Տյառնընդառաջի տոնին եւ Նվիրյալ կյանքի համաշխարհային օրվա առթիվ մատուցված սուրբ պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը եւ Ռաֆայել Պետրոս ԻԱ կաթողիկոս պատրիարքը գոհության սուրբ խորհրդի փոխանակումով հաստատեցին եկեղեցական ամբողջական հաղորդությունը իրար միջեւ։ Այս լիիրավ հաղորդության գրավոր տարբերակը ստորագրված էր Նորին սրբության կողմից՝ 2021 թ. սեպտեմբերի 23 կոնդակով, որի մեջ հաստատվում է Հռոմի եկեղեցու եւ Հայ կաթողիկե նորընտրյալ կաթողիկոս պատրիարքի եւ նրա նախագահած նվիրապետության ու նրա ժողովրդի միջեւ սուրբ հաղորդությունը, որը Հռոմի եպիսկոպոսը գլխավորում է սիրո մեջ։
Հիշեցնենք, որ եկեղեցական ավանդության համաձայն, նորընտիր կաթողիկոս պատրիարքն իր ընտրության օրը քահանայապետին ներկայացրել է «Եկեղեցական հաղորդություն» շնորհելու խնդրանք։ Ավանդությունը նախատեսում է, որ եկեղեցական հաղորդությունը իր գագաթնակետին է հասնում սուրբ պատարագի հրապարակային արարողությամբ, որին մասնակցում են Սրբազան քահանայապետն ու կաթողիկոս պատրիարքը կամ քահանայապետի նշանակած պատվիրակը։
Արդարեւ, խորանի վրա քահանայապետի մոտ նորընտիր պատրիարքի ներկայությունը, Նվիրյալ կյանքի ժողովի կառավարիչ եւ Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ կարդինալների հետ միասին, արտահայտությունն է նաեւ արեւմտյան ոճով եւ արեւելյան ավանդությամբ զանազանված նվիրյալ կյանքերի միասնական վկայության։
Սուրբ զոհի ընթացքում կատարվեցին որոշ ծիսական գործողություններ, որոնք խորհրդանշում են եկեղեցական հաղորդության իմաստը. Նորին սրբությունը Հիսուսի Մարմինը վեր բարձրացնելուց հետո՝ այսինքն սուրբ հաղորդությունը կրող պնակը մատուցեց պատրիարքին, եւ երկուսը միասին, չորս ձեռքերով բարձրացրեցին այն, ապա դրեցին խորանի վրա եւ նույնը արեցին Հիսուսի Արյունը խորհրդանշող գինու բաժակով, այնուհետեւ քահանայապետը պատրիարքին տվեց Հիսուսի Մարմինն ու Արյունը, եւ երկուսը միասին ճաշակեցին։