Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն, որ Քրիստոս Յիսուսումն է»
Պողոս առաքյալի աշակերտ Տիմոթեոսը ի վերուստ մեծ շնորհ էր ստացել՝ ունենալու քրիստոնյա տատիկ եւ մայր, ովքեր անկեղծ հավատք ունեին եւ նրան մանկուց ուսուցանել էին Սուրբ Գրքի գրվածքները։ Դրանով նրանք մեծապես նպաստել են Տիմոթեոսի բնավորության ու խառնվածքի ձեւավորմանը եւ աճին՝ որպես Աստծո զավակ։
Այնուհետեւ Տիմոթեոսը հանդիպում է Պողոս առաքյալի եւ բոլոր ժամանակների այս մեծ առաքյալի հետ զգալի ծառայություն է մատուցել, ներդրում է ունեցել Ավետարանում։
Ահա թե ինչ պատվիրան-կտակ է թողել Պողոս առաքյալը Տիմոթեոսին՝ մինչ երկրային կյանքին հրաժեշտ տալը.
«Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր. եւ գիտենալով թէ ումից սովորեցիր: Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն, որ Քրիստոս Յիսուսումն է: Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար: Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած»։ Բ ԹՈՒՂԹ ԱՌ ՏԻՄՈԹԵՈՍ 3։14-17
Միայն Սուրբ Գրքի ամենօրյա հետազոտությունը եւ, հետեւաբար, ուսմունքին հետեւելը կարող են մեզ դարձնել Աստվածահաճ մարդ կատարյալ, այսինքն՝ ամեն տեսակ բարի գործերի համար նախապատրաստված։ Ոչ երանի Աստծո այն ծառաներին, ովքեր չեն գնահատում Սուրբ Գրքի ամենօրյա լրջագույն ուսումնասիրումը։
Հավատացյալը, բացի վերը նշված դրդապատճառներից, պարտավոր է Աստվածաշունչն ընթերցել Ա-Ֆ, այսինքն Ծննդոց Գրքից մինչեւ Հայտնության Գիրքը։ Չէ՞ որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է։
Ամենահասարակը՝ դու չես կարող հասկանալ մարդկության պատմությունն ու մշակույթը, եթե չես ընթերցել Աստվածաշունչը եւ չգիտես Սուրբ Գրքի բովանդակությունը։ Եթե անգամ այցելեք աշխարհի լավագույն թանգարանները, դուք շատ քիչ բան կհասկանաք գեղանկարների ու քանդակների գլուխգործոցներից, եթե տեղյակ չեք Աստվածաշնչի բովանդակությանը։
Եվ քանի որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է՝ գրված Աստծո մարդկանց կողմից, առաքյալների, մարգարեների կողմից, ովքեր ոգեշնչվել են Հոգով Աստծո, մշտապես Աստվածաշունչը ընթերցելուց առաջ, ինչը պետք է անես ամեն օր, աղոթիր Երկնային Հորը եւ խնդրիր, որպեսզի Նա Սուրբ Հոգով առաջնորդի քեզ՝ հասկանալու այդ սուրբ գիրքը, որպեսզի կարողանաս այն կիրառել քո կյանքում եւ ճշմարտապես, եւ անփոփոխ փոխանցել ուրիշներին։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ