Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի հուլիսի 8-ի լիագումար նիստում ընդունված բանաձեւը, որտեղ ասվում էր, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվում են ճնշումներ։
Թուրքիայի արտգործնախարարությունը բանաձեւը որակել է որպես երկերեսանիության կողմնակալ մոտեցման դրսեւորում։
Թուրքիայի ԱԳՆ-ում պնդել են, որ զեկույցի բովանդակությունը չի արտացոլում ճշմարտացիությունը։ Նշվել է նաեւ, որ այս բանաձեւ բացասական ազդեցություն է ունենալու Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։
Նշենք, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի մեջ հատուկ անդրադարձ էր կատարվել քրդամետ ԺԴԿ-ի գործունեությունը կասեցնելու նպատակով սահմանադրական դատարանում ծավալվող գործընթացներին՝ հիշեցվելով, որ այդ կուսակցության շուրջ 4000 անդամ արդեն իսկ բանտարկված է: ԺԴԿ-ի հնարավոր փակման վերաբերյալ ասված էր, որ այդ քայլը միջնաժամկետ կտրվածքով լուրջ քաղաքական սխալ կլինի, լրջորեն կհարվածի բազմազանության եւ ժողովրդավարության սկզբունքներին, ինչպես նաեւ դրա հետեւանքով Թուրքիայում միլիոնավոր ընտրողներ չեն ունենա իրենց ներկայացուցիչը: