Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ արդեն ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո՝ հունիսի 16-ին, Ժնեւում Բայդենի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներից հետո Անկարան ինչ-որ չափով ստիպված է լինելու թուլացնել «ճոճանակի» թափը։ Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը առիթ էր դարձել, որ Թուրքիան արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանում անվտանգային միջավայրի կառուցման հարցում հայացքն ուղղեր դեպի Ռուսաստան։
Սակայն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ պաշտոնական Անկարան իր պատրաստակամությունն է հայտնել վերացնելու ռուսական «C-400» զենիթահրթիռային համակարգերի գնման, մասնավորապես` դրանց մատակարարման խնդրի տեխնիկական կողմի հետ կապված հյուսիսատլանտյան դաշնակիցների մտահոգությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեկ Ծովային անվտանգության բարձրացման կենտրոնի (MARSEC COE) հրամանատարության բացման արարողության ժամանակ։ «Մենք հավատարիմ ենք բանակցությունների բաց եւ թափանցիկ դիրքորոշմանը: Խելամիտ եւ տրամաբանական որոշումները միշտ էլ հնարավոր են: ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներդրումը եւ Թուրքիայի հետ դաշինքի համագործակցությունը շատ ավելի խորն ու ընդգրկուն են, քան «F-35»-ն (հինգերորդ սերնդի կործանիչ) ու «C-400»-ները»,- ասել է նա՝ ընդգծելով «ՆԱՏՕ-ի աճող կարեւորությունն» ու դաշինքի շրջանակներում փոխգործակցության ամրապնդումը։
Թուրքիան սրանով ընդգծում է իր հետաքրքրվածությունը թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերությունների վերականգնման հարցում։ Նման հայտարարություններով են հանդես գալիս նաեւ Թուրքիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ. այսպես՝ TRT HABER հեռուստաալիքի եթերում օրեր առաջ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել էր, որ Անկարան դրական օրակարգով է մոտենում երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպմանը. «Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ցանկանում է մեզ հետ համագործակցել ոչ միայն Լիբիայի եւ Սիրիայի հարցերում, այլ նաեւ Միջերկրական եւ Սեւ ծովերից մինչեւ Կովկաս»:
Այս համատեքստում ուշադրության է արժանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն դիտարկումը, թե տարածաշրջանում կայունության հասնելու հարցում նշանակալից է Անկարայի դերակատարությունը։ Բնականաբար, Ռուսաստանի համար ցանկալի չէր տարածաշրջանում իր ունեցած ներկայությունը կիսել մեկ այլ ուժի հետ, սակայն այստեղ գործում է Սուն Ցզիի հայտնի խոսքի տրամաբանությունը. «Բարեկամիդ կողքիդ պահիր, իսկ թշնամուդ՝ ավելի մոտ»։
Թուրքիայի անկանխատեսելիությունը նվազեցնելու եւ «տեսադաշտում» պահելու նպատակով քայլ է արել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ելիսեյան պալատում հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր, որ չնայած թուրք գործընկերոջ հետ առկա տարաձայնություններին, երկու երկրների ղեկավարները պետք է շարունակեն շփումները: Ֆրանսիայի նախագահը նաեւ ցանկություն էր հայտնել հանդիպել Էրդողանի հետ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում. «Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին»: Մակրոնը նաեւ նշել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու դաշնակիցների հարաբերություններում վարքի կանոնները»։
Համաշխարհային խաղի մասնակիցները լավ են գիտակցում, որ խաղադրույքը չափազանց մեծ է եւ որոշիչ է լինելու տարածաշրջանային ու գլոբալ իմաստով։ Բացարձակ հաղթող կամ պարտվող չի կարող լինել նրանց շրջանում, հակառակ դեպքում գինը ռազմական բախումն է, եւ կրկին տուժելու են առաջին հերթին ավելի փոքր խաղացողներն ու միջազգային հարաբերություններում պարզապես օբյեկտ հանդիսացող երկրները։ Հետեւաբար, եթե անգամ կողմերը պատրաստ են գոյություն ունեցող ստատուս քվոյի որոշակի փոփոխությունների, ապա միայն նոր իրողություններում նույնպես ուժերի հավասարակշռությունը պահելու միջոցով։