Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ծավալուն հարցազրույց է տվել գերմանական «Spiegel» ամսագրին: «Realtribune.ru»-ն մեջբերել է հիմնական թեզերը, որոնց մասին խոսել է թուրք քաղաքական գործիչը:
Իշխանությունն ապականվում է
«Իշխանությունն ապականվում է: Երբ Էրդողանը 2003 թ. դարձավ վարչապետ, դեռ ցանկանում էր զսպել կաշառակերությունը երկրում: Այսօր նա ավելի կատաղած է, քան երբևէ: Ես ուզում էի պայքարել հովանավորչության դեմ, բայց իմ ջանքերն իզուր էին: Այն բանից հետո, երբ լքեցի իմ պաշտոնը, Էրդողանի փեսան դարձավ ամենաազդեցիկ մարդը համակարգում: Ես պաշտպանում էի էթիկան քաղաքականության մեջ: Էրդողանը դա չէր ցանկանում…
Որպես Էրդողանի արտաքին քաղաքական գլխավոր խորհրդական և արտգործնախարար՝ ես պատասխանատու էի դիվանագիտության համար: Իմ հնարավորությունները սահմանափակված էին: Դառնալով վարչապետ՝ հասկացա, որ անհրաժեշտ է երկիրն արմատապես վերակառուցել ժողովրդավարության, իրավունքի գերակայության և թափանցիկույան տեսանկյունից: 2015 թ. ընտրություններում տոնած հաղթանակից հետո ես ներկայացրեցի բարեփոխումների փաթեթ, որը ներառում էր այնպիսի միջոցառումներ, ինչպիսին էր պետական պայմանագրերի տրամադրման համար օգտագործվող չափորոշիչների փոփոխությունը: Ոչ ոք՝ ոչ նախարարը, ոչ գործարարը, չպետք է հարստանա հասարակության հաշվին»:
Էրդողանը չի հանդուրժում ուժեղ մարդկանց իր շրջապատում
«Որպես վարչապետ՝ ես չափազանց նկատելի ու արդյունավետ էի: Էրդողանը չէր կարողանում հաշտվել դրա հետ: Նա ոչ մեկին իրեն հավասար չի ընդունում: Էրդողանը կուսակցական ղեկավարությանը տրամադրեց իմ դեմ: Հասկացա, որ նման պայմաններում հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել… Եթե հանդուրժեի կոռուպցիան, սխալ կառավարումը, հովանավորչությունը և ոտնձգություններն օրենքի գերակայության նկատմամբ, մինչև հիմա վարչապետ կլինեի կամ կզբաղեցնեի որևէ ղեկավար պաշտոն:
Մենք ճիշտ ճանապարհին էինք: 2010 թ. ընդունեցինք բարեփոխումների փաթեթ, որը հավանության էր արժանացել նույնիսկ ընդդիմության մեծամասնության կողմից: Բեկումնային պահը 2013 թվականն էր: Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը կառչում էր իշխանությունից, իսկ Էրդողանն ավելի ու ավելի ավտորիտար էր դառնում: Որպես վարչապետ՝ ես փորձեցի շտկել դրությունը: Բայց չկարողացա հասնել իմ ուզածին:
Նա, ով ինձ տիկնիկ է անվանում, չի հասկանում թուրքական քաղաքականությունը: «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական կոմիտեի 50 անդամներից 47-ը 2016 թ. Էրդողանի պնդմամբ միջնորդագիր ստորագրեցին իմ դեմ: Հետո նրանք գաղտնի ներողություն խնդրեցին ինձանից: Նրանք ասացին. «Ուսուցիչ, Ձեր քննադատությունը տեղին էր»:
Ոչ պետական հեղաշրջմանը
«Ես տարաձայնություններ ունեմ Էրդողանի հետ: Բայց եթե խոսքը պետական հեղաշրջման մասին է, ապա, անկասկած, ես կկանգնեմ օրինական նախագահի կողքին: Բայց հիմա ամեն ինչ սկսում է սահել: Երբ համավարակից առաջ կուսակցության գործերով ճամփորդում էի Թուրքիայով, մարդիկ ինձ հարցնում էին. «Ինչո՞ւ բաժանվեցիք «Արդարություն և զարգացում» կուսակցությունից»: Իսկ հիմա այդ մասին ինձ ոչ ոք չի հարցնում»:
Տնտեսական ճգնաժամն այսօր առավել խորն է
«Այժմյան տնտեսական ճգնաժամն ավելի ծանր է, քան 2001 թ. ճգնաժամը, որովհետև այս անգամ ոչ միայն տնտեսությունը տուժեց, այլև պետության հիմքերը: Սակայն ես առաջվա պես վստահ եմ, որ մենք ելք կգտնենք՝ դուրս գալու այս ցածր կետից, եթե մեզ հաջողվի վերականգնել ժողովրդավարական սկզբունքները և թարմացնել մեր ինստիտուտները… Թուրքերը հսկայական ձգտում ունեն դեպի ժողովրդավարություն ու օրենքի գերակայություն: Ես դա զգում են ամեն օր, երբ ճամփորդում եմ երկրում: Ուր էլ գնում եմ, մարդիկ ինձ ասում են. «Ուսուցիչ, երեք տարի առաջ ես քվեարկեցի «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին, բայց ոչ այս անգամ»:
2022 թ. գարնանը նոր ընտրություններ կլինեն
«Ես չեմ կարող պատկերացնել, որ Էրդողանի և «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի կոալիցիան երկար կյանք կունենա: Բահչելիի շրջապատի մարդիկ մինչև վերջերս պայքարում էին «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ: Էրդողանը նրանց հետ միություն կամեց ոչ թե համոզմունքի ուժով, այլ այն պատճառով, որ չկարողացավ այլ գործընկեր գտնել: Նա գիտի, որ չի կարող վստահել Բահչելիին: Ես սպասում եմ, որ նոր ընտրությունները կկայանան 2022 թ. գարնանը:
Էրդողանը չի զգում երկիրը
«Ղեկավարները հատկապես թույլ են այն ժամանակ, երբ մտածում եմ, որ ուժեղ են: Էրդողանն իրեն շրջապատել է իր կողմնակիցներով: Նա կորցրել է տեսադաշտից երկրի իրական վիճակը: Այս կառավարությունում չկա մեկը, ով ի վիճակի կլինի հաղթահարել ճգնաժամը, որն այս պահին ապրում ենք: Էրդողանը կորցնում է ժողովրդի աջակցությունը: Նա կանգնած է ծանր որոշման առջև. կամ կշարունակի միություն կազմել Բահչելիի հետ և իրենից ավելի հեռացնել քուրդ ընտրողներին, լիբերալներին և երիտասարդ պահպանողականներին, կամ դուրս կգա կոալիցիայից և նոր ընտրություններ կանցկացնի:
Որպես նախկին վարչապետ՝ ես երաշխավորում եմ քաղաքացիներին, որ կլինեն արդար և ազատ ընտրություններ… Ընտրությունները Թուրքիայում ավանդույթներ ունեն: Էրդողանը կփորձի վիճարկել քվեարկության արդյունքները, բայց դա նրան չի հաջողվի»:
Թուրքիայի նախագահի շրջապատը կարող է անկարգություններ հրահրել
«Նրա շուրջ կարող են լինել մարդիկ, ովքեր կփորձեն անկարգություններ հրահրել, որպեսզի պահպանեն իշխանությունը: Բայց անհաջողության կմատնվեն: Տնտեսական աղետալի իրավիճակի պատճառով այնքան մեծ է բնակչության դժգոհությունն իշխանություններից, որ մանիպուլյացիոն մանևրները հաջորդ ընտրություններում որոշիչ դեր չեն խաղա»:
Դավութօղլին հույս ունի, որ ժողովուրդը քաղաքացիական պատերազմ չի թույլատրի
«Թուրքիայի ժողովուրդը քաղաքացիական պատերազմ չի թույլատրի, ինչպես չթույլատրեց, որ 2016 թ. դավադիրները պետական հեղաշրջում իրականացնեն երկրում: Որպես քաղաքական գործիչներ՝ մենք չպետք է առանց պատճառի խուճապ տարածենք: Պետք է ոգևորենք մարդկանց: Կուզեի, որ բոլորս մեղմենք հռետորաբանությունը, քանզի ավտորիտար ռեժիմները միակն են, որոնք շահում են բևեռացումից: Եթե ամեն ինչ հանդարտվի, ոչ ոք չի քվեարկի Էրդողանի անգրագետ, ոչ կոմպետենտ կառավարության օգտին»:
Բարեպաշտ մահմեդականը
«Ես բարեպաշտ մահմեդական եմ և հարգում եմ կրոնական բոլոր ավանդույթները: Կրոնական բազմակարծությունն իմ կուսակցության սկզբունքն է: Դրա հիմնադիրները հույներն են, հայերը և ասորի քրիստոնյաները, ինչպես նաև սուննի մահմեդականները և ալևիները: Քաղաքականությունն ու կրոնը պետք է խստորեն տարանջատվեն: Հեղաշրջման ժամանակ մենք տեսանք, թե ինչպես են կրոնը չարաշահում:
Իմ նպատակն Էրդողանին գահընկեց անելը չէ: Իմ նպատակը Թուրքիայում ժողովրդավարության վերականգնումն է: Ես ուզում եմ, որ կարծիքի արտահայտման ազատությունը, օրենքի գերակայությունը և իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը վերադարձվեն այս երկիր: Եվ, այո, ես պատրաստ եմ աշխատել ամենատարբեր կուսակցությունների հետ, որպեսզի դա տեղի ունենա»:
Մաֆիոզ կառավարություն
«Ամբողջ Թուրքիան մաֆիոզ չէ: Բայց, այո, կառավարության մի մասը նման է մաֆիոզ կառույցի»: