Ինչպե՞ս է լինում, որ չարը կարողանում է իր հպատակներին տալ այն, ինչ նրանք ցանկանում են. խոշոր շահումներ, ֆինանսական վերելքներ, հաղթանակներ ընտրություններում, բժշկություններ, ապագայի կանխատեսումներ… Չպետք է մոռանալ, որ նրանք, թեպետ եւ չար, բայց հրեշտակներ են, նրանցից այդ հանգամանքը ոչ ոք չի վերցրել։ Հրեշտակային ուժը կա, պարզապես ուղղությունն է փոխված։ Բացի այդ, չար խաբեբան ունի հազարամյակների փորձառություն եւ հրաշալի տիրապետում է, թե որ իրավիճակին ինչ կարող է հաջորդել։
«Եւ ստիպում է ամենին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը։ Եւ որ ոչ ով չկարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմ կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը»։ Հայտնություն 13։16-17
Մարդու աջ ձեռքը խորհրդանշում է նրա գործունեությունը, ճակատը՝ նրա խելքը, նրա միտքը։ Չէ՞ որ խաչի կնիքը, այսինքն խաչակնքումն էլ է կատարվում աջ ձեռքով եւ սկսվում է մարդու ճակատից։ Ըստ ամենայնի չարի կնիքը դրվելու է այն մարդկանց աջին ու ճակատին, ովքեր իրենց թե՛ մտքով, թե՛ գործունեությամբ հրաժարվել են Աստծուց, ամենայն աստվածայինից։
Ինչպես այլուր, այստեղ եւս սատանան չի կարող նոր բան հորինել, քանզի զուրկ է երեւակայությունից եւ նմանակում է Աստծուն. «Եւ սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։ Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս. Եւ նորանք կապիր նշանի համար ձեռքիդ վերայ, նորանք ճակատնոց լինեն աչքերիդ մէջտեղում»։ Երկրորդ օրինաց 6։5-8
Չարը գաղտնի չի գալու, մարդու վրա չի ներգործելու քնած կամ թմբիրի մեջ եղած ժամանակ։ Նա մարդուն բերելու է այն մտքին, այն համոզմանը, որ նա ինքն իր կամքով հրաժարվի Աստծուց, որ նա կատարի որոշակի գործողություն՝ իշխանությունից այլ իշխանություն փոխադրվելու։ Եւ մարդը պետք է ապացուցի հավատարմությունը իր գործողություններով, իր գործունեությամբ (ձեռքերով) եւ մտքերով (գլխով, ճակատով), այնուհետեւ, իհարկե, նաեւ խոսքով, վարվեցողությամբ։
«Այստեղ է իմաստութիւնը. ով որ միտք ունի, թող գազանի թիւը համարէ, որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւ վեց է»։ Հայտնություն 13։18
Աստվածաշնչում որեւէ տեղ չկա գրված երեք վեց, կամ նշագրված չէ արաբական թվերով այդ թիվը, քանզի երբ որ Հովհաննես առաքյալը գրում էր Հայտնության գիրքը, չկային արաբական թվանշանները։ Այն ժամանակ, ինչպես եւ հայերենում, թվերն արտահայտվում էին տառերով։ Հայերենում, օրինակ, կլինի այսպես. Ո-600, Կ-60, Զ-6, այսինքն՝ ՈԿԶ։ Նույնը կարող ենք անել հունարեն եւ եբրայերեն այբուբեբով։ Շատ աստվածաբաններ անուններն են վերածել թվերի. օրինակ հունարեն Հիսուսի անվան թվագրման գումարը ստացվել է 888 թիվը։
Նեռի թիվը գրելիս չի եղել երեք նույնանման նշան, եղել են երեք տարբեր տառեր։ Ի՞նչ կնիք է դրվելու մարդկանց աջին կամ ճակատին. դա լինելու է նեռի անունը։ Հին ժամանակներում, երբ տերը վաճառում էր իր ստրուկին, նոր տերը նրա վրայից ջնջում էր հին տիրոջ անունը եւ դաջում ի՛ր անունը։ Այսինքն կնիքը ցուցանելու է տիրոջ անունը, այն անունը, ում պատկանելու են դաջվածները։
Վեցը խորհրդանշում է արարված աշխարհն առանց օրհնության։ Մարդիկ հաճախ ցանկանում են ամեն-ամեն բան, բացի օրհնությունից։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ