Հիսուսի երկրորդ գալուստը վերջնականապես կորոշի երբեւէ ապրած յուրաքանչյուր մարդու բաժինը։ Դրա համար Աստված Ինքն է հոգացել, որ Նրա մարգարեական խոսքը կանթեղի նման լուսավորի մթության մեջ.
«Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք, որ եթէ նորան մտիկ անէք, լաւ կանէք, ինչպէս մի ճրագի, որ լոյս է տալիս մութ տեղը, մինչեւ որ ցերեկը լուսանայ, եւ լուսաբերը ծագի ձեր սրտերումը»։ Բ Պետրոս 1։19
Դանիել մարգարեի գիրքը տարբերվում է Աստվածաշնչի մյուս մարգարեական գրքերից նրանով, որ այնտեղ տրվում է համաշխարհային պատմության հիմնական իրադարձությունների հաջորդական շարադրանքը, ընդհուպ մինչեւ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Այստեղ ներկայացված է համաշխարհային գերտերությունների պատմական բեմահարթակ դուրս գալու հաջորդականությունը, սկսած Նոր Բաբելոնյան թագավորությունից։
Հին Արեւելքը էստաֆետը փոխանցում է Հունա-հռոմեական աշխարհին, այն իր հերթին փոխանցում է համաեվրոպական զարգացումներին, որն էլ ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության օրրանն էր։ Բացի մշակութային շարունակականությունից, նույն հունի մեջ կարող ենք տեսնել նաեւ համաշխարհային կրոնների պատմությունը. նախ՝ Հինուխտյան հուդայականության, այնուհետեւ՝ Նորուխտյան քրիստոնեական Եկեղեցու, ինչպես նաեւ իսլամի։ Այդպիսով՝ համաշխարհային պատմության այդ հունը համընկնում է եկեղեցական պատմության հիմնական հունի հետ։
Աստվածաշունչը նկարագրում է պատմության ելակետային սկիզբը եւ վերջնական նպատակը։ Դրա համար յուրաքանչյուր առանձին ժամանակաշրջան պետք է դիտարկվի որպես մեկ միասնական նպատակամղված շարժման մաս։
Մարգարեությունները նկարագրում են, թե ինչպես պետք է ընթանան իրադարձությունները, մինչդեռ Աստվածային Պատգամը բացատրում է, թե իրադարձություններն ինչու ստացան այդպիսի բնույթ։ Մարգարեական պատմությունն իր առաջադիմության մեջ առ Աստծո Արքայություն Աստվածային Պատգամի սկզբունքների հաջորդական զարգացումն է Աստծո եւ մարդու միջեւ։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ