Ղրղզա-տաջիկական սահմանին լարվածության հերթական բռնկումը հաջողվել է հարթել խաղաղությամբ: Տարաձայնությունների պատճառն Օշիի մարզի վիճելի տարածքում տաջիկ սահմանապահների կողմից դրված կոնտեյներն էր: Շտապ իրադարձությունների վայր են ժամանել երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները՝ Քամչիբեկ Տաշիեւը եւ Սայմումին Յաթիմովը: Բանակցությունների արդյունքում ուժայիններն արձանագրություն են ստորագրել՝ պայմանավորվելով զորքերը 3 կմ հետ քաշել իրենց երկրների խորքը:
Հունիսի 4-ին ղրղզական ուժայինները վեր են հանվել տագնապով, որ Տաջիկստանը խախտել է Ղրղզստանի հետ պետական սահմանը: «Տաջիկ սահմանապահները սահմանի չնկարագրված հատվածում գիշերը կոնտեյներ են տեղադրել Ղրղզստանի տարածքի խորքում՝ մինչեւ 1000 մ»,- հաղորդել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը: Գերատեսչությունում նշել են, որ սահմանի տաջիկական կողմում նկատվել է զրահամեքենաների եւ զինվորների կուտակում:
Ըստ Դուշանբեի՝ ղրղզական կողմի հայտարարությունը «չի համապատասխանում իրականությանը». կոնտեյները տեղադրվել է համաձայնեցված տարածքում: «Մյուս կողմից՝ Քարամիկի լեռնանցքի հատվածում տեղադրվել է Ղրղզստանի Հանրապետության սահմանային կետ՝ համապատասխան ենթակառուցվածքներով: Նշված տեղակայումն ապահովում է հավասարության սկզբունքը երկու հարեւան պետությունների պետական սահմանի պաշտպանության գործում մինչեւ դելիմիտացիայի, դեմարկացիայի եւ նրա իրավաբանական գրանցման գործընթացի ավարտը»,- ասել է Տաջիկստանի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնը:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները փոխանակվել են բողոքի նոտաներով՝ կապված սահմանային իրավիճակի հետ: Միջադեպի վայր՝ Օշիի մարզի Չոն-Ալայի շրջան շտապ մեկնել են սահմանային հարցերի պատվիրակությունը եւ Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Քամչիբեկ Տաշիեւը՝ երկու ուղղաթիռով: Նրանցից մեկը վթարի է ենթարկվել, տուժել են 15 ուղեւորից 14-ը: Տաշիեւը գտնվել է մյուս ուղղաթիռում:
Անմիջապես ժամանել է նաեւ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Սայմումին Յաթիմովը: Ոչ արդյունավետ բանակցությունների առաջին օրվանից հետո ղրղզական ուժայինները, Տաշիեւի խոսքերով, պատրաստվել են լարվածության սրմանը եւ տարհանել Չոն-Ալայի շրջանի սահմանամերձ 5 գյուղի բնակիչներին, ընդհանուր առմամբ՝ 8 հազար մարդու: Սակայն այս անգամ հաջողվել է խուսափել կրակոցներից: «Տաջիկստանի պետկոմիտեի ղեկավար, գեներալ-գնդապետ Սայմումին Յաթիմովի հետ սահմանային հարցերով առաջին օրվա բանակցություններն ավարտվեցին անարդյունք: Սակայն հունիսի 5-ի հանդիպումը դրական ավարտ ունեցավ: Մենք համատեղ արձանագրություն ընդունեցինք, որը կազմված է 7-8 կետից»,- հաղորդել է Տաշիեւը: Նա ավելացրել է, որ զորքերը հետ քաշելու վերաբերյալ հրաման կտա, իսկ տարհանված բնակիչները կվերադառնան իրենց տները: «Մենք չենք խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ այսուհետ կգործենք համատեղ ընդունված համաձայնագրերի շրջանակներում»,- եզրափակել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետկոմիտեի ղեկավարը:
Արձանագրությունում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրների զինվորականները սահմանային դիրքերը պետք է յուրաքանչյուր կողմից հետ քաշեն մինչեւ 3 կմ: Եվ նաեւ զորքերը, ռազմական տեխնիկան վերադարձնեն մշտական տեղակայման վայրեր՝ թողնելով միայն կանոնավոր սահմանապահ ջոկատներ: Պետական սահմանին ցանկացած գործողություն պետք է նախապես համաձայնեցված լինի հանձնաժողովի՝ երկու կողմից համանախագահների հետ: Տեղագրական աշխատանքային խմբերի ղեկավարներին հանձնարարվել է հնարավորինս արագ լրացնել Ղրղզստանի եւ Տաջիկստանի պետական սահմանի հատվածների նկարագրությունը: Կողմերին հանձնարարվել է բացատրական աշխատանքներ տանել սահմանամերձ գյուղերի բնակչության հետ: Եվ հատուկ կետ ղրղզական կողմի համար՝ ԶԼՄ-ներին հաղորդել միայն կողմերի միջեւ համաձայնեցված տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Քամչիբեկ Տաշիեւը տաջիկական կողմի հետ բանակցությունների առաջին փուլի ընթացքում լրատվամիջոցներին ասել է, որ Դուշանբեին կոշտ պահանջներ է ներկայացրել: Մասնավորապես՝ Վորուխը ցանկապատել փշալարերով կամ տարածքային փոխանակում իրականացնել՝ տաջիկ բնակչությանն անկլավից տեղափոխելու եւ նրանց Բաթկենի շրջանի այլ տարածքներում հող հատկացնելու միջոցով: Երկու տարբերակն էլ անընդունելի էին տաջիկական կողմի համար:
Ղրղզստանի մասնագետներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ երկրորդ անգամ արձանագրությունը պարունակում է կետ, որ տեղագրական խմբերը շուտով կավարտեն վիճելի տարածքների նկարագրությունը: «Տաշիեւը չպետք է նման հարցեր ստորագրի հարեւանի կողմից ռազմական ճնշման ալիքի վրա: Սա հավասար բանակցություն չէ, բայց ընկալվում է որպես կապիտուլյացիա: Նախորդ անգամ զոհվեց 36 քաղաքացի, եւ ագրեսորներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն մեր իշխանությունները նստեցին բանակցությունների սեղանի շուրջ ու սկսեցին գծել սահմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Նուրսուլթան Աքիլբեկը:
Ղրղզստանի փորձագետները կարծում են, որ կառավարությունը չի պաշտպանում երկրի շահերը: Այդպես է եղել նաեւ ապրիլի 29-30-ի երկօրյա պատերազմից հետո: Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովը քաղաքական գնահատական չի տվել երկօրյա պատերազմին, պաշտոնապես չի դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ, ավելին, Ղրղզստանի կառավարությունը հապճեպ հրաժարվել է Տաջիկստանի նկատմամբ ցանկացած պահանջից:
Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Քամչիբեկ Տաշիեւը բացահայտել է Տաջիկստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս կարծիքին է անվտանգության հարցերով փորձագետ, հատուկ ծառայությունների վետերան Թալայբեկ Ջումադիլովը: «Տաշիեւը գործեց ոչ թե որպես պետական կոմիտեի ղեկավար, այլ որպես քաղաքական գործիչ, ով սկսել է զբաղվել իր սեփական PR-ով: Նա հայտարարեց, որ Ուզբեկստանի հետ խնդիրը կլուծի երեք ամսվա ընթացքում: Տաջիկստանին կոշտ պայմաններ ներկայացվեցին: Դուշանբեն օգտվեց դրանից եւ պատերազմի խաղ վարեց»,- ասել է Ջումադիլովը «Նոր դեմքերին» տված հարցազրույցում: