Իրանական «Fars»-ում Մեֆդի Պուրսավան հրապարակել է մի հոդված, որում շեշտել է, որ Ռուսաստանն ավանդաբար մեծ դեր է խաղում Կովկասի քաղաքական իրավիճակի վրա: Այժմ այդ դերը կարող է մի փոքր այլ լինել, քան եղել է միշտ՝ նկատի ունենալով այն, որ Թուրքիան ձգտում է քաղաքական կարեւոր խաղացող լինել եւ տարածաշրջանում իրեն հարմար աշխարհաքաղաքական վերակառուցում իրականացնել:
Կովկասյան տարածաշրջանի զարգացման մեջ Ռուսաստանի ներկայությունը միշտ նկատելի է եղել, ցանկացած պատմական շրջանում, եւ ցանկացած պայմաններում դա անտեսել չէր կարելի: Ռուսաստանի համար իր ներկայությունն այստեղ կարեւոր էր, քանզի դա հսկայական նշանակություն ուներ Ռուսաստանի ու նրա հարավային սահմանների ազգային անվտանգության տեսանկյունից:
Անկասկած, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարածաշրջանում հայտնվեցին նաեւ աշխարհաքաղաքական խոշոր այլ խաղացողներ, սակայն Ռուսաստանի նշանակությունը մինչեւ հիմա էլ մեծ է: Դա հստակ դրսեւորվեց նաեւ արցախյան վերջին պատերազմում: Ռուսաստանի համար առաջնայինը ԱՄՆ-ի գլխավորությամբ «աշխարհաքաղաքական Արեւմուտքի» ազդեցության հաստատման ու աճի կանխման խնդիրն էր ինչպես ողջ Կովկասի տարածքում, այնպես էլ դրան հարակից Սեւ ծովի ավազանում: Իսկ ԱՄՆ-ը 21-րդ դարի առաջին տասնամյակներին հսկայական ջանքեր գործադրեց, որպեսզի ամրացնի իր ներկայությունը Սեւ ծովում՝ տարածաշրջանի համար «մեծ անվտանգության» ապահովման քողի տակ:
Սակայն հիմա Անկարայի ու Բաքվի վարքագիծը՝ կապված տարածաշրջանոմ աշխարհաքաղաքական կարգը փոխելու ձգտման հետ, կարող է, ըստ հեղինակի, լրջորեն վնասել Ռուսաստանին: Վերջինս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում պարտություն է կրել Թուրքիայից, եւ նրա համար չափազանց կարեւոր է սահմանափակել Թուրքիայի հնարավորությունները տարածաշրջանում:
Ռուսաստանն անցած տարիներին, որքանով հնարավոր էր, ձգտում էր Թուրքիային հեռացնել արեւմտյան պետությունների միասնական ճակատից, որը ներկայանում էր ՆԱՏՕ-ի տեսքով: Թուրքիային C-400 հրթիռային համակարգերի վաճառքը գործիքներից մեկն էր, որը կոչված էր ծառայելու այդ նպատակին: Դա, իրոք, հանգեցրեց այն բանին, որ Թուրքիան արդեն քանիցս ենթարկվում է ամերիկյան պատժամիջոցների ներդրման սպառնալիքների, բացի այդ, Անկարան լիովին հանվել է ՆԱՏՕ-ի «F-35» կործանիչների արտադրության ծրագրից: Սկզբում Թուրքիան հույս ուներ այդ ծրագրի միջոցով լիովին արդիականացնել իր ռազմաօդային ուժերը: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը ցուցադրեց, որ չափազանց հետաքրքրված է իր նորագույն արտադրանքը Թուրքիային վաճառելու հարցում:
ՌԴ-ն, իհարկե, չի կարող հաշվի չառնել, որ Թուրքիան շարունակում է ՆԱՏՕ-ի անդամ մնալ: Չնայած որ Ռուսաստանն ու Թուրքիան բավական լուրջ հակասություններ ունեն Լիբիայում ու Սիրիայում, դժվար թե հնարավոր լինի պատկերացնել, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների լիակատար դադարեցման ուղղությամբ, ինչպիսի տարաձայնություններ էլ որ ծագեն Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ:
Տարբեր տեսակի տնտեսական ու ռազմական կապերից բացի, որը Թուրքիան ունի Արեւմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ ՆԱՏՕ-ի գծով, Անկարան նաեւ բավական սերտ համագործակցում է դաշինքի հետ անվտանգության ու հետախուզության հարցերում. այդ կապերն ու փոխգործակցությոնը Վաշինգտոնն ակտիվորեն օգտագործում է որպես յուրօրինակ պլատֆորմ՝ կարեւոր ինֆորմացիա ու տվյալներ հավաքելու մերձավորարեւելյան ողջ տարածաշրջանի վերաբերյալ: Օրինակի համար կարելի է հիշել այն մասին, որ Թուրքիայի տարածքում տեղակայված է ԱՄՆ-ի ռադիոլոկացիոն համակարգերի մի մասը, որը կոչված է հակազդել դեպի տարածաշրջան ցանկացած տեսակի բալիստիկ հրթիռների արձակմանը:
Մյուս կողմից՝ Թուրքիայում է ԱՄՆ-ի կողմից օգտագործվող «Ինջիրլիք» ռազմաօդային բազան, որը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի Վաշինգտոնի համար. այն ամերիկացիների կողմից միշտ օգտագործվել է վերջին տասնամյակների ընթացքում Մերձավոր Արեւելքում ցանկացած ռազմական արշավի նախապատրաստության, իսկ որ ամենակարեւորն է, Իրաքում ռազմական գործողությունների համար: Եվ չնայած արդեն նկատելի են որոշ վկայություններ հօգուտ այն բանի, որ Անկարայում հակված են ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը էվակուացնել «Ինջիրլիքից», սակայն միեւնույն ժամանակ ոչ մի կանխանշան չկա, որ բազան ինչ-որ կերպ խափանի իր աշխատանքը. այն ինչպես ծառայել է նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է ծառայել որպես ամերիկյան ռազմական պլանավորման ֆորպոստ:
Վերը նշվածը բավական է՝ հասկանալու համար, որ ՆԱՏՕ-ից ու ԱՄՆ-ից Թուրքիայի կախվածությունը շատ ավելին է, որպեսզի այն կարողանա անհետանալ միայն քաղաքական որոշ տարաձայնությունների պատճառով: Արեւմուտքից Թուրքիայի տնտեսական կախվածությունը նույնպես բավական մեծ է:
Թուրքիան վերջին տարիներին քիչ ջանքեր չի գործադրել, որպեսզի բարձրացնի իր տնտեսական կշիռը. դրա ապացույցը Ռուսաստանի հետ նրա համագործակցությունն է տնտեսական ոլորտում: Բայց իրականությունն այնպիսին է, որ ներկայիս պայմաններում նույնիսկ այդ համագործակցության շնորհիվ չի հաջողվում հասնել լիարժեք անկախության: Չէ՞ որ թուրքական ազգային վալյուտայի՝ լիրայի կայունությունը հենվում է ոչ թե մասշտաբային էներգետիկ նախագծերի, ոչ թե էներգետիկ հատվածի, այլ արտասահմանյան ներդրումների եւ տնտեսության մեջ արտասահմանյան «տաք գումարների» մշտական հոսքի վրա. հենց դրանք են փոխհատուցում դեֆիցիտը՝ կապված մեծ ներմուծման հետ: Եթե թուրքական տնտեսության մեջ այդ հոսքերը դադարեն, Թուրքիային կսպառնա դոլարի նկատմամբ լիրայի կուրսի անխուսափելի կտրուկ անկումը:
Ժամանակակից Թուրքիայի այս բոլոր թուլությունները հիանալի գիտակցում են նաեւ Ռուսաստանում: Այստեղ համապատասխանաբար կարեւոր հարց է առաջանում՝ ռուսները կարո՞ղ են թույլատրել, որ Անկարան կովկասյան տարածաշրջանն օգտագործի սեփական աշխարհաքաղաքական մտքերի կամ պարզապես արկածախնդրության համար: Բայց այդ թեմային կանդրադառնանք «ՀՀ»-ի հաջորդ համարում: