«Եւ ես տեսայ մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ երկու եղջիւր ունէր գառի նման. բայց խօսում էր վիշապի նման»։ Հայտնություն 13։11
Սա ամբողջովին նյութականացված է. խոսելու է հաշվարկված, տնտեսապես հիմնավորված, կանխատեսումներով… Ամբողջությամբ երկրային, հողեղեն, ո՛չ մի գրամ, ո՛չ մի միլիմետր երկրային ոչինչ չի լինելու։
Ասենք՝ նախագծվում են նոր բնակելի թաղամասեր. մարդու կենցաղային կարիքները բավարարելու համար ամեն ինչ նախատեսում են՝ դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ, վարսավիրանոցներ, սննդի կետեր, տրանսպորտային հանգույցներ ու կանգառներ… բայց չեն նախատեսում եկեղեցի։ Իսկ որտե՞ղ պետք է հաղորդություն, մկրտություն, օրհնություն ստանան այդ նոր թաղամասի բնակիչները։ Կառուցում են հանրակրթական դպրոցներ, բայց Աստծո օրենքներն ուսուցանող դպրոցներ չեն կառուցում։ Այսինքն՝ ամեն ինչ կառուցվում է երկրային հենքի վրա։ Ահա եւ գազան, ում եղջյուրները գառի նման են, բայց ձայնը վիշապի է։ Հովհաննես առաքյալը բացատրում է այս երկրորդ գազանի առաքելությունը.«Եւ այն առաջի գազանի բոլոր իշխանութիւնը բանեցնում էր նորա առաջին. եւ այնպէս էր անում, որ երկիրը եւ նորա վերայ բնակողները երկրպագեն այն առաջի գազանին, որի մահի վէրքը ողջացել էր»։ Հայտնություն 13։12
Եվ որպեսզի երկրպագությունը կատարվի կրոնական ծիսակարգով, այդ երկրորդ գազանը, թեպետ եւ դուրս էր եկել երկրից, ցույց է տալիս վերերկրային հրաշքներ.«Եւ մեծ նշաններ է անում, որ երկնքիցը կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վերայ մարդկանց առաջին։ Եւ մոլորեցնում է երկրի վերայ բնակողներին այն նշաններովը, որ տրուած էին նորա ձեռքը, որ գործէ գազանի առաջին՝ ասելով երկրի բնակողներին, որ պատկեր շինեն այն գազանին, որ սուրի վէրքն ունէր եւ ապրեց»։ Հայտնություն 13:13-14
Հետաքրքիր է, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն հավատում Աստծուն, սակայն հավատում են մոգությունների, հավատում են մութ ուժերին, «պայծառատեսներին», սատանային… Այսինքն՝ նրանք մինչեւ վերջ նյութականացված չեն. նրանք հավատում են գրին, դատավճռին, ճակատագրին, թալիսմաններին, նշաններին… Իսկ երբ մարդուն ասում ես հավատա միակ Աստծուն, չի կարողանում։ Այնպես որ, այսպես կոչված մատերիալիզմն այնքան էլ մատերիալիզացված չէ։ Նրանք հավատում են միստիցիզմի, բայց չեն հավատում լույսի շնորհին։ Նրանք լավ գիտեն բացասականը, սակայն չեն ցանկանում իմանալ դրականը։
Եվ դրա համար ծախսում են նաեւ հսկայական գումարներ։ Ո՞վ է հաշվարկել, թե այսքան տարվա մեջ որքան անիմաստ գումար է ծախսվել Լենինի չորացած, անկենդան դիակը պահելու համար… դամբարանում, որը շրջապատված է եկեղեցիներով եւ հարակից է գերեզմանի։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ