Հարավային Կովկասում ռազմական ուժերի կենտրոնացումը շարունակվում է: Իրանական բանակի՝ երկրի հյուսիսային սահմանների մոտ տեղի ունեցող մանեւրների ֆոնին տարածաշրջանում սկսվել են մի շարք զորավարժություններ, որոնցում ներգրավվել են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների զինվորականները: Դատելով ստացված տեղեկատվությունից՝ ԱՄՆ-ը եւ Իսրայելը, դիվանագիտականից բացի, նաեւ ուժային գործողություններ են պլանավորում՝ ցանկանալով Իրանին վերադարձնել սկզբնական «միջուկային գործարքին»:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը մեջբերել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերը, ով Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալյա Հուլատայի՝ ԱՄՆ այցելության նախօրեին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է «դիմել այլ տարբերակների», եթե դիվանագիտությունը չկարողանա համոզել Իրանին՝ վերադառնալու սկզբնական «միջուկային գործարքին»:
Իսրայելը, հիշեցնենք, վախենում է, որ Իրանը, այնուամենայնիվ, ատոմային ռումբ կստանա, ուստի հանդես է գալիս նրա դեմ կոշտ միջոցների կիրառման օգտին: Առայժմ դրանք ավելորդ են, քանզի Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ «մոտ ժամանակներս» կշարունակվեն բանակցությունները «միջուկային համաձայնագրի վերսկսման մասին»:
Բայց Թեհրանի այսպիսի դիրքորոշումը չի խանգարում նրան՝ մարտական տրամադրվելու Իսրայելի, ինչպես նաեւ Թուրքիայի նկատմամբ, կան երկարաժամկետ ռազմատեխնիկական կապեր Ադրբեջանի հետ: Սոցիալական ցանցերում հրապարակվել է մի լուսանկար, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լուսանկարվել է իսրայելական «Harop» զինամթերքի ֆոնին: Կրակի վրա յուղ է լցնում արաբական «Էլաֆ» օնլայն թերթի հրապարակումը, որում հեղինակը հավաստիացնում է, որ «իսրայելական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Բաքու իրանա-ադրբեջանական հակամարտության ֆոնին»: Թերթը հաղորդում է, որ «Իսրայելը վստահեցրել է իր դաշնակցին, որ կպաշտպանի նրան Իրանի հետ պայքարում, հնարավոր օգնություն կցուցաբերի ադրբեջանցիներին»: Այս տեղեկատվության այլ հաստատումներ չկան: Միեւնույն ժամանակ, այցելելով երկրի հարավում գտնվող ռազմական կայազորներ, Ալիեւն Իրանից պահանջել է տարածաշրջանում Իսրայելի ներկայության ապացույցներ ներկայացնել: «Այստեղ նրանք որտե՞ղ են Իսրայել տեսել: Այստեղ ոչ մի մարդ չկա»,- ասել է Ալիեւը Ջաբրայիլի (Ջրական) շրջան կատարած այցի ընթացքում, որտեղ Իրանի հետ սահմանին նա ռազմաբազա է բացել: «Մեր նկատմամբ անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը:
Առայժմ հայտնի չէ, թե Բաքուն ինչ է մտադիր նախաձեռնել Թեհրանի դեմ: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հոկտեմբերի 5-ին Նախիջեւանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ «Sarsilmaz Kardeslik 2021» («Անսասան եղբայրություն 2021») անվամբ, «որոնց նպատակը Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային զորքերի միջեւ բարեկամության, համագործակցության ու համակարգման զարգացումն է: «Մենք կշարունակենք աջակցել նրանց մեր բոլոր միջոցներով, ինչպես մեր ադրբեջանցի եղբայրների համար արել ենք մինչեւ այսօր»,-օրերս հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պինար Կարան: Նկատենք, որ Ադրբեջանը ոչ մի տեղեկություն չի հրապարակել այդ զորավարժությունների մասին, նրա պաշտպանական գերատեսչությունը միայն հաղորդել է, որ օրերս «Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն է այցելել թուրքական մի պատվիրակություն՝ Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորությամբ»: Թուրք ռազմական գործիչը հանդիպել է Ադրբեջանի առանձին համաբանակային ստորաբաժանման հրամանատար Քերեմ Մուստաֆաեւի հետ: Հաղորդվել է, որ հանդիպման ընթացքում նշվել է երկու երկրների համատեղ զորավարժությունների կարեւորությունը, այդ թվում՝ «Անսասան եղբայրություն 2021» մանեւրների: Ավելի վաղ Մուհսին այցելել է Բաքու, որտեղ քննարկել է «Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կողմից արտադրված նորագույն զենքով ու ռազմական տեխնիկայով Ադրբեջանի բանակը զինելու հեռանկարները»:
Ադրբեջանի ու Թուրքիայի զինվորականների մասնակցությամբ «Eternity 2021» զորավարժություններն այժմ անցկացվում են Վրաստանում, որտեղ գտնվում են այդ երկրների պաշտպանության նախարարները: Նրանք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել վրացական պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջեւանշեր Բուրչուլաձեի հետ: Բաքվում հատկապես նշել են, որ հանդիպման ընթացքում գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը վրացական գործընկերոջ հետ քննարկել է ռազմա-քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:
Երկրների համագործակցության հարցերը կքննարկվեն հոկտեմբերի 7-8-ը Թբիլիսիում կայանալիք ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստում՝ կոմիտեի ղեկավար ադմիրալ Ռոբերտ Բաուերի նախագահությամբ: Վրաստանի պաշտպանության նախարարությունում նշում են, որ Թբիլիսի դաշինքի ներկայացուցիչների այցի շրջանակներում «տեղի կունենա համատեղ լիագումար նիստ, որտեղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները մանրամասն կծանոթանան տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրին»: Դեռ պարզ չէ՝ այս հարցերը կազդե՞ն ղարաբաղյան հակամարտության եւ իրանա-ադրբեջանական հարաբերությունների աճող լարվածության վրա:
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ինչպիսին է Թուրքիան, այդ հարցերը կարող են բարձրացնել Թբիլիսիում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Վլադիմիր Պոպովը:- Թուրքիան այժմ ներկայացված է Վրաստանում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմածովային զորավարժությունների շրջանակներում, որոնք կազմակերպվում են Սեւ ծովի վրա՝ երկրի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության նավերով: Ավելի վաղ Թուրքիայի ռազմածովային հատուկ նշանակության ուժերը նմանատիպ առաջադրանքներ են մշակել Կասպից ծովի ադրբեջանական ռազմածովային ստորաբաժանումների հետ»:
Կասպից ծովում երրորդ երկրների ներկայությունը, առավել եւս՝ ՆԱՏՕ-ի անդամ, չի ողջունվում: Բացառված չէ, որ կապված հենց այդ սպառնալիքի հետ՝ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում են, որ Իրանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագընթաց նավեր է տեղակայում Աշտար նավահանգստում, որը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին: Խոշոր տրամաչափի գնդացիրներով համալրված այդ նավատորմը կարող է իրական սպառնալիք լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակառակորդների համար: