Հուլիսի 14-ին նավթի գների անկում արձանագրվեց, որի պատճառը նավթահումքի առաջիկա պահանջարկի անորոշությունն է։ Վերլուծելով առքուվաճառքի վիճակագրությունը՝ պարզ է դառնում, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դեպի Չինաստան նավթահումքի ներմուծման ծավալները նվազել են: Համաշխարհային շուկայում կան մտավախություններ՝ նաեւ կապված մատակարարման հետ, քանի որ աշխարհը դեռ չի «վերականգնվել» քովիդի համավարակի հետեւանքներից։
Բրենթ տեսակի նավթի հումքի մեկ բարելի գինը չորեքշաբթի նվազել է 8 ցենտով կամ 0.1 տոկոսով՝ հասնելով 76.41 ԱՄՆ դոլարի՝ նախորդող օրվա 1.8 տոկոս գնաճից հետո։ WTI տեսակի նավթահումքի գինը նվազել է 13 ցենտով կամ 0,2 տոկոսով՝ հասնելով 75.12 ԱՄՆ դոլարի մեկ բարելի դիմաց՝ հաջորդելով անցած օրվա 1.6 տոկոս աճին։
Նավթահումքի ներմուծման ծավալները Չինաստանում նվազել են 3 տոկոսով 2021 թ. հունվար-հունիս ամիսներին՝ համեմատած նախորդ տարվա հետ: Վերջին անգամ այսպիսի կրճատում տեղի էր ունեցել 2013 թ., այն ժամանակ կրճատվել էր ներմուծման քվոտան՝ նավթավերամշակման գործարանների տեխնիկական սպասարկման հետեւանքով եւ համաշխարհային գների աճի պայմաններում։ Եվրասիական խմբի զեկույցում ասվում է, որ նավթի հումքի գնի աճը հիմք դարձավ պահանջարկի նվազման, քանի որ շահութաբերությունը եւս անկում ապրեց։
«Եթե ՕՊԵԿ-ի երկրները չգան ընդհանուր հայտարարի եւ չավելացնեն նավթի արդյունահանման ծավալները, նավթի բարձր գները հնարավոր է նորից հանգեցնեն պահանջարկի նվազման, որը հավելյալ ծախսեր կառաջացնի զարգացող տնտեսությունների, օրինակ՝ Հնդկաստանի համար»,- ասված է զեկույցում։
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամների, Ռուսաստանի եւ այլ նավթային երկրների միջեւ մատակարարման քաղաքականության շուրջ կոնսենսուս չհաստատելուց հետո բանակցությունները դադարել են: Այս իրավիճակը, իր հերթին, հանգեցրել է անհամաձայնեցված մատակարարումների աճի։
Էներգետիկայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ նախատեսվող արտահանումների ծավալները կլինեն ամենաշատը վերջին 10 տարվա ընթացքում՝ մատնանշելով հուլիս ամսվա սկզբին ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ճապոնիայում նավթահումքի պահուստների կրճատումը։
Ըստ Ամերիկայի նավթային ինստիտուտի հրապարակած տվյալների՝ անցյալ շաբաթ նավթի եւ բենզինի պաշարները նվազել են ԱՄՆ-ում։ Հուլիսի 9-ին ավարտվող շաբաթում նավթի հումքի պաշարները նվազել են 4.1 միլիոն բարելով։
Նավթի պաշարների նվազման համայնապատկերում գների անկման փաստը հերթական դատողությունների առիթ է դարձել: Սա փաստում է, որ առաջիկայում այն կշարունակվի, ինչը ձեռնտու չէ նավթ արտահանող այնպիսի երկրի, ինչպիսին Ռուսաստանն է: