Օրհան Ինանդին, որը միաժամանակ երկու պետության՝ Թուրքիայի ու Ղրղզստանի քաղաքացի է, մայիսի 31-ին դուրս է եկել իր բիշքեկյան տնից, եւ դրանից հետո մոտ մեկ շաբաթ նրան ոչ ոք ոչ մի տեղ չի տեսել, որեւէ տեղեկություն չի ստացել նրանից: Ինանդիի անհասկանալի աներեւութացումը եւ նրա մասին տեղեկությունների բացակայությունը Ղրղզստանում, հատկապես՝ նրա մայրաքաղաք Բիշքեկում դժգոհության ու բողոքների ալիք բարձրացրեց: Շատերը նրա անհետացումը կապում էին տարածաշրջանում Թուրքիայի աճող ակտիվության հետ, եւ արդյունքում այդ իրադարձությունը հազարավոր քաղաքացիների հավաքեց Ղրղզստանում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը, որը պետք է պատասխան տար երկրի կորած քաղաքացու ճակատագրի համար եւ մեկնաբաներ կատարվածը, հրապարակեց պաշտոնական հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր. «Երկու՝ ղրղզական ու թուրքական քաղաքացիություն ունեցող Օրհան Ինանդիի առեւանգումից հետո ձեւավորվել են օպերատիվ հատուկ խմբեր՝ հասարակական, զանգվածային հանգստի ու զվարճանքի բոլոր վայրերը, հյուրանոցները, շուկաներն ու առեւտրի կենտրոններն ստուգելու համար»: ՆԳՆ-ի հայտարարության մեջ ասվում էր նաեւ, որ Օրհան Ինանդիի անհետացումից հետո հարցաքննվել են կատարվածի տասնյակ վկաներ, իսկ ՆԳՆ-ն եւ Բիշքեկի ներքին գործերի վարչության ղեկավարությունը միջադեպի հետաքննությունը վերցրել են իրենց անմիջական վերահսկողության տակ:
Իրանական «Javan»-ը գրում է, որ Ղրղզստանի շատ քաղաքացիներ, ինչպես նաեւ վերլուծաբաններ ու մեկնաբաններ հոռետեսորեն ընդունեցին այդ հայտարարությունը՝ հաստատելով, որ այն «անհուսալիորեն ուշացել է». հոռետեսներն ասում էին, որ այն ժամանակ, երբ ՆԳՆ-ն կազմակերպեց զանգվածային ստուգումներ, հարցաքննեց վկաներին, կորածն արդեն վաղուց Ղրղզստանում չէր: Ինչպես պարզվեց, նրանք իրավացի էին. Ինանդիի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր մինչեւ այն պահը, երբ Թուրքիայի անվտանգության ծառայությունը հունիսի 5-ին հայտարարեց, որ առեւանգվածը տեղափոխվել է Թուրքիա: Քիչ ավելի ուշ նաեւ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեց, որ հատուկ գործողության արդյունքում, որն իրականացվել է «արտասահմանյան երկրներից մեկում», Ինանդիին ստիպողաբար վերադարձրել են Թուրքիա: Դրանից հետո Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը միջամտեց գործին եւ բողոքի նոտա հանձնեց Բիշքեկում Թուրքիայի դեսպանին: Շատերն էին խոսում այն մասին, որ կենտրոնասիական տարածաշրջանում «ավագ եղբոր գործունեությունն» «Անկարայի կրտսեր գործընկեր» պետություններում ունի ստվերային շատ կողմեր, «չափազանց հեռու» է գնացել, եւ նրան անհրաժեշտ է շատ ուշադիր ուսումնասիրել կամ ընդհանրապես կանգնեցնել: Իրականում պաշտոնական բոլոր հայտարարություններից ու կատարված մեկնաբանություններից, ինչպես նաեւ Ղրղզստանի մայրաքաղաքում անցկացված բողոքի ակցիաներից հետո շատ հարցեր են առաջանում՝ կապված տեղի ունեցածի հետ:
Նման հարցերի շարքում գլխավոր են թվում սրանք՝ ինչու եւ ինչ իրավունքով այլ պետության քաղաքացին, թեկուզ որ երկքաղաքացիություն ունի, ստիպողաբար պահվում է ու դուրս տարվում երկրից, եւ այդ քաղաքացու կոնկրետ որ գործողությունն է (կամ, ընդհակառակը, անգործությունը) եղել իր կամքին հակառակ նրան պահելու՝ այլ երկրի հատուկ ծառայությունների մոտիվացիան: Այդ հարցերին պատասխան գտնելու փորձ կատարելու համար պետք է հասկանալ ոչ միայն այն քաղաքականության յուրահատկություններն ու նրբությունները, որոնք Թուրքիան վերջին տարիներին իրականացնում է «թյուրքալեզու կրտսեր գործընկերների» նկատմամբ, այլեւ ուշադրություն դարձնել, ընդհանուր առմամբ, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ռազմավարական դրությանն ու նշանակությանը հիմնական բոլոր իրադարձությունների ու վերջին տարիների համաշխարհային քաղաքականության միտումների լույսի ներքո:
Թուրքիան աշխարհի առաջին պետություններից մեկն է, որը Խորհրդային Միության փլուզումից հետո 1990-ականների սկզբին ճանաչեց Միջին Ասիայի՝ «ազգային ինքնավարություն» հռչակած թյուրքալեզու հանրապետությունների անկախությունը, իսկ հետո երկար ժամանակ փորձում էր ամեն կերպ ամրապնդել կապերն ու ուժեղացնել իր ազդեցությունը (երկրորդը, բնականաբար, պակաս հրապարակայնորեն էր արվում, քան առաջինը) տարածաշրջանում, առաջին հերթին՝ հենց Կենտրոնական Ասիայի թյուրքախոս եւ այժմ անկախ պետություններում: Իրոք, տարածաշրջանի երկու թյուրքախոս պետությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Ղրղզստանի ու Ղազախստանի հետ նրա կապերն այս տարիների ընթացքում շատ են ամրապնդվել: Կենտրոնական Ասիայի մյուս երկու թյուրքախոս պետությունների՝ Ուզբեկստանի ու Թուրքմենստանի հետ նման բան տեղի չի ունեցել: Բանն այն է, որ Ուզբեկստանն ինքն էր հավակնում տարածաշրջանային լիդերի դերին, ուստի այնքան էլ գոհ չէր Անկարայի «չափից ավելի մեծ հովանավորությունից», քանի որ նրան դիտարկում էր որպես մրցակից: Ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ապա այդ երկիրն իր արտաքին քաղաքականության հիմքում դրեց «չեզոքության» ու «չմիացման» սկզբունքները: Սակայն Թուրքիան լիովին բավարարված է ինչպես Ղազախստանում, այնպես էլ Ղրղզստանում ակտիվությամբ՝ նախ առաջ մղելով իր ներկայությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են մշակույթն ու կրթությունը՝ այդ երկրներում կազմակերպելով ու բացելով «մշակութային» ու «կրթական հետազոտությունների կենտրոններ»: Այս կենտրոնները թուրքական դպրոցներ ու լիցեյներ են, որոնք սկսեցին արագ զարգանալ եւ հանրաճանաչություն ձեռք բերել տեղի բնակչության շրջանում՝ հաշվի առնելով այն, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ երկրների կրթական համակարգն սկսել էր անկում ապրել:
Բացի դա, այդ երկրներում բացվող թուրքական դպրոցները, լիցեյներն ու կրթական կենտրոնները շատերը դիտում էին որպես պատուհան դեպի աշխարհ, հնարավորություն՝ երեխաների համար ապահովելու կայուն ապագա եւ արժանապատիվ աշխատանք արտասահմանում: Քչերն էին այն ժամանակ լսում փորձագետների ու մասնագետների զգուշացումները, որ Թուրքիան շահագրգռված է ոչ այնքան այդ հանրապետություններում կրթական մակարդակի բարձրացմամբ, որքան իր՝ սկզբում կրթական, իսկ այնուհետեւ՝ տնտեսական ու քաղաքական ազդեցության ամրապնդմամբ: Բացի այդ, նշված գործընթացում զգալի դեր կատարեց այսպես կոչված Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրամը: Այդ կազմակերպությունը մոտ տասը տարի առաջ համարվում էր Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ու նրա ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական դաշնակիցը:
Միեւնույն ժամանակ Գյուլենի հիմնադրած կառույցն օգտագործել է իր փորձը, լավագույն մշակումներն ու հնարավորությունները՝ Կենտրոնական Ասիայում կրթական եւ մշակութային կենտրոններն ընդլայնելու եւ ամրապնդելու համար: Ինանդին Կենտրոնական Ասիայի հանրապետությունների տարածքում գտնվող այս կառույցի ենթակայության կրթական հաստատությունների ցանցի «կառավարման» պատասխանատուներից մեկն էր եւ ղեկավարում էր այս կազմակերպության ստեղծած դպրոցների ցանցը, որը կոչվում էր «Sapat Schools»: Բացի այդ, պետք է նշենք նաեւ 2009 թ. hոկտեմբերի 3-ին թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ձեւավորումը, որն Անկարայի համար եւս մեկ կարեւոր քայլ էր Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունն ընդլայնելու գործում: Խորհրդի կազմում, բացի տարածաշրջանի թյուրքալեզու պետություններից՝ Ղրղզստանից, Ղազախստանից եւ Ուզբեկստանից, ընդգրկվեց նաեւ Ադրբեջանը: Թուրքմենստանը պատրաստակամություն չի հայտնել միանալու խորհրդի գործունեությանը, չնայած Անկարան մինչեւ հիմա փորձում է համոզել նրան՝ կատարելու նման քայլ:
2020 թ. դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «արտաքին քաղաքականության մեջ չեզոքության» սկզբունքի հռչակման տարելիցի օրը հայտարարեց, որ «Անկարան չի կորցնում հույսը»՝ Աշխաբադին նույնպես միացնելու թյուրքական պետությունների համագործակցության խորհրդի գործունեությանը, նույնիսկ՝ «շատ մոտ ապագայում»: Հարկ է նշել, որ գործնականում խորհրդի ձեւավորմամբ Թուրքիան նկատելիորեն ընդլայնել է փոխգործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ 20 մլրդ դոլարով ավելացնելով ներդրումները Ղազախստանի տնտեսության մեջ: Թուրքական ընկերությունները տարբեր նախագծեր են իրականացնում շինարարության, տեքստիլ արդյունաբերության, հեռահաղորդակցության, ինչպես նաեւ այլ ոլորտներում, եւ արդյունքում Կենտրոնական Ասիայի շուկան բավական գայթակղիչ է թուրքական մասնավոր բիզնեսի կողմից ներդրումների կատարման համար:
Անհրաժեշտ է մատնացույց անել այնպիսի կարեւոր ուղղություն, ինչպիսին է համագործակցությունը ռազմական ոլորտում. այդ ոլորտում Թուրքիան տարբեր նախագծեր է իրականացնում կենտրոնասիական երկրներում: Թուրքիայի՝ պաշտպանական տեխնոլոգիաների արտադրության առաջատար ընկերությունը՝ «Ասելսանը», դեռ 2012 թ. Ղազախստանի հետ 14 մլրդ դոլարի պայմանագիր է ստորագրել, որի համաձայն՝ կողմերը պայմանավորվել էին 2013-ից զենքի համատեղ արտադրություն կազմակերպել: Ռազմական ոլորտում Թուրքիայի ու Կենտրոնական Ասիայի երկրների համագործակցության զարգացման գործում եւս մեկ կարեւոր քայլ է օգնությունը Ղրղզստանին՝ գնելու 13 մլրդ դոլարի անհրաժեշտ զենք: Սակայն աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակն այս դարի երկրորդ տասնամյակի վերջին որոշակի փոփոխությունների է ենթարկվել, եթե համեմատենք դարասկզբի իրավիճակի հետ: Ի դեպ, այդ փոփոխություններն սկսել են խանգարել Թուրքիային՝ Կենտրոնական Ասիայում իրականացնելու իր՝ հեռուն գնացող պլանները: Իսկ այն մասին, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են, կխոսենք «ՀՀ»-ի հաջորդ համարում: