Վրաստանում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջատար է, այն հավաքել է ձայների 48,56 տոկոսը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik ռադիոկայանը։
Երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հավաքել է ձայների 31,23 տոկոսը։ ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հաշվել են քվեաթերթիկների 38,63 տոկոսը։
Թբիլիսիում քաղաքապետի ընտրություններում առավել շատ ձայներ (41,61 տոկոս) հավաքել է գործող քաղաքապետը, սակայն առաջին փուլում հաղթելու համար ձայները բավարար չեն: Երկրորդ փուլում նրա մրցակիցը լինելու է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկ Մելիան, որը հավաքել է ձայների 34,13 տոկոս:
Նշենք, որ Վրաստանում այսօր` հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել, որոնք, ըստ վերլուծաբանների, հանգուցային նշանակություն կունենան երկրի հետագա քաղաքական զարգացումների համար։
Չի բացառվում, որ հաջորդ տարի երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որոնց արդյունքները կարող են ուրվագծվել արդեն այսօրվա ՏԻՄ ընտրություններում։
Հիշեցնենք` 2011 թ.-ին միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ով իր կարողությունը ձեռք էր բերել Ռուսաստանում, հայտարարեց որ զբաղվելու է քաղաքականությամբ և հիմնադրեց «Վրացական երազանք» կուսակցությունը։
2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» հաղթեց։ Կուսակցությունը իշխանության մնաց նաև 2016 և 2020 թթ-ի խորհրդարանական ընտրություններից հետո։
2020 թ. հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր բոլոր կուսակցությունները՝ Մ․ Սաակաշվիլու հիմնադրած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության գլխավորությամբ, վիճարկեցին ընտրությունների արդյունքները, որոշեցին հրաժարվել մանդատներից և պահանջեցին անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանում սկսվեց քաղաքական ճգնաժամ, որը շարունակվում է մինչ օրս։
Այն հաղթահարելու համար քաղաքական ուժերն առաջարկում են հաջորդ տարի արտահերթ ընտրություններ անցկացնել։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընտրությունների նախօրեին վերադարձել էր Վրաստան ու ձերբակալվել։
Նրա դեմ 13 քրեական գործ կա հարուցված, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված է ազատազրկման։