Հայտնությունը կամ, ինչպես շատերը սիրում են այն անվանել օտարահունչ բառով, Ապոկալիպսիսը միայն տարերքներն ու պատիժները չեն, այս ուրախությունը նույնպես Ապոկալիպսիս է։ Եվ այն հասնում է իր գագաթնակետին. «Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք նորան, որ եկաւ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։ Եւ տրուեցաւ նորան, որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի (որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութիւնն է)»: Հայտնություն 19։7-8
Ընդհանրապես՝ հարսանիքը, պսակադրությունը Աստծո եւ մարդկանց ամենասուրբ արարողություններից, գործողություններից են։ Չկա ավելի խորհրդավոր բան, քան որ երկուսը դառնում են մեկ։ Այսինքն՝ Աստված պետք է ապրի մարդկանց մեջ, եւ մարդիկ կբնակվեն Աստծո մեջ։ Պսակը ընդհանրապես տիեզերական խորհուրդ է, որով բացատրվում են բազմաթիվ երեւույթներ։ Լինում է միավորում, լինում են գժտություններ, հաշտեցումներ, երեխաներ, համատեղ աղոթքներ… մինչեւ կողք կողքի գերեզմաններ։ Քանի դեռ այս ամենը կա, աշխարհը դեռ կանգուն կմնա։ Երբ այս ամենը վերանա, կլինի այն, ինչ նկարագրված է Հայտնության գրքի միջին գլուխներում։
Պողոս առաքյալն ասում է, որ եկեղեցին Հիսուսի մարմինն է։ Իսկ ովքե՞ր են կազմում եկեղեցին։ Դա այն մարդկանց միավորումն է, ովքեր անկեղծ, հոգով ու սրտով ձգտում են քրիստոնեական ճշմարիտ կյանքի։ Ձգտում են ապրել ըստ պատվիրանների, երբ խախտում են դրանք, անկեղծ զղջում են, ընկնելուց անպայման բարձրանում են։ Այսպես են դառնում եկեղեցու անդամ եւ մաս կազմում Քրիստոսի մարմնի։ Սակայն եկեղեցին ապրում է Աստծո Հոգով։ Եվ եկեղեցու անդամներն են, որ մաքրվելով ստանում են Սուրբ Հոգու շնորհները։ Յուրաքանչյուր մարդ այնքանով է դառնում եկեղեցու անդամ, որքանով որ նա ձգտում է ճշմարտության, բարության, ճշմարիտ հավատքի։
Եկեղեցին կարող ենք համեմատել խճանկարային սրբապատկերի հետ։ Ամեն մասնիկի վրա գրված է մեկ սրբված անուն… եւ այն կդառնա հարս եկեղեցու հրաշալի, գեղեցիկ դիմագիծ։ Գառի հարսը բաղկացած է բազմաթիվ հոգիներից, բազում տանջանքներից, ծով արցունքներից… սա է եկեղեցու միասնական դիմագիծը։ Եթե կուզեք, մեր հոգիները նաեւ հոգեբանություն է, որը փնտրում է երկնային Փեսային։
«… Որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի».- բեհեզը շատ նուրբ, ճերմակ, բարդ կառուցվածքով կտոր է, որից պատրաստված հագուստը ժամանակին կրել են առաջին հոգեւորականները եւ արքաները։ Ինչպես եւ կտավատե գործվածքը, բեհեզը համարվում է մաքրության խորհրդանիշ։
Մատթեոս առաքյալն ասում է, թե Աստծուն կարող են տեսնել սրտով մաքուրները. «Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կտեսնեն»։ Մատթեոս 5։8
«…(Որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութիւնն է)».- Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…
Ճերմակ բեհեզից հագուստը բարձրացնում է մեր ողորմած ու բարեհոգի լինելու աստիճանը, որովհետեւ առանց Աստծո հայտնության չենք կարող գնահատել ոչ մեր անկումները, ոչ մեր վերելքները։ Մեզ, մեր կատարած բարությունները թվում են մանրուքներ, իսկ մեղքերը՝ հսկա բեռ են… կամ՝ հակառակը՝ գոռոզ, հպարտ մարդու համար։
Ճերմակ, բեհեզե հագուստը փառաբանության հագուստն է, որ հագնում է եկեղեցին։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ