Չնայած շատ լուրջ տարաձայնություններին, Արեւմուտքը հույս ունի համագործակցել Ռուսաստանի հետ՝ կանխելու համար Աֆղանստանից բխող ահաբեկչության սպառնալիքը: Ըստ ամենայնի՝ այսպես պետք է մեկնաբանվի հարցազրույցը, որը տվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Փորձագետների կարծիքով՝ այս դեպքում Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի միջեւ սերտ համագործակցությունը հնարավոր է, բայց արտաքին քաղաքական մյուս ուղղություններում առկա խնդիրները եւ Աֆղանստանի հարցում անցյալի ոչ հաջող փոխգործակցության փորձը կբարդացնեն այն, եթե ընդհանրապես չբացառեն:
«Sunday Telegraph»-ին տված հարցազրույցում Ստոլտենբերգը խոսել է այն դասերի մասին, որոնք ՆԱՏՕ-ն ստացել է աֆղանական վերջին իրադարձություններից: Նրա կարծիքով՝ «Թալիբանը» կարողացել է արագ գրավել երկիրը՝ հիմնականում տեղական իշխանությունների կոռուպցիայի եւ արեւմտյան կոալիցիոն ուժերի կողմից թշնամուն հակազդելու հստակ ծրագրերի բացակայության պատճառով, այդ թվում՝ անցումային ժամանակաշրջանի համար, այլ կերպ ասած՝ ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակ:
Աֆղանական ձախողման պատճառների այս բացատրությունները նոր չեն: Այն մասին, որ Աշրաֆ Հանիի կառավարությունը կոռումպացված է եւ, հետեւաբար, չի կարողանա արդյունավետ պայքար կազմակերպել թալիբների դեմ, իսկ Պենտագոնը չունի գործողությունների համահունչ ռազմավարություն, արեւմտյան մամուլում խոսում էին դեռ այն ժամանակ, երբ ամերիկյան զորքերն Աֆղանստանում էին: Սակայն, դատելով Ստոլտենբերգի խոսքերից, ՆԱՏՕ-ն նոր դաս է ստացել, եւ դա վերաբերում է դաշինքից դուրս գտնվող երկրների հետ փոխգործակցությանը: «Ես լիովին համաձայն եմ, որ միջազգային ողջ հանրությունը, ներառյալ՝ Ռուսաստանը եւ Չինաստանը, պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի Աֆղանստանը չդառնա այն վայրը, որտեղ ահաբեկչական խմբավորումները կարող են ազատ գործել, կազմակերպել, պլանավորել եւ ֆինանսավորել հարձակումները մեր երկրներում»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Ստոլտենբերգը չի բացատրել, թե ինչում պետք է արտահայտվեն այդ ջանքերը: Մի շարք իրադարձություններ վկայում են, որ արեւմտյան առաջնորդներից շատերը քննարկում են Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունը՝ «Թալիբանի» հաղթանակից բխող վտանգը նվազագույնի հասցնելու համար: Առաջին հերթին խոսքը Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիի՝ կիրակի NHK հեռուստաալիքին տված հարցազրույցի մասին է: Դրանում նա հայտարարել է, որ «Աֆղանստանում իրավիճակը քննարկելու համար G7-ը հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնի արտաքին գերատեսչությունների մակարդակով»: Այդ բանակցություններին, ըստ նախարարի, պետք է մասնակցեն Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների ներկայացուցիչներ:
G7-ի միջոցառմանը Ռուսաստանի մասնակցության բուն փաստը, նույնիսկ ոչ լիիրավ անդամի կարգավիճակում, դիվանագիտական բեկում կլիներ Արեւմուտքի հետ հարաբերություններում: «Մեծ ութնյակը» «Մեծ յոթնյակի» վերածվեց 2014 թ., երբ յոթ երկիր դատապարտեց Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այժմ պետությունների ոչ պաշտոնական ակումբի կազմում, որը պայմանականորեն անվանվում է Արեւմուտք, ներառված են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան: Ռուսաստանին այնտեղ վերադարձնելու գաղափարն արտահայտել է Դոնալդ Թրամփը իր նախագահության օրոք, սակայն այն աջակցություն չի գտել:
Ռուսաստանի ղեկավարությունը մեկ անգամ չի հայտարարել, որ համագործակցության այդ ձեւաչափն իրեն այլեւս հետաքրքիր չէ: Ինչպես արտահայտվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «կյանքն առաջ է անցել»: Կա «Մեծ քսանյակի» ձեւաչափը: ՌԴ-ն, ինչպես նաեւ «Մեծ յոթնյակի» տերությունները, դրա անդամներն են: Ուստի «Մեծ ութնյակին» վերադառնալու անհրաժեշտություն չկա: Միեւնույն ժամանակ փաստ չէ, որ նման բազմաթիվ հայտարարությունները, որոնք անում են ռուսաստանյան տարբեր մակարդակների պաշտոնյաները, իրոք, անկեղծ են: Ռուսաստանի վերադարձն այդ ակումբ, որի անդամ դարձել է 1997 թ., կազդարարի Արեւմուտքի հետ բախման մակարդակի իջեցման մասին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի հաստատել Մոտեգիի խոսքերը: Նա նշել է, որ Ռուսաստանի արեւմտյան գործընկերները «ոչ համակարգային մոտեցում» են ցուցաբերում: «Երկու օր առաջ մենք Բեռլինից եւ Փարիզից ազդակներ ստացանք ինչ-որ հանդիպման վերաբերյալ, սակայն «յոթնյակի» մասին խոսք չկար: Դրան հաջորդեց Տոկիոյի հայտարարությունը «յոթնյակի» համատեքստում: Այս ամենը տեղի է ունենում «յոթնյակի»՝ Ռուսաստանի վերաբերյալ տարբեր հայտարարությունների, ձեւաչափին նրա չմասնակցելու կամ մասնակցելու ֆոնին»,- նշել է Զախարովան: Նրա խոսքերով՝ «բացակայում է գործընկերների հստակ ընկալումը, թե ինչ են նրանք ցանկանում իրենցից եւ շրջապատող աշխարհից»:
Իրոք, Մոտեգիի հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Առաջին հերթին պարզ չէ, թե G7-ի որ հանդիպումը նկատի ունի: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 3-ին հայտարարել է Աֆղանստանի հարցով այս շաբաթ արտգործնախարարների առցանց հանդիպման մասին, սակայն G20-ի ձեւաչափով: Դրա կազմակերպիչները կլինեն ԱՄՆ-ն ու Գերմանիան: Միեւնույն ժամանակ մեկ օր առաջ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել էր, որ «քսանյակը» «ամեն դեպքում» կհավաքվի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովից հետո: Այսինքն՝ սեպտեմբերի վերջին: Հարկ է ավելացնել, որ Իտալիան G20-ի նախագահն է: Հնարավոր է, սակայն, որ Դրագին նկատի է ունեցել հենց պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, այլ ոչ թե արտգործնախարարների հանդիպումը:
Ինչ էլ որ լինի, արեւմտյան առաջնորդների անորոշ եւ հակասական հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները չեն պատրաստվում անտեսել Ռուսաստանին գոնե իրենց աֆղանական քաղաքականության մեջ, եւ դա հասկանալի է: Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը կապեր են պահպանում թալիբների հետ, ինչպես նաեւ կարող են ազդել Միջին Ասիայի՝ Աֆղանստանին սահմանակից երկրների վրա: Ռուսաստանը նաեւ շահագրգռված է թուլացնել Արեւմուտքի պատժամիջոցները: Բաց է մնում հարցը, թե արդյոք այս ամենը կարո՞ղ է փոխակերպվել համագործակցության Աֆղանստանի հարցում:
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոն «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Միացյալ Նահանգների համար Չինաստանի ու Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարը դեռեւս ավելի կարեւոր առաջնահերթություն է, քան ահաբեկչական սպառնալիքի լիակատար վերացումը: Սա երեւում է Ջոզեֆ Բայդենի հայտարարություններից եւ գործողություններից: «Տարօրինակ է, որ Ստոլտենբերգն ընդհանրապես կարծում է, թե Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանն այս իրավիճակում պարտավոր են ինչ-որ բան անել»,- ասել է նա: Բացի այդ, Ֆենենկոն նշել է, որ Աֆղանստանում արեւմտյան գործողությունների ընթացքում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը, ընդհանուր առմամբ, չի ստացվել: «Նման փորձեր արվեցին 2001 եւ 2002 թթ.: Բայց, ի վերջո, 2003 թ. ՆԱՏՕ-ն հայտարարեց առաքելությունը Աֆղանստանում իր հատուկ վերահսկողության տակ դնելու մասին՝ առանց ՄԱԿ-ի համաձայնության»,- ասել է փորձագետը: