«Եւ առաջին կենդանին առիւծի նման էր, եւ երկրորդ կենդանին՝ զուարակի նման, եւ երրորդ կենդանին մարդի նման երես ունէր, եւ չորրորդ կենդանին՝ թռչող արծուի նման»։ Հայտնություն 4։7
Այս չորս կենդանիների մասին տարբեր վարկածներ են շրջանառվում։ Հաճախ այս կենդանիների կերպարները պատկերված են չորս ավետարանիչների սրբապատկերներում. մարդու երեսովը Մատթեոսն է, զվարակովը՝ Ղուկասը, առյուծը՝ Մարկոսը, եւ արծիվը՝ Հովհաննեսը։
Սակայն պետք է նշել, որ Հայտնության գիրքը գրելուց դեռ յոթ հարյուր տարի առաջ Եզեկիել մարգարեն նկարագրել էր նմանօրինակ կերպարների։ Եզեկիելը դեռ երեսուն տարեկան երիտասարդ էր, երբ Աստված նրան բացեց Իր արարման եւ աշխարհի ապագայի խորհուրդները։
«Եւ նորա միջիցը չորս կենդանիների նմանութիւնք. եւ նորանց երեւոյթը սա էր. նորանց կերպարանքը մարդի նմանութիւն ունէին։ Եւ չորս երես ունէր ամեն մէկը։ Եւ նորանց ոտների թաթը զուարակի ոտների թաթին նման, եւ փայլում էին թեթեւ պղնձի կերպարանքի պէս։ Եւ մարդի ձեռներ կային նորանց թեւերի տակին նորանց չորս քառակողմներին. եւ չորսն էլ երեսներ ու թեւեր ունէին։ Մէկի թեւերը կպած էին միւսինին. շուռ չէին տալիս երբոր նորանք գնում էին. ամեն մէկը ուղիղ իր դիմացն էր գնում։ Եւ նորանց երեսների նմանութիւնը մարդի երես էր, եւ առիւծի երես աջ կողմից այն չորսի համար, եւ եզի երես ձախ կողմից այն չորսի համար. եւ չորսն էլ արծիւի երես ունէին»։ Եզեկիել 1։5-10
Կա տեսակետ, որ այս չորս կենդանիները խորհրդանշում են չորս ավետարանները եւ աշխարհի չորս տարերքները։ Դրախտը ողողում են չորս գետեր։ Չորս ավետարանները ողողում, լվանում են մեր հոգիները՝ դրանք պահպանելով դրախտային երանելի վիճակում։
Վերլուծելով խորհրդանիշները՝ կարող ենք ասել, որ այնտեղ կա մարդու կերպար, մարդկային դեմք, այնտեղ կա թռչուն՝ արծիվ, որն անթարթ հայացք է արեւին, լույսին, որն ամենաբարձրն է թռչում, այստեղ կա առյուծի կերպարն, որը արքայական, թագավորական արժանապատվության խորհրդանիշն է եւ զվարակը, որը խորհրդանշում է զոհաբերությունը։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ