոնական ոլորտներից, նրանք աշխատանքի են անցնում արտաքին գործերի նախարարությունում, սփյուռքի բաժնում, հյուպատոսարաններում, պետանվտանգությունում: Ունենք այդպիսի բազմաթիվ շրջանավարտներ:

-Վերջում խնդրելու եմ խոսեք, այսպես կոչված, խաչագողությունների մասին, մի բան, որը հարիր չէ հայ մարդու հոգեբանությանը…

-2004 թվականից Գրիգոր Լուսավորիչում եմ իբրեւ հոգեւորական: Եկեղեցու տարածքն ամայի էր, ամռանը՝ անհրապույր ու խանձված: Առաջինը փորձեցինք ոռոգման ցանց ապահովել եւ կանաչապատել շրջապատը: Եվ արեցինք: Այնքան ծառ, ծաղիկ, որ դրեցինք, պիտի որ մի մեծ անտառ գոյացրած լիներ, բայց, ցավոք, մեր հասարակության մեջ եղան մարդիկ, որ պոկոտեցին, գողացան, կողոպտվեցին ծառերն ու վարդերը: Ամեն տարի նորից նույնն արեցինք, բայց՝ անօգուտ: Ես ուզում էի դեպի եկեղեցի տանող աստիճանաուղու երկկողմյա տարածքներն ամբողջ երկարությամբ վարդերի թփերով զարդարել: Եվ զարդարեցինք: Պարզվեց՝ իզուր էր՝ նորից կողոպտվեց: Ասեմ նաեւ վերջինի մասին. մեր սիրելի հայրենակից, հանրահայտ Հրաչյա Պողոսյանի ջանքերով կաթնաղբյուր կառուցվեց, որը երջանկահիշատակ, տաղանդավոր ճարտարապետ Ստեփան Քյուքչյանի նախագծով էր արված: Բարերարի ցանկությունն էր, որ կաթնաղբյուրը շքեղ լինի, ծորակը լատունից լինի, ջուրը բխի նռան միջից: Այդպես էլ կար: Ցավոք, որերորդ անգամ տեղադրվեց, ու  նորից նռներն էլ հետը գողացան:Փոխարինեցինք՝ անօգուտ: Որպեսզի չգողանան, ելքը մեկն էր՝ անել քարից՝ պահպանելով էսթետիկական տեսքը… Էլ ինչ ասեմ. եղավ այնպես, որ անգամ արծաթափայլ եղեւնին կտրեցին ու տարան: Սա բարբարոսություն է, մեր ժողովրդին անհարիր արարք, մեր գենին խորթ ու խորշելի: Չէ՞ որ գեղեցկությունը վայելելու համար է եւ ոչ գողության կամ հոշոտելու…

Թեգեր: Անուշավան եպիսկոպոս ԺամկոչյանԵրևանի Պետական ՀամալսարանկրթությունՀայ առաքելական եկեղեցիպրոֆեսոր
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist