Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիին մտադիր են պատասխանատվության կանչել նրա ղեկավարման տարիներին խորացված տնտեսական խնդիրների համար: Խորհրդարանականների մի խումբ համապատասխան հայց է ներկայացրել՝ շեշտը դնելով այն բանի վրա, որ գործադիր իշխանության նախկին ղեկավարը չի կարողացել կատարել իր պարտականությունները: Չնայած այն հանգամանքին, որ այժմ Իսլամական Հանրապետության գլխին կանգնած են այսպես կոչված քաղաքական իսթեբլիշմենտի պահպանողական թեւի ներկայացուցիչները, քաղաքագետ-բարեփոխիչի նկատմամբ ցուցադրական հաշվեհարդարը, հավանաբար, անհրաժեշտ է տնտեսական ոլորտում ձախողման համար, առավել եւս, որ այդ խնդիրները հեռանկարում կարող են խորանալ:
Այն մասին, որ Ռոհանիի դեմ հայց է ներկայացվել, տեղեկացրել է սահմանադրական 90-րդ հոդվածի (մեջլիսի աշխատանքի վերաբերյալ բողոքների մասին) իրացման գծով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Նասրուլլահ Փեջմանֆարը: Նրա խոսքերով՝ այդ հայցը նախկին պաշտոնական դեմքերի՝ «քաղաքական որոշակի ոլորտներում համապատասխան գործողությունների ձեռնարկման» անկարողության պատասխանն է:
Փեջմանֆարը պարզաբանել է, որ դեպքերից մեկը կապված է Թեհրանի ֆոնդային բորսայի, իսկ մյուսը` արտարժույթի շուկայում նախկին վարչակազմի միջամտության քաղաքականության հետ: «Հանձնաժողովն այդ առիթով շատ գործեր է հավաքել,-հաղորդել է պատգամավորը:- Դրանցից ոմանք հետաքննության նպատակով հանձնված են դատական մարմիններին, իսկ մյուսներն առայժմ ավարտին են հասցվում»: Փեջմանֆարը շեշտել է, որ գործերից մեկը կապված է Թեհրանի ֆոնդային բորսայի, իսկ մյուսը՝ արտասահմանյան տարադրամի շուկայում նախկին վարչակազմի միջամտության քաղաքականության հետ:
Ռոհանիի թիմին մեկ անգամ չեն քննադատել ֆոնդային շուկայի փլուզման համար, որը հանգեցրեց այն բանին, որ շատ ներդրողներ կորցրեցին իրենց կարողության մեծ մասը: Իսկ նրա երկրորդ նախագահության ժամանակ գնաճ է գրանցվել: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի՝ «միջուկային գործարքից» դուրս գալուց եւ կրկին հակաիրանական պատժամիջոցների կիրառումից հետո: Մեջլիսն այժմ վերահսկող պահպանողական ճամբարի ներկայացուցիչներից շատերը 2020 թ. սկզբին նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել են պատասխանատվության ենթարկել Ռոհանիին միանգամից մի քանի մեղադրանքներով, որոնք գլխավորապես կապված են վերը նշված խնդիրների հետ: Նրանք սկզբում խոսում էին քաղաքական գործչին պատժելու անհրաժեշտության մասին արժույթի արժեզրկման, գործազրկության աճի եւ գնաճի համար:
Հատկանշական է, որ մոտավորապես մեկ ամիս է անցել այն բանից հետո, երբ Ռոհանին հեռացավ նախագահի պաշտոնից, սակայն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին դեռ չի շտապում նրան նշանակել նոր պաշտոնում: Նախկին նախագահները, որպես կանոն, բավական կարճ ժամկետում աթոռներ էին զբաղեցնում Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդում: «Էթեմադ» թերթը հաղորդել է, որ քաղաքական տարածությունում առկա լուրերը վկայում են այդ կառույցի նախագահ դառնալու Ռոհանիի հեռանկարների մասին: Սակայն առայժմ նման նշանակման հստակ նախադրյալներ չկան: «Iran International» ընդդիմադիր ալիքը նշել է, որ խորհրդում քաղաքական գործիչը վերջին անգամ հայտնվել է 2017 թ. հունվարին:
Ռոհանին իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում պահպանողականների սիրելի թիրախն էր՝ հիմնականում միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու տնտեսական հետեւանքների պատճառով: Պատասխանատվությունն ընկավ նախագահի աշխատակազմի վրա, օրինակ՝ բենզինի արտոնյալ գների բարձրացման եւ այս ֆոնին բռնկված ցույցերի համար: Մեղքը բարեփոխիչների վարչակազմի վրա բարդվեց նաեւ իրանական արտադրության մեքենաների գների աճից հետո, երբ որոշ մոդելների արժեքը բարձրացավ 20-30 տոկոսով: Իմպիչմենտի հետ կապված կանոնավոր սպառնալիքները, սակայն, կյանքի չկոչվեցին: Վերլուծաբանների շրջանում տարածված կարծիք կար, որ դրան խոչընդոտում էր Մեծ Այաթոլլայի դիրքորոշումը, ըստ որի՝ Ռոհանին պետք է աշխատեր մինչեւ իր ժամկետի վերջը:
Երբ քաղաքագետ-բարեփոխիչի նախագահության վերջին օրերին նրան հարցրել են ապագայի իր պլանների մասին, նա նշել է, որ կցանկանար վերադառնալ «ակադեմիական ու մշակութային գործունեության»: «Iran International»-ը այն մեկնաբանում է որպես խորհրդանշական ժեստ. դա նշանակում է, որ նա իսթեբլիշմենտի ներսում մեկուսացման շրջան է սպասում: Այդուհանդերձ, «Էթեմադ» հանդեսը, վկայակոչելով վերլուծաբաններին, ենթադրում է, որ Խամենեին սպասում է Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի գործող նախագահի պաշտոնավարման պաշտոնական ավարտին, որից հետո, ամենայն հավանականությամբ, Ռոհանիին կթույլատրի գլխավորել այդ կառույցը: Իսկ նախկին նախագահին ճնշելու փորձը կարող է հետապնդել մի քանի նպատակ:
«Ռոհանին հիմա ավելի քիչ նկատելի է,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցի հետ զրույցում խոստովանել է «ՊԻՌ» կենտրոնի խորհրդական Յուլյա Սվեշնիկովան՝ մեկնաբանելով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը:– Ինձ թվում է՝ հենց այն է տեղի ունենում, ինչ սպասում էինք: Նա վստահ սկսեց՝ խոստանալով, որ ոչ միայն ցենտրիֆուգները կպտտվեն, այլեւ մարդկանց կյանքը, երբ կկարգավորի հարաբերություններն Արեւմուտքի հետ: Այսպիսի հաջորդականություն կար՝ կարգավորել հարաբերություններն Արեւմուտքի հետ, լուծել «միջուկային հարցը» եւ, որպես արդյունք, ամրապնդել տնտեսությունը: Արդյունքում, ինչպես գիտենք, դա չհաջողվեց անել: Եվ Ռոհանին չկարողացավ իրենից հետո ժառանգություն թողնել»: Վերլուծաբանի խոսքերով՝ նա ակամա իրեն հարվածի տակ է դրել պլանի ձախողման պատճառով:
Փորձագետի խոսքերով՝ զգացողություն կա, որ կոշտ գծի կողմնակիցները, հասկանալով, թե ինչ իրավիճակում են հայտնվել, կմտածեն, թե իրենք ինչպես պետք է հաղթահարեն այն խնդիրները, որոնք մնացել են Ռոհանիի դարաշրջանից:
«Նախագահությունը շատ վնասակար է այն մարդկանց կարիերայի համար, որոնք Իրանի նախագահ են դարձել, չնայած այն բանին, որ նրանց լիազորությունները սահմանափակված են: Ես չեմ կարծում, որ Ռոհանիին հնարավոր է քավության նոխազ դարձնել վերջին տարիների մեղքերի համար,- նշել է Սվեշնիկովան:– Նա այս համակարգի արգանդից ծնված ֆունկցիոներ է, եթե նայենք այն պաշտոններին, որոնք նա զբաղեցրել է մինչ այդ: Հնարավոր է՝ որոշ ժամանակ անց նրան ինչ-որ պաշտոն տան»: