«Ո՞վ է որ քեզանից չվախենայ, ով Տէր, եւ քո անունը չփառաւորէ. որ միայն դու ես սուրբ. վասնզի բոլոր ազգերը կգան եւ քո առաջին երկրպագութիւն կանեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան»։ Հայտնություն 15։4
Տիրոջ իրավունքները Նրա դատելու իրավասություններն են։ Երբ գա ժամանակը դատաստանի, մարդկանց մի մասը, բնականաբար, ողջ է լինելու, սակայն դատաստանի առաջ կանգնելու ենք բոլորս։ Այս առնչությամբ Պողոս առաքյալն ասում է. «Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. Ոչ թէ ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխուինք։ Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կփչուի, եւ մեռելները յարութիւն կառնեն անապականելի, եւ մենք կփոխուինք»։ Ա Կորնթացիս 15։51-52
Մենք կփոխվենք, որպեսզի պատրաստ լինենք հավերժական կյանքին։ Դրախտում հայտնվելու, այնտեղ բնակվելու համար պետք է վերափոխվենք, նախապատրաստվենք, պատրաստվենք դրախտային կյանքին։ Եվ կարծես բոլորը երկրի վրա, ովքեր սպասում էին Նրա գալստյանը, եւ նրանք, ովքեր խնդրում էին Նրան այդ մասին երկնքում, հասնում են այդ օրվան. «Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա բացուեցաւ վկայութեան խորանի տաճարը երկնքումը»։ Հայտնություն 15։5
Մովսեսը երկնային տաճարը, խորանը կառուցեց Աստծո թելադրանքով, որը երկնային տաճարի կրկնօրինակն է։ Սակայն վերջին օրերին, երբ մոտենալու է աշխարհի վերջը, բացվելու է երկնային խորանը։ Եվ հրեշտակները բացահայտ հայտարարելու են հոգեւոր տիեզերքի տարածությունը. «Եւ դուրս եկան տաճարիցը այն եօթը հրեշտակները, որ այն եօթը պատուհասներն ունէին, մաքուր եւ պայծառ կտաւ հագած, եւ ստինքների մօտով ոսկէ գօտիներ կապած»։ Հայտնություն 15։6
Կտավը խորհրդանշում է մաքրությունը, կտավից հագուստ էին կրում Հին ուխտի հոգեւորականները, իսկ ոսկե գոտիով Հովհաննես առաքյալը Հայտնության գրքի սկզբում նկարագրել էր Քրիստոսին։ Գոտեւորումը նաեւ ծառայության նշան է։ Հոգեւորականները, երբ կրում էին երկար սքեմներ, պարտավորված էին գոտեւորել դրանք, որպեսզի ճամփորդելիս կամ բարձունքներ հաղթահարելիս անհարմարություններ չունենան։ Այսօր կտորե տարաբնույթ գոտիներ են կրում նաեւ սարկավագները։ Եվ, ընդհանրապես, սարկավագների արտահագուստը նմանեցված է հրեշտակների հագուստին։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ