Արցախյան վերջին պատերազմը հրահրած եւ նրա ելքն ապահոված, ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի հետ Ադրբեջանի զինուժի ամենամսյա զորավարժությունները, իբր քիչ էին, հիմա էլ վերջինս նաեւ անմիջական մասնակցություն է ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին: Այս օրերին Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2021» («Ճարպիկ ոգի 2021») զորավարժություններին մասնակցում են դաշինքի անդամ 12 երկրի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի զինծառայողները։ Չնայած ռազմաքաղաքական այս կառույցի հետ Հայաստանի ունեցած համագործակցության որոշակի փորձին եւ առկա ձեւաչափերին, Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին: Այդ որոշումը լիովին օրինաչափ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան կազմակերպել էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, իսկ դաշինքից այդպես էլ համարժեք արձագանք չեղավ նրա հեղինակած ռազմական հանցագործություններին:
Վրաստանում անցկացվող զորավարժությունները նախորդում են մեկ ամիս առաջ Ուկրաինայում անցկացված զորավարժություններին: Ակնհայտ է, որ դրանք ավելի հաճախ են տեղի ունենում ՌԴ անմիջական սահմանների մոտ եւ ուղղված են վերջինիս դեմ: Ուկրաինան եւ Վրաստանը տարածքային խնդիրներ ունեն ՌԴ-ի հետ եւ իրենց անվտանգության ռազմավարությունը կառուցում են Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու եւ վերջնարդյունքում նաեւ անդամակցելու նպատակով: Զորավարժություններին մասնակցում են նաեւ ՌԴ մյուս անմիջական հարեւանները՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Լեհաստանը: Միջոցառմանը մասնակցող 2 500 զինծառայողները ներկայացնում են նաեւ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Ռումինիան, ԱՄՆ-ը։
Վերջին շրջանում ՌԴ-ՆԱՏՕ սրված հարաբերությունների ֆոնին Վրաստանում անցկացվող զորավարժություններն առանձնակի խորհուրդ ունեն: Ակնհայտ է, որ դրանք ուղղված են ՌԴ-ի դեմ, ինչը փաստում է նաեւ Ուկրաինայում կազմակերպված զորավարժությունների ժամանակ ՌԴ ծովային սահմանները խախտելու դեպքը: Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է Թուրքիա-Ադրբեջան զույգի մասնակցությունը: ՌԴ-ն, հատկապես վերջին շրջանում, հաճախ է շեշտում այդ քույր երկրների հետ լավ հարաբերություններ ունենալու մասին: Մեկնաբանելով զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունը՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ վերջինս ինքնիշխան պետություն է, որի հետ ունեն գործընկերային հարաբերություններ, եւ կա քաղաքական կամք՝ դրանք զարգացնելու, բայց եւ անմիջապես շեշտել է. «Մեզ համար կարեւոր է, որ նման զորավարժությունների սցենարները չենթադրեն մեր երկրի դեմ ինչ-որ քողարկված գործողություններ»: Հաջորդ նախադասությամբ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ վարժանքների սցենարները բազմազան են, եւ դաշինքը չի թաքցնում, թե ով է նրանց համար գլխավոր հակառակորդը՝ նկատի ունենալով ՌԴ-ին:
Այսպիսով՝ ՌԴ նախագահի խոսնակը դիվանագիտորեն հայտարարում է, որ իր գործընկեր պետությունը մասնակցում է իր դեմ ուղղված՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ նկատի ունենալով նաեւ մյուս գործընկերոջը՝ Թուրքիային:
Ստեղծված աշխարհաքաղաքական համայնապատկերում ՌԴ-ն պարտադրված է իր անվտանգության ամրապնդման ուղղությամբ հակաքայլեր անել: Այդ մասին հայտնեց նաեւ Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին Մոսկվային պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել իր անվտանգության ապահովման համար։ Այդ քայլերը ենթադրում են Անդրկովկասում միակ դաշնակից մնացած ՀՀ-ի հետ ռազմական եւ ռազմարդյունաբերական հարաբերությունների որակապես նոր մակարդակի բարձրացում: Նման գործելակերպի պահպանման դեպքում անխուսափելիորեն նաեւ Ադրբեջանի հետ ՌԴ հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն կառաջանա:
Այսպիսով՝ Անդրկովկասում ՌԴ-ի ռազմական ներկայության ընդլայնումը եւ ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցի ակտիվացումը թելադրված են առկա իրողություններով, ինչն առաջիկայում անխուսափելիորեն իրեն ավելի զգացնել կտա: