Մեծ քսանյակի երկրները միակարծիք են, որ պետք է սահմանվի նվազագույն հարկային դրույքաչափ խոշոր կազմակերպությունների համար, այդ մասին հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շուլցը «Դոյչե Վելե»-ին տված հարցազրույցում։
Այս քննարկումները տեղի են ունեցել աշխարհի խոշորագույն տնտեսություններ ունեցող երկրների ֆինանսական ինստիտուտների առաջնորդների միջեւ վերջերս Վենետիկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Բայց այս առաջընթացի՝ հարկային նվազագույն դրույքաչափերի վերաբերյալ վերջնական համաձայությունը կարող է ձեռք բերվել միայն G20-ի առաջնորդների գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերին։
Մեծ քսանյակի ֆինանսների նախարարները վերջին հանդիպմանը ստորագրեցին փաստաթուղթ համաշխարհային խոշորագույն եւ անդրազգային կազմակերպությունների նվազագույն հարկային շեմ սահմանելու վերաբերյալ։ «Այսօր մենք տեսնում ենք, որ այստեղ հավաքված բոլոր երկրները կաջակցեն դեպի նվազագույն հարկումը տանող ճանապարհը գտնելու գործընթացին»,- Վենետիկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շուլցը։
Այժմ, երբ Մեծ քսանյակի երկրներն այս նախագծի շուրջ հանգել են կոնսենսուսի, պետք է հասկանալ, թե ինչպես գործել, որպեսզի գործիքակազմը պատրաստ լինի կիրառման 2023-ին։ «Դա շատ քիչ ժամանակ է, սակայն արդեն իսկ մեծ առաջընթաց ունենք»,- ասել է Շուլցը։ Այս գործընթացներից կարելի է եզրակացնել, որ «հարկային դրախտների» վերջը մոտ է։
ԱՄՆ ֆինանսների նախարարը նշել է, որ չնայած Վաշինգտոնը կփորձի լսել դժկամ երկրների մտահոգությունները, սակայն կարեւոր չէ, որ բոլոր երկրները լինեն նույն տախտակամածում՝ իրենց կողքին։ Այս համաձայնագիրը պարունակում է իմպերատիվ մեխանիզմ, որի շնորհիվ կարող ենք վստահ լինել, որ այն երկրները, որոնք մաս կազմելով «հարկային դրախտներին», դեմ են այս համաձայնագրին, չեն կարող խանգարել դրա իրագործմանը։ Որոշ երկրներ, ինչպիսիք են Հունգարիան եւ Իռլանդիան, դեմ են համաձայնագրին, քանի որ մի շարք տեխնոլոգիական հսկաների, այդ թվում՝ «Google»-ի եւ «Facebook»-ի, եվրոպական գրասենյակները գտնվում են այնտեղ ցածր հարկերի շնորհիվ։
Ո՞րն է հարկային բարեփոխումների ծրագիրը։ ԱՄՆ-ն առաջարկել է խոշոր տրանսազգային ընկերությունների համար նվազագույն կորպորատիվ եկամտային հարկը սահմանել 15 տոկոս, որպեսզի դադարեցվի մրցակցությունը «հարկային դրախտների» երկրների միջեւ գերխոշոր կազմակերպություններին դեպի իրենց գրավելու գործում։ Ավելի քան 130 երկիր կողմ է արտահայտվել այդ որոշմանը։ Այս դրույքաչափը կունենա իր ազդեցությունը ավելի քան 10,000 անդրազգային ընկերությունների վրա, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 750 մլն եվրո։
Բարեփոխման երկրորդ բաղադրիչն իրավունք կտա երկրներին, որտեղ գործունեություն են ծավալում անդրազգային ընկերությունները, հարկեր գանձել իրենց երկրում գեներացված շահույթի դիմաց։ Այս կետը լրջորեն կարող է ազդել «Amazon»-ի, «Facebook»-ի, «Google»-ի եւ «Apple»-ի նման հսկաների վրա։
Ակնկալվում է, որ առավելագույն օգուտը կստանան G20-ի երկրները, որոնց համաշխարհային հարկային մուտքերը տարեկան կտրվածքով կարող են ավելանալ 150 մլրդ դոլարով։
Արեն ՎԱՐԴԱՆՅԱՆ