Մենք երբեմն թույլ ենք տալիս մի բացթողում. կարդում ենք Գրերի Գիրքն ու շտապում կատարել այնտեղ գրվածները։ Մենք մոռանում ենք կարեւորագույն օղակի՝ աղոթքային մտորումների մասին։ Սուրբ Գրքի ընթերցանությունը եւ նույնիսկ նրա ճիշտ ընկալումը դեռեւս «արմատակալում» չեն։ Հարկավոր է մտածել։ Խորքային։ Այնպես, որ մոտենանք Աստծուն։ Որ ներազդի մեր կամքի եւ հույզերի վրա։
«Լաւ է Տիրոջը յուսալ, քան թէ մարդկանց ապաւինել։
Լաւ է Տիրոջը յուսալ, քան թէ իշխաններին ապաւինել։
Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։
Ամեն կողմով պատեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։
Պատեցին ինձ ինչպէս մեղուներ. հանգեցան ինչպէս փուշերի կրակ, բայց Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։
Զարկելով զարկեցիր ինձ, որ վայր ընկնիմ, բայց Տէրն օգնեց ինձ։
Տէրն իմ զօրութիւնը եւ սաղմոսն է. նա եղաւ ինձ համար փրկութիւն։
Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների բնակարաններում։
Տիրոջ աջը բարձր է, Տիրոջ աջը զօրութիւն է գործում»։ Սաղմոս 118։8-16
Դավիթի համար արդար կյանքը ոչ միայն հետեւելն էր Օրենքի ցուցումներին, այլեւ արդյունք Աստծո հետ մտերիմ շփումների, Աստծո ծարավի եւ Նրա Խոսքի մեջ լինելու։
Հարկավոր է արմատակալել նաեւ սիրո մեջ։ Աստծո սիրո գիտակցումը եւ այդ սիրո հանդեպ աներկբա հավատը միակ միջոցն են ապաքինվելու պարտություններից, ոտքի կանգնելու եւ շարունակելու պայքարը։ Այդ սերը նաեւ մեզ երաշխավորում է Աստծո ներկայությունը, Նրա ուժը, ռեսուրսներն ու օգնությունը։
«Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը: Որ ճանաչէք Քրիստոսի սէրը, որ ամեն գիտութիւնից գերազանց է, որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք»։ Եփեսացիս 3։18-19
Հոգեւոր արմատը ներառում է նաեւ մեր շարժառիթները։ Խոսքից դուրս չլինելը եւ Աստծո հետ անձնական փոխհարաբերությունները ձեւավորում են ճիշտ շարժառիթներ։ Գործերը, որոնք կատարվում են ոչ ճիշտ շարժառիթներով, Աստված չի համարում անկեղծ պտուղներ։
«Արդէ երբոր ողորմութիւն անես, փող մի հնչեցնիր քո առաջին. ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարաններիի մէջ եւ փողոցների մէջ, որ փառաւորուին մարդկանցից. ճշմարիտն ասում եմ ձեզ. նորանք իրանց վարձքն առած են։
…Եւ երբոր աղօթք անես, չլինիս ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք սիրում են ժողովարանների մէջ եւ հրապարակների անկիւններումը կանգնած աղօթք անել, որ մարդկանց երեւան։
…Եւ երբոր ծոմ էք պահում, տրտում մի լինիք ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք իրանց երեսները տխրեցնում են, որ մարդկանց ծոմ պահող երեւան. ճշմարիտն ասում եմ ձեզ՝ քէ նորանք իրանց վարձքն առած են»։ Մատթեոս 5։2, 5,16
Եթե չկա հոգեւոր արմատ, ապա մեր գործերը կհիշեցնեն արհեստական պտուղներ։ Արտաքինից դրանք թվում են լիովին բնական, սակայն դրանց մեջ կյանք չկա։
Հոգեւոր աճի հայեցակարգը վերցված է բուսական աշխարհից։ Պետք է չմոռանանք պարզ ճշմարտությունը, որ ցանկացած պտուղ արմատի արդյունք է։ Այս սկզբունքի շրջանցումը միշտ հանգեցնում է երեսպաշտության եւ հոգեւոր պարտությունների։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ