Անդրեաս Կեսարացին բացատրում է, որ սա վերջին հունձքն է. դա նրանք են, ովքեր ընդունել են Ավետարանը։ Իսկ նրանք, ովքեր չեն ընդունել Ավետարանը, չեն արձագանքել վերջին կանչին, նրանք այդպես էլ կմնան անկյալ վիճակում։ Մանգաղը կամ գերանդին հավաքում է ցորենը, հավաքվում է նաեւ հարդը։ Այնուհետեւ ցորենը զատվում է հարդից։ Հարդն այրվում է, ցորենը՝ գնում երկնային արքայություն։
Պայքարի պատրաստ հրեշտակները հավաքվում են գահի շուրջը եւ կարծես պատրաստ են մարտնչելու։ Հովհաննես առաքյալը տեսնում է եւս մեկ հրեշտակի, ով ուներ սուր գերանդի, եւ եւս մի հրեշտակ, որ շատ ավելի մարտական է տրամադրված, եւ այս մի հրեշտակին ուղղորդում ու ցուցում է տալիս. «Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ տաճարիցը որ երկնքումն է, որ սա էլ սուր գերանդի ունէր։ Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ սեղանիցը որ իշխանութիւն ունէր կրակի վերայ, եւ մեծ աղաղակով գոչեց՝ սուր գերանդին ունեցողին ասելով. Ուղարկիր քո սուր գերանդին եւ երկրի այգու ողկույզները քաղիր, որովհետեւ նորա խաղողը հասել է։ Եւ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վերայ, եւ երկրի այգու խաղողը քաղեց, եւ գցեց Աստուծոյ բարկութեան մեծ հնձանի մէջ։ Եւ հնձանը կոխուեցաւ քաղաքիցը դուրս, եւ դուրս եկաւ արիւնը հնձանիցը մինչեւ ձիերի սանձքը հազարեւվեց հարիւր ասպարէզի չափ»։ 14։17-19
Խաղողը մշտապես լավ լույսի ներքո է ներկայացված։ Խաղողը Աստծո եկեղեցու կերպարն է։ Եւ եթե խաղողի ողկույզի մեջ հյութ կա, Աստված ասում է՝ ձեռք մի տուր այն, նրա մեջ օրհնություն կա։ Խաղողը այլ բանի ընդունակ չէ, բացի քաղցրություն տալուց, այն կարող է միայն ծառայել Աստծուն: Խաղողի որթատունկը պիտանի չէ ո՛չ շինարարության համար, ո՛չ նավաշինության համար, ո՛չ կահուքի արտադրության համար, այն շատ նուրբ է եւ նախատեսված է միայն բերք տալու համար։ Այն բարի է ու նախատեսված քաղցր բերքի համար։
Եթե գերանդին հնձում է անգամ խաղողի որթատունկերը, նշանակում է երկրի վրայի լավագույն մարդիկ գնում են աստվածային աշխարհ, արպեսզի դառնան Աստծո թագավորության գինին։ Ըստ որոշ աստվածաբանական մեկնաբանների, խաղողի ողկույզը վերջին օրերի քրիստոնյաներն են, որոնցից էլ սկսվելու է Աստծո դատաստանը։ Աստվածաշնչում գրված է, որ Աստծո դատաստանն սկսվելու է Աստծո ժողովրդից։
Կրակի վրա իշխանություն ունեցող հրեշտակը դուրս է գալիս սեղանիցը, այսինքն խորանից, որի տակ բյուրավոր են նահատակների հոգիները, որոնք, ինչպես նախորդ գլուխներում ենք հանդիպել, պահանջում են իրենց արյան վրեժը։ Մեզ մոտ թյուր պատկերացում կա սրբերի ու նահատակների մասին։ Նահատակներն անընդհատ պահանջում են, որպեսզի վերականգնվի արդարությունը։ Աստծո դաստանի օրերի հունձքի մասին է գրել նաեւ Հովել մարգարեն. «Մանգաղը գցեցէք, որովհետեւ հասել է հունձը, եկէք, իջեք, որովհետեւ լցուել է հնձանը. աւազանները յորդում են. որովհետեւ շատ է նորանց չարութիւնը։ Բազմութիւններ, բազմութիւններ Վճռի հովիտումը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Վճռի հովիտումը»։ Հովել 3։13-14
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ