Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատեւ պատերազմը կավարտվի օգոստոսի 31-ին, երբ Աֆղանստանը կլքի հայրենիք վերադարձող ամերիկացի զինվորականների վերջին խումբը:
«Ես եւս մեկ ամերիկացի սերնդի չեմ ուղարկի Աֆղանստան պատերազմի՝ առանց ողջամիտ ակնկալիքի առ այն, որ կարելի է այլ արդյունքի հասնել։ Միացյալ Նահանգները չի կարող իրեն թույլ տալ կապված մնալ մի քաղաքականության հետ, որը ստեղծվել է մի աշխարհում, որ գոյություն ուներ 20 տարի առաջ», – ասել է Բայդենը։
Նա նշել է, որ Աֆղանստանում անվտանգության հետ կապված ներկա իրավիճակը միայն հաստատում է այն, որ ԱՄՆ-ի ներկայությունն այնտեղ եւս մեկ տարի ոչ մի հարց չի լուծի, սակայն կհանգեցնի ամերիկյան զորքերի անվերջ ներկայությանը։ Բայդենը հավելել է, որ Միացյալ Նահանգները հասել է Աֆղանստանում իր առջեւ դրած նպատակին․ այն է՝ վերացնել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը եւ դրա ղեկավար Ուսամա Բեն Լադենին։
«Մենք հասել ենք այն նպատակներին, որոնք դրել էինք մեր առջեւ։ Մենք Աֆղանստան չենք եկել ազգ կառուցելու համար, դա միայն աֆղան ժողովրդի իրավունքն ու պատասխանատվությունն է՝ որոշել իր ապագան եւ թե ինչպես են ցանկանում կառավարել իրենց երկիրը», – եզրափակել է ԱՄՆ-ի նախագահը։
Ըստ ԱՄՆ զինված ուժերի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Ուսամա Բեն Լադենը սպանվել է 2011 թվականի մայիսի 2-ի առավոտյան՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոթաբաթ քաղաքում, ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ։