Իրանը խոստանում է միջազգային միջնորդների հետ «միջուկային գործարքի» վերականգնման բանակցություններին վերադառնալ մի քանի շաբաթից: ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը, որը Վիեննայի այդ երկխոսությանն անուղղակիորեն է մասնակցում, վստահեցնում է, որ դռները բաց են դիվանագիտական գործակցության համար: Սակայն տեմպերը, որոնցով Իսլամական Հանրապետությունը զարգացնում է իր ներուժն այն պատճառով, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ օպերատիվորեն հանել բոլոր սահմանափակումները, վախ են ներշնչում, որ Իրանը մոտենում է միջուկային շեմային տերության կարգավիճակին: Փորձագետները կարծում են, որ Թեհրանը կարող է հրաժարվել միջուկային մշակումներից, սակայն ամեն բան հենվում է խաղացողների քաղաքական կամքի վրա:
Հաղորդումներն այն մասին, որ Իրանը միայն մի քանի շաբաթից կվերսկսի երկխոսությունը՝ միտված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերականգնմանը, հայտնվեցին այն պահին, երբ Նյու Յորքում անցկացվում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Շատերը հույս ունեին, որ իրանական պաշտոնատար անձինք հենց այնտեղ կփորձեն պայմանավորվել միջուկային բանակցությունների վերսկսման կոնկրետ ժամկետների մասին, բայց առայժմ նման նախանշաններ չկան: Դրա փոխարեն Թեհրանը տեղեկացրել է, որ մտադիր է Գործողությունների համատեղ համապարփակ պլանի յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին երկկողմ խորհրդակցություն անցկացնել: Ոչ ավելին: Կոլեկտիվ հանդիպում, ինչպես հայտնել են եվրոպացի պաշտոնյաները, չի լինի: Նշենք, որ «միջուկային գործարքի» մասնակիցներն են Ռուսաստանը, Չինաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:
Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ «միջուկային գործարքի» վերաբերյալ բանակցություններին, որոնք ավելի հաճախ անցկացվում են միջազգային միջնորդների միջոցով, սակայն շեշտել է ժամկետների հարցում կոնկրետության անհրաժեշտության մասին: «Դիվանագիտական գործակցության համար դուռը բաց է մնում,- ուշադրություն է դարձրել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի դիրքորոշումը:- Մեր պատվիրակությունը միշտ շեշտել է, որ դեպի առաջ լավագույն ճանապարհն աջակցությունն է երկխոսությանը, խորհրդակցությունների անցկացմանը, հասկանալը՝ արդյոք կարո՞ղ ենք վերադառնալ բանակցություններին»: Միեւնույն ժամանակ, դատելով հակադիր ազդանշանների մասին, որոնք գալիս են իրանցի պաշտոնյաներից, Պսակին նկատել է, որ «նրանք իրենց քաղաքականությունն ունեն»:
Երեքշաբթի հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ իր երկիրը բանակցություններն «օգտակար գործիք» է համարում, «որոնք վերջնարդյունքում կհանգեցնեն բոլոր սահմանափակումների հանմանը»: «Միջուկային զենքը տեղ չունի Թեհրանի պաշտպանական դոկտրինայում»,- վստահեցրել է գործադիր իշխանության ղեկավարը: Իր ելույթում նա փորձել է շեշտը դնել ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության անմարդկայնության վրա՝ հայտարարելով, որ պատժամիջոցները, որոնք «սահմանափակում են դեղորայքի ներմուծումը համավարակի ժամանակ, հանցագործություն են մարդկության նկատմամբ»: «Պատժամիջոցներն աշխարհի բոլոր ժողովուրդների հետ ԱՄՆ-ի պատերազմների համար նոր միջոցներ են,- նշել է Ռաիսին:- Իրանի դեմ պատժամիջոցները կիրառվել են միջուկային ծրագրի հայտնվելուց շատ առաջ»:
Իսրայելական վերլուծաբանների կարծիքով՝ Իրանի նախագահի վերջին արտահայտությունները ցույց են տալիս, թե Իսլամական Հանրապետությունը որքան ճարպկորեն է մանիպուլյացիայի ենթարկում ամերիկացիներին: «The Jerusalem Post»-ը նշում է, որ Ռաիսին «հարվածում է բռունցքներով եւ վիրավորում» ԱՄՆ նախագահի աշխատակազմին, իսկ Բայդենը «մյուս երեսն է շրջում՝ հույս ունենալով, որ իր զսպվածությունը» կկասեցնի իրանական միջուկային առաջընթացը: «The Jerusalem Post»-ն ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն արդեն հայտնել է իրանական կողմին նոր զիջումներ անելու իր պատրաստակամության մասին: Նրանց ցուցակը ենթադրաբար ներառում է թույլտվություն Թեհրանին, որպեսզի պահպանի ուրանի հարստացման համար նախատեսված ժամանակակից գերարագ ցենտրիֆուգների տեսականին, այլ ոչ թե ոչնչացնի, ինչպես նաեւ վերացվեն որոշ պատժամիջոցներ, որոնք կիրառվում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակաշրջանից:
«Էդիոթ Ահրոնոտի» համար գրած հոդվածում Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը հաստատում է, որ Իրանն ուրանի հարստացման այժմյան տեմպերով արդեն վերածվել է միջուկային շեմային տերության: «Շեմային կարող է լինել այն պետությունը, որն ունի միջուկային զենք, բայց այն «հավաքված» եւ անմիջական օգտագործման համար պատրաստ չի պահում,- շեշտել է կառավարության նախկին ղեկավարը:- Փոխակերպումը զենքի ժամանակ է պահանջում՝ մի քանի ժամ կամ մի քանի ամիս… Շեմային իրավիճակը պարզապես դիվանագիտական գործիք է քաղաքական ղեկավարության ձեռքում, որը հնարավորություն է տալիս հայտարարված իրավիճակը դարձնել երկիմաստ եւ բարձրացնել ճկունությունն ու քաղաքական գործողությունների ազատությունը»:
Այսօր Իրանը, ինչպես երբեք, պատրաստ է այն պահին, երբ նրա ներուժը, իհարկե, ցանկության դեպքում, բավարար կլինի ստեղծել ատոմային ռումբ: Իսկ Իրանի կուտակած ներուժն այսօր գլխավորապես օգտագործվում է ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրան վերադարձնի «միջուկային գործարքին»: Իսկ այն բանի համար, որ Իրանը հրաժարվի իր կուտակած ներուժից, ԱՄՆ-ը պետք է որոշակի երաշխիքներ տա Թեհրանին: Բացի այն, որ լուրջ տարաձայնություններ կան պատժամիջոցների ցուցակի հարցում, Իրանին երաշխիքներ են պետք, որ չի կրկնվի այն, ինչ տեղի է ունեցել Թրամփի օրոք:
Քաթարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի կայքը հաղորդել է, որ անցած շաբաթ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ներկայացուցիչների միջեւ գաղտնի հանդիպում է կայացել: Ամերիկա-իսրայելական ռազմավարական աշխատանքային գաղտնի խումբը իսրայելական նոր կառավարության օրոք առաջին անգամ է հավաքվել: Իսկ բանակցությունների հիմնական թեման եղել է Իրանը. ԱՄՆ-ը եւ Իսրայելը գաղտնի բանակցությունների ընթացքում քննարկել են պահեստային տարբերակ այն դեպքի համար, եթե Թեհրանը մոտ ժամանակներս չվերսկսի բանակցությունները «միջուկային գործարքի» վերաբերյալ:
Աշխատանքային խմբի գործունեության վերսկսման մասին որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի եւ Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բեննետի միջեւ օգոստոսի վերջին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում:
Ամերիկա-իսրայելական ռազմավարական աշխատանքային գաղտնի խումբն ստեղծվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ղեկավարման առաջին ամիսներին, իսկ նրա հանդիպումները դարձել են հիմնական հարթակ, որտեղ Թել Ավիվն ու Վաշինգտոնը քննարկել են իրանական դոսյեն:
2021 թ. փետրվարին Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտնն ստանձնելուց մեկ ամիս անց Սպիտակ տունն Իսրայելին առաջարկել է վերսկսել ամերիկա-իսրայելական ռազմավարական աշխատանքային խմբի գործունեությունը: Մարտին ու ապրիլին բանակցությունների երկու փուլ է կայացել:
Գաղտնի բանակցություններին, որոնք անցկացվել են տեսակոնֆերանսի ձեւաչափով, մասնակցել են ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյկ Սալիվանը եւ նրա իսրայելցի գործընկեր Էյալ Հուլատան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ:
Իսրայելական կողմին անհանգստացնում է այն փակուղին, որն առաջացել է Թեհրանի հետ բանակցություններում, ինչպես նաեւ վերջինիս միջուկային ակտիվությունը, ուստի պնդում է պլան «Բ»-ի անհրաժեշտության մասին:
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան, ով մասնակցել է բանակցություններին, ասել է, որ ամերիկացիները նույնպես անհանգստացած են այս փակուղային իրավիճակից: Նրանք պարզ հասկացրել են, որ եթե «միջուկային գործարքի» վերաբերյալ բանակցությունները չվերսկսվեն մոտ ժամանակներս, ապա Բայդենի վարչակազմը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ: Այս մասին հայտնել է «Walla» կայքը:
2021 թ. ապրիլից մինչեւ հունիս Իրանն ու Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մյուս մասնակիցները բանակցությունների վեց ռաունդ են անցկացրել Վիեննայում՝ միջուկային համաձայնագիրը վերականգնելու նպատակով, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել: Այդ բանակցությունները, որոնք անցկացվել են ԵՄ-ի հովանու ներքո, միտված են այն բանին, որ ԱՄՆ-ը վերադառնա «միջուկային գործարքին», որից այդ երկիրը 2018 թ. մայիսին դուրս է եկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, իսկ Իրանն էլ կատարի իր պարտավորությունները՝ կապված միջուկային ծրագրի հետ: