Քրիստոնեության՝ այլ կրոնների համեմատ առանձնահատկությունն այն է, որ կրոնների մեծ մասը քարոզում են մարդկանց մասին, ովքեր փորձել են հասնել աստվածային կատարելության իրենց կատարած գործերի միջոցով։
Քրիստոնեությունը, ընդհակառակը, խոսում է Աստծո մասին, ով այնքան սիրեց աշխարհը, որ Իրեն զոհաբերեց հանուն մարդկության փրկության՝ զոհողության տանելով Իր Միակ Որդուն։
Սուրբ Գրի համաձայն` Հիսուսը միակ ճանապարհն է, ում շնորհիվ մենք կարող ենք մոտենալ Աստծուն։ Այլ ճանապարհ գոյություն չունի։
Դուք կարող եք վարել պարկեշտ կյանք, կատարել բազմաթիվ բարի գործեր, սակայն այդ ամենը ձեզ չի մոտեցնի Աստծուն։ Չնայած ձեր պարկեշտությանն ու բարությանը, մեղքը, այնուամենայնիվ, իշխում է ձեր սրտում եւ գիտակցության մեջ։
Առանց Հիսուս Քրիստոսի դուք ի վիճակի չեք արդարացնել ինքներդ ձեզ կամ վերականգնել փոխհարաբերություններն Աստծո հետ։ Դուք պետք է խոստովանեք, որ մեղքերի մեջ եք եւ կարիքն ունեք Հիսուսի զոհաբերության։
«Յիսուսը նորանց ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։ Եթե ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կգիտենայիք. եւ սորանից յետոյ կգիտենաք նորան եւ տեսաք նորան»։ Հովհաննես 14։6-7
«Եւ էլ մի ուրիշ ոչ մէկով փրկութիւն չկայ. որովհետեւ ուրիշ անուն էլ չկայ երկնքի ներքեւ մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ»։ Գործք Առաքելոց 4։12
«Այսինքն Աստուծոյ արդարութիւնը, որ Յիսուս Քրիստոսի հաւատքիցն է, այն ամենի համար եւ ամենի վերայ, որ հաւատում են. որովհետեւ խտրութիւն չկայ։ Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են»: Հռովմեացիս 3։22-23
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ