Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հիմնական պատճառներից մեկը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է, այդ թվում՝ պատերազմի հետևանքներն ու անձնակազմի հետ կապված խնդիրները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով տարածված լուրին, որ Հայաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժություններին:
Նա նշեց, որ այն զորամիավորումները, որոնք Հայաստանի զինված ուժերի կողմից մասնակցում են նմանատիպ զորավարժություններին, համալրման կարիք ունեն:
«Ի վերջո, մենք ունենք թե՛ բավական լուրջ կորուստներ, թե՛ խնդիրներ, որոնք առաջացել են պատերազմի հետևանքով, և ըստ իս՝ դեռևս բավական լուրջ կարիք կա ներքին վերակազմավորման, որոշ խնդիրներ լուծելու, բարեփոխումներ անելու և դրանից հետո հասկանալու՝ ինչ և որ ուղղությամբ պետք է մեր բանակը շարունակի իր զարգացումը», – մեկնաբանեց վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ նախկինում էլ Հայաստանը մի քանի անգամ չի մասնակցել այս վարժանքներին:
Մյուս պատճառը առողջապահական խնդիրներն են՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:
Ինչ վերաբերում է հնարավոր քաղաքական դրդապատճառներին՝ փորձագետներն առանձնացնում են «Agile Spirit»-ի այն առանձնահատկությունը, որ այս զորախաղերի սցենարով շատ հաճախ որպես պայմանական հակառակորդ է ընտրվում Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և այս տեսանկյունից միանգամայն պարզ է՝ ինչու է Հայաստանը չեզոքություն ցուցաբերում:
«Քանի որ ի տարբերություն «Noble Partner»-ի՝ «Agile Spirit»-ը մի քիչ այլ սցենարներ է նախապատրաստում, զորավարժություններն ավելի հարձակվողական կամ ավելի կոնկրետացված ուղղվածությամբ են իրականացվում, և բոլորին պարզ է՝ որպես հակառակորդ ում են այնտեղ դիտարկում, այդ պատճառով եթե «Noble Partner»-ի շրջանակներում լինում է հնարավորություն՝ մեր կողմը միշտ մասնակցել է, քանի որ ռազմական բժիշկներն են, այլ ստորաբաժանումներն են, ապա «Agile Spirit»-ի հետ կապված, ըստ սցենարի և հնարավորության, հայկական կողմը կա՛մ մասնակցել է, կա՛մ չի մասնակցել: Ուստի եթե ամփոփենք, ապա, նախ, պատերազմը և պատերազմի հետևանքները սահմանափակում են մեր հնարավորությունները, քանի որ կան լուրջ խնդիրներ, որոնք բանակում պետք է լուծվեն: Երկրորդը առողջապահական խնդիրներն են. իրավիճակն այսօր Վրաստանում բավական բարդ է, և իմ կարծիքով՝ այդքան էլ ճիշտ չէր լինի մասնակցելը», – պարզաբանեց մասնագետը:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանի չմասնակցելը բացասաբար ազդի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վրա, վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ այս հարցում շատ մեծ դեր կարող է խաղալ Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
Իսկ Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին, Ջոնի Մելիքյանի կարծիքով, ունի քաղաքական հստակ ենթատեքստ. «Ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, որ պատերազմից հետո որոշ իրողություններ իրենց համար տարածաշրջանում փոխվել են, և իրենք այնքան «անկախ» են, ունեն հնարավորություն հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու, որ նույնիսկ այսպիսի իրավիճակներում կարող են իրենց թույլ տալ մասնակցել այդ միջոցառմանը, որը ինչ-որ ձևով կարող է ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթին վերաբերել, մանավանդ որ դրա մասին տեղեկությունը հրապարակվեց Պուտինի և Ալիևի հանդիպումից հետո»:
Այս շաբաթ ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ հայ զինվորականները չեն մեկնի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժություններին:
Թվով 10-րդ «Agile Spirit» («Ճարպիկ ոգի») բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների զինծառայողները, կմեկնարկեն հուլիսի 26-ին ու կտևեն 10 օր՝ մինչև օգոստոսի 6-ը:
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ զորամիավորման շտաբից հայտնել են, որ այս տարի Վրաստանում անցկացվող վարժանքներին կմասնակցի մոտ 2500 զինվորական ՆԱՏՕ-ի 15 անդամ և գործընկեր երկրներից՝ Վրաստանից (հյուրընկալող երկիր),Ադրբեջանից, Թուրքիայից, Էստոնիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից:
«Agile Spirit» խորագրով զորավարժությունները Վրաստանում սկսել են անցկացվել 2011 թվականից, սկզբում՝ վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման շրջանակներում, իսկ հետագայում՝ ավելի լայն ձևաչափով՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:
Հայաստանը գործընկերային հարաբերություններ ունի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ և նախկինում պարբերաբար մասնակցել է Վրաստանում Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող բազմազգ զորավարժություններին, այդ թվում՝ Agile Spirit» և «Noble Partner» («Արժանի գործընկեր») զորախաղերին, սակայն վերջին տարիներին Հայաստանի մասնակցության ակտիվությունը նկատելիորեն նվազել է:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան