Բրյուսելում հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիան փորձում է գործի դնել «փափուկ ուժի» քաղաքականությունը։ Այսօր տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերափոխումների շրջանակներում, երբ էականորեն փոխվում է ուժերի միջազգային հավասարակշռությունը, Թուրքիան իրեն համարում է տարածաշրջանային տերություն, որը կարող է ավելի մեծ դերակատարություն ունենալ համաշխարհային զարգացումներում, քան զուտ տարածաշրջանում այլ գերտերությունների գործիք լինելն է։
Այս համատեքստում օրեր առաջ բավական հետաքրքիր հոդվածով է հանդես եկել թուրքական անգլալեզու «Daily Sabah» թերթը։ «Մինչ Ռուսաստանը կրկին դուրս է եկել համաշխարհային բեմ, մայրցամաքային Եվրոպան կորցրել է իր նախկին նշանակությունը, եւ Թուրքիան բարձրացել է որպես տարածաշրջանային տերություն միջազգային ասպարեզում: Ամենակարեւորը՝ Չինաստանը հայտնվել է որպես համաշխարհային տերություն։ Այսօր Չինաստանը սպառնալիք է ոչ միայն ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի, այլ նաեւ թյուրքական պետությունների համար: Նույնիսկ եթե թյուրքական երկրներն ընդգրկում են լայն աշխարհագրություն, դրանք ժողովրդագրական առումով ուժեղ չեն»,– գրում է «Daily Sabah»-ի հոդվածագիրը՝ շեշտելով, որ «թուրք-ամերիկյան հարաբերությունների շուրջ բանակցություններում Բայդենը պետք է հաշվի առնի Թուրքիայի հսկայական փափուկ ուժը եւ դրա կարեւորությունը Չինաստանի հետ իրենց մրցակցության մեջ»:
Թուրքիան, որը նախկինում ստանձնել էր Խորհրդային Միությանը զսպելու դերակատարությունը, այժմ իր «ծառայություններն» է առաջարկում Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին նաեւ Չինաստանի հետ մրցակցության հարցում։ Աշխարհագրական դիրքից ելնելով եւ տնտեսական մեծ ազդեցության շնորհիվ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում Թուրքիային միջինասիական թյուրքական պետություններում իր քաղաքական ազդեցությունն ընդլայնելու հարցում։ Դրա համար թուրքական կողմն առաջարկում է իր «օգնությունը», որի գինը պետք է լինի Արեւմուտքի, նաեւ ԱՄՆ-ի կողմից թյուրքական աշխարհում իր հեգեմոնիայի ճանաչումը։
Փափուկ ուժի կիրառման առումով Թուրքիան միջազգային ասպարեզում ամենաուժեղ երկրներից մեկն է, որը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ազդեցություն ունի Եվրոպայում, այդ թվում՝ Բալկաններում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաեւ թյուրքական երկրներում ապրող թուրք ժողովուրդների վրա: Այդ ազդեցությունը մեծացնելու եւ համակարգելու համար Թուրքիան ստեղծել է քաղաքական, տնտեսական, կրթական-մշակութային, ռազմական միավորումներ ու կառույցներ։
Ուշագրավ է նաեւ այն, որ թյուրքական աշխարհը միավորելու եւ այնտեղ առաջատար դառնալու համատեքստում թուրքական թերթը որպես կայացած իրողություն է համարում Թուրքիայի եւ թյուրքական երկրների միջեւ տարածքային կապի հաստատումը Նախիջեւանի միջոցով, որը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը հօգուտ վերջինիս ավարտվելու արդյունքում: Մեկ այլ կարեւոր դիտարկում եւս. Թուրքիայի համար Արցախյան երկրորդ պատերազմն ընկալվում է ոչ այնքան Ադրբեջանի իբր «տարածքային ամբողջականության» վերականգնմանը միտված մղված պայքար, որքան Հայաստանը որպես տարածաշրջանային գործոն չեզոքացնելու եւ հայկական տարածքների հաշվին դեպի թյուրքական աշխարհ ցամաքային կապ ստեղծելու համար։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ մյուս կարեւոր իրադարձությունը հունիսի 6-7-ը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի պաշտոնական այցն էր Փարիզ, որտեղ նա հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ Այցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի հրավերով։ Հանդիպմանը Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան նպատակ ունի ամրապնդել կապերը Փարիզի հետ` փոխադարձ հարգանքի հիման վրա: «Լե Դրիանի հետ մենք քննարկել ենք երկկողմ կապերը, տարածաշրջանային եւ միջազգային գործընթացները: Մենք նպատակ ունենք ամրապնդել Ֆրանսիայի հետ կապերը փոխադարձ հարգանքի հիման վրա»,– հանդիպումից հետո «Twitter»-ում գրել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:
Ֆրանսիական կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Լիբիայում, Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացին վերաբերող մի շարք հարցեր եւ համաձայնության են եկել շարունակելու շփումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ ԱԳ նախարարները քննարկել են նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունը եւ Թուրքիայի ու ԵՄ-ի միջեւ հարաբերությունները:
Ի դեպ, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Փարիզ կատարած այցին ընդառաջ հոդված էր հրապարակել ֆրանսիական «L՚Opinion» թերթում։ Ֆրանսիային անվանելով «բարեկամ եւ դաշնակից երկիր»՝ Չավուշօղլուն նշել է, որ Հարավային Կովկասում Թուրքիան եւ Ֆրանսիան միասնաբար կարող են աջակցել կայուն խաղաղությանը, որը «կօգնի Ադրբեջանի եւ Հայաստանի բարգավաճմանը»: Թուրքիայի արտգործնախարարը հայերին անվանելով «ծայրահեղականներ»՝ գրել է, որ «եթե հնարավոր լինի կանխել հայ ծայրահեղականների՝ թուրք-ֆրանսիական հարաբերությունները պատանդ վերցնելու անհիմն պնդումները, ապա Թուրքիան եւ Ֆրանսիան իրենց համատեղ ջանքերով կարող են ավելի լավ նպաստել Հարավային Կովկասի կայունությանը»: Այսինքն՝ սրանով Թուրքիան առաջարկում է Ֆրանսիային իր աջակցությամբ ներգրավվածություն ունենալ տարածաշրջանում, որը Մինսկի խմբի դերակատարության փաստացի դադարեցման հետեւանքով դուրս էր մղվել Հարավային Կովկասից։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ թուրքական կողմը ձգտում է այդ ազդեցության աճը կյանքի կոչել Ռուսաստանի դիրքերը նվազեցնելու հաշվին։
Դեպի արեւելք ֆրանսիական գործոնի մեծացման դիմաց Թուրքիան ակնկալում է, որ «Ֆրանսիան կարող է դառնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարժիչ ուժը՝ նպաստելով զարգացումներին, որոնք օգուտ կբերեն ինչպես դաշինքին (ՆԱՏՕ.-խմբ.), այնպես էլ երկկողմ հարաբերություններին»: