ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
Այստեղ եւս Աստված հստակ սահմանազատում է մաքուրն անմաքուրից։ Աշխարհն ամբողջապես եկել է Եփեսացիս գրքի նկարագրած իրավիճակին.
«Արդ սա եմ ասում եւ վկայում Տէրով, որ դուք այլ եւս չգնաք ինչպէս ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունայնութիւնովը։ Որ խաւարուած են մտքով, եւ օտար՝ Աստուծոյ կեանքիցը, այն տգէտութեան պատճառովը որ նորանցում է. իրանց սրտերի կուրութեան համար։ Որ անզգայացած՝ իրանց անձերը մատնեցին անառակութեան ամեն պղծութեան գործերի մէջ ագահութիւնովը»։ Եփեսացիս 4։17-19
Այսպիսի անբարոյական մտածողությունը դրսեւորվում է տարբեր կերպ. ե՛ւ բացահայտ, ե՛ւ քողարկված ձեւերով։ Դրա համար քրիստոնյաները պետք է արթուն ու զգոն լինեն։ Նրանք, ովքեր սիրում են Աստծուն, գիտեն, որ մարմնավաճառությունը, այլ կողմնորոշում ունենալը, անբարոյական վարվելակերպը խախտում են Աստծո բարոյական մաքրության նորմերը։ Սակայն զվարճությունների ու նորաձեւությունների աշխարհում այդպիսի վարվելակերպը համարվում է սովորական մի բան։ Քրիստոնյաները պետք է զգուշանան նման անբարոյականություններից։ Աշխարհիկ մտածողությունը ոչ միայն կարող է ծնել անմաքուր մտքեր, այլեւ դրանք բորբոքել այլոց մեջ։ Նման իրավիճակներում քրիստոնյաները պետք է ձգտեն դրսեւորել «վերին իմաստություն».
«Բայց վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, անկեղծ»։ Հակոբոս 3։17
ՄՏՔԵՐԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
Մարդկային ուղեղի «թաքստոցներում» չպետք է բույն դնեն անմաքուր մտքերը։ Հիսուս Քրիստոսը զգուշացնում էր նման տեսակի մտածողություններից.
«Շնութիւն մի անիր։ Բայց ես ասում եմ ձեզ, թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ»։ Մատթեոս 5։28
«Եւ ասում էր, թէ Մարդիցը դուրս եկողն է պղծում մարդին։ Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնութիւններ, պոռնկութիւններ, սպանութիւններ, գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, պիղծ ցանկութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։ Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, եւ մարդին պղծում»։ Մարկոս 7։20-23
Քրիստոնյաներին չի կարելի խելքը պղտորել անմաքուր մտքերով, որոնք դրդում են անմաքուր, անաստված արտահայտությունների ու արարմունքների.
«Իժերի զաւակներ, դուք ինչպե՞ս կարող էք բարի խօսել՝ որ չար էք. որովհետեւ սրտի աւելացածիցը կխօսի բերանը»։ Մատթեոս 12։34
«Բայց բերանիցը դուրս եկող բաները սրտիցն են դուրս գալիս, եւ նորանք են մարդին պղծում»։ Մատթեոս 15։18
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ