«Տեսէք թէ Հայրն ինչպիսի սէր շնորհեց մեզ, որ Աստուծոյ որդիք կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ, որ նորան չճանաչեց»
Սողոմոն իմաստունը, Ժողովողի գրքում խորհրդածելով այս աշխարհում կյանքի ունայնության մասին, տալիս է հետեւյալ եզրակացությունը.
«Բոլոր խօսքի վախճանը լսենք.
Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։
Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ՝ բարի թէ չար»։ Ժողովող 12։13-14
Սողոմոնն ասում է, որ կյանքի իմաստը մեր մտքերով եւ կյանքով Աստծուն փառաբանելն է, Նրա պատվիրանները կատարելով, որովհետեւ երբեւէ մենք կանգնելու ենք Նրա դատաստանի առաջ։
Դավիթ արքան, ի տարբերություն նրանց, ովքեր կյանքի իմաստը տեսնում են երկրային կյանքում, ձգտում է բավարարել Նրան ապագայում.
«Քո ձեռքովն, ով Տէր, ապրեցրու մարդկանցիցը՝ այս աշխարհքի մարդկանցիցը, որ նորանց բաժինը այս կեանքումն է. եւ լցնում ես նորանց փորը քո գանձերովը, որ նորանց որդիներն էլ կշտացած են, եւ մնացածը թողում են իրանց երեխաներին։
Բայց ես արդարութիւնով կտեսնեմ քո երեսը, եւ երբոր արթնանամ, կկշտանամ քո նմանութիւնովը»։ Սաղմոս 17։14-15
Դավիթի խոսքերի համաձայն՝ լիակատար բավարարվածություն պետք է զգանք այն օրը, երբ կարթնանանք հաջորդ կյանքում՝ տեսնելով Աստծո պատկերը, շփվելով Նրա հետ՝ ունենալով Նրա պատկերը.
«Տեսէք թէ Հայրն ինչպիսի սէր շնորհեց մեզ, որ Աստուծոյ որդիք կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ, որ նորան չճանաչեց։ Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. բայց գիտենք թէ, երբոր նա կյայտնուի, նորան նման կլինենք, որովհետեւ կտեսնենք նորան ինչպէս որ է»։ Ա Հովհաննես 3։1-2
Ասափը սաղմոս 73-ում խոսում է այն մասին, թե ինչպես է ինքը գայթակղվել մեղավորների նախանձով, ովքեր թվում էին անհոգ եւ կառուցում իրենց ճակատագիրը՝ օգտագործելով իրենց իսկ կողմից խաբված մարդկանց։ Բայց հետո նա սկսել է մտահոգվել նրանց վերջի համար։ Այդ ժամանակ, որպես հակակշիռ այն ամենի, ինչ փնտրում էին այդ մարդիկ իրենց կյանքում, նա բերում է իր համար կարեւորություն ունեցող տեսակետը.
«Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կընդունես ինձ։
Ո՞վ ունիմ ես երկնքումը, եւ քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վերայ»։ Սաղմոս 73։24-25
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ