2021 թ. սկզբից համաշխարհային տնտեսությունները բախվեցին գնաճի ճնշումներին համարյա բոլոր ոլորտներում։ Որոշ երկրներ գնաճի պատճառով ավելի մտահոգիչ փաստերի առաջ կանգնեցին։ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի կենտրոնական բանկերն ստիպված էին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները (ՀՀ-ում՝ 6.5 տոկոս)՝ սպառողական գների աճն ինչ-որ կերպ զսպելու նպատակով։ ԱՄՆ-ում գնաճի վերաբերյալ բանավեճերը բուռն ընթացքի մեջ են. ոմանք նշում են, որ 1.9 տրիլիոն դոլար ծավալով հակաճգնաժամային փաթեթը միայն կհանգեցնի գնաճի եւ դոլարի արժեզրկման, ինչը եւ տեղի ունեցավ: Վերհիշելով դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի դիմաց՝ կարելի է միանգամից փաստել, որ Հայաստանի համար ծանրագույն ժամանակահատվածում, երբ դոլարի գինը հատել էր 520 դրամի շեմը, եթե չլիներ ԱՄՆ գանձապետարանի կողմից հսկայածավալ գումարների բացթողումը տնտեսություն՝ որպես զուտ օգնություն ԱՄՆ ռեզիդենտներին, ապա դոլարի փոխարժեքը կարող էր հատել 600 դրամի շեմը՝ հանգեցնելով մեր երկրում ավելի բուռն սպառողական գների աճի։ Սակայն կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարի համար մեծ քանակությամբ դոլարի թղթադրամների թողարկումը ԱՄՆ-ին կարող է կանգնեցնել լրջագույն ինֆլյացիոն հետեւանքների առաջ:
Որպեսզի հասկանանք գնաճի հիմքերը եւ հնարավորությունները, ուսումնասիրենք մի քանի շատ կարեւոր գործոն, որոնք նպաստում են ինֆլյացիային։ Նախ եւ առաջ, 2021-ի ապրիլին նավթի գները վերականգնեցին իրենց դիրքերը՝ այս պահին արդեն իսկ մեկ բարելի դիմաց հատելով 70 դոլարի շեմը, իսկ ՕՊԵԿ-ի վարած քաղաքականությունը միայն նպաստում է համաշխարհային գների աճին։ 2020-ին կարտելը կրճատեց նավթի օրական բաց թողնվող ծավալները 9.7 միլիոն բարելով, որը 6 տոկոսով պակաս է 2019-ի ցուցանիշից։ Նավթահումքի գների աստիճանաբար բարձրացումը լուրջ ազդեցություն է ունենում սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) վրա ամբողջ աշխարհում։
Անչափ կարեւոր է նաեւ հացահատիկի շուկայի ուսումնասիրությունը։ 2020-ին գները եղել են կայուն վիճակում, սակայն վերջին մի քանի ամիսներին նկատվում է գնաճ: Հացահատիկի արտադրության ծավալները (ռեկորդային 776.5 միլիոն տոննա) գնահատվում են բավարար՝ 2021-ին սպառելու նպատակով։ Սակայն հիմնական արտահանողների մոտ (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Եվրամիության անդամ երկրներ) սպասվում է արտադրության ծավալների կրճատում 2021 թ. երաշտի պատճառով։ Մարտին բրինձի համաշխարհային գնաճը կազմել է 6.5 տոկոս, իսկ ցորենինը՝ 34.5 տոկոս, սակայն այնպիսի գնաճ, ինչպիսին եղել է 2008-ին, քիչ հավանական է բավարար առաջարկի շնորհիվ։ Այնուամենայնիվ, պաշարների անհավասար բաշխումը կարող է հանգեցնել սպասվածից ավելի մեծ գնաճի մի շարք զարգացող երկրներում, դրանց թվում՝ նաեւ Հայաստանում։
Արդյունաբերության վերականգնվող ծավալներով պայմանավորված՝ մետաղների համաշխարհային գները նույնպես աճ են գրանցում, ինչի ազդեցությունը Հայաստանի տնտեսության համար, իհարկե, տարբերվող էֆեկտ է ունենում։ Պղնձի խտանյութի մեկ տոննայի դիմաց գնի կրկնակի աճը (մոտ 10.000 ԱՄՆ դոլար) դրական ազդեցություն ունեցավ մեզ վրա: Որպես պղինձ արդյունահանող եւ արտահանող երկիր՝ բավական մեծ ծավալով արտարժույթի ներհոսք ենք ունենում այս պահին դեպի տնտեսություն։
Բավական հետաքրքիր գործոն է առաջ եկել արդյունաբերության ծավալների վերականգնման առումով՝ կիսահաղորդիչների համաշխարհային դեֆիցիտը, որը միանգամից ազդեց ավտոմոբիլային արդյունաբերության վրա։ Վերջիններիս անբավարարությունն ի հայտ եկավ 2020-ի հուլիսին, եւ ի սկզբանե սպասվում էր, որ երկար չէր տեւի, քանի որ խնդիրները պայմանավորված էին մատակարարման շղթաների խափանումներով։ Նոյեմբերին հայտարարվեց, որ դեֆիցիտը դեռ երկար է տեւելու, ինչին ի պատասխան՝ ավտոարտադրողները վերանայեցին իրենց ծավալները եւ գները, իսկ ընդհանուր առմամբ, մեքենաների երկրորդային շուկայում եւ վարձակալությունում մեծ գնաճ նկատվեց։
Բեռնափոխադրումների ծավալների համաշխարհային աճը հանգեցրեց ամբողջ աշխարհում փոխադրամիջոցների եւ ազատ կոնտեյներների դեֆիցիտի, հետեւաբար, փոխադրումների գներն աճեցին՝ կազմելով ապրանքների ինքնարժեքի մաս։
Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ համաշխարհային տնտեսությանը դժվարին ժամանակահատված է սպասվում, որն առավել սուր է զգացվելու հատկապես զարգացող երկրներում։ Միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի գնաճին, եւ այդ հարցում պետությունները մեծ դեր ունեն։ Ներմուծող երկրները կարող են իրենց վրա ավելի սուր զգալ սպառողական գների աճը՝ ազգային արժույթների արժեզրկման եւ բեռնափոխադրումների թանկացման ֆոնին։ Պետական կառույցները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի օգնություն տրամադրելու իրենց ֆիզիկական եւ իրավաբանական անձանց թե՛ ֆինանսավորման, թե՛ սպառողական ապրանքների տեսքով։
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ