Այժմ արդեն գալու է դատաստանի ժամանակը, այն նույն դատաստանի օրը, որին սպասում ենք բոլորս։ Կրակե լիճը ֆիլմերի այն լիճը չէ, որից «հերոսը», ի վերջո, դուրս է գալիս։ Այս լճի մեջ ընկնողն այլեւս չի փրկվում կրակի լեզուներից։ Պատահական չէ, որ այն հաճախ ասոցացվում է Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող տարածքի հետ, որը կոչվում է Գեհեն, որտեղ հեթանոսության շրջանում այրում էին երեխաներին՝ զոհաբերելով կուռքերին։ Հետագայում այս վայրը դարձրել են աղբավայր, որն այրվելով՝ ահավոր գարշահոտություն է տարածում։ Այդ իսկ պատճառով աշխարհի շատ լեզուներում դժոխքն ու գեհենը դարձել են հոմանիշներ։
Կրակե լճի ծծմբային բնույթը պատճառաբանված է այն ժամանակվա համար. որովհետեւ Երուսաղեմի, Հռոմի, Կարթագենի աղբանոցներում, որպեսզի մշտապես կրակը պահվեր, ծծումբ էին այրում։ Սա խորհրդանշում է, որ կրակե լճի կրակները երբեք չեն մարելու եւ ահավոր տանջանքներ են պատճառում։
Նոր Կտակարանում գեհենը հիշատակվում է տասներկու անգամ, եւ ամեն անգամ՝ որպես վերջնական կործանման վայր. «Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ»։ Մատթեոս 10։28
Եւ միայն Հայտնության գրքում է, որ անսպասելիորեն գեհենը նշված է որպես երկրորդ մահվան վայր։ Մարդկության համար հասու է մե՛կ մահը, երկրորդն սպասելի է։ Գեհենային երկրորդ մահով դատապարտվելու են հավերժական կրակի։
Տասնիներորդ գլխում կարծես ավելի շատ ուրախություն ու փառաբանություն կա. «Եւ սորանցից յետոյ լսեցի շատ բազմութեան մեծ ձայնի պէս մի ձայն երկնքումը, որ ասում էր. Ալէլուիա, փրկութիւնը եւ փառքը եւ պատիւը եւ զօրութիւնը մեր Տէր Աստուծուն»։ Հայտնություն 19։1
Կարող է հակասական թվալ, որ երկրի վրա այսքան ավերածություններ, սուգ ու դժբախտություններ, տարերքներ ու մահ տարաժամեր են, իսկ երկնքում ուրախություն է։ Իսկ մի՞թե գրված չէ, որ մեկ մեղավորի զղջալու, ապաշխարելու ժամանակ երկնքում ցնծություն է լինում։ Երկրի վրա ուրախանում են շատ ու շատ բաներից, որոնց նկատմամբ երկնքում բացարձակ անտարբեր են։ Եվ, ընդհակառակը, երկրի վրա շատերը չեն էլ նկատում այն մեկ մեղավորի դարձի գալը, փրկության ճանապարհին կանգնելը…
Այսպիսի մեծ անջրպետ կա երկրային եւ երկնային ուրախությունների միջեւ։
Այն, ինչ ուրախալի է սրբերի համար, ուրախալի չէ մեղավորների համար։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ