Տաջիկստանում հոկտեմբերի 18-ին մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Մարտական եղբայրություն-2021» զորավարժությունները, որոնք կտեւեն մինչեւ հոկտեմբերի 23-ը: Մասնակիցները մշակում են համատեղ գործողությունների իրականացումը սահմանային հակամարտությունների դեպքերի համար: Բնականաբար, դա կապված է Աֆղանստանում ստեղծված լարված իրավիճակի հետ, իսկ Տաջիկստանն անհաշտ դիրքորոշում է որդեգրել այդ երկրի իշխանությունների նկատմամբ: Հասկանալով դրության լրջությունը՝ Տաջիկստանն ընդլայնում է դաշնակիցների շրջանակը. Թուրքիայի հետ համաձայնագրեր են սպասվում վիզային ռեժիմի վերացման ու ռազմական համագործակցության վերաբերյալ:
Դուշանբեի ու Անկարայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրն առաջին անգամ քննարկվել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ 2021 թ. հուլիսի 1-ին Տաջիկստան կատարած այցի ընթացքում: Աքարը Տաջիկստանն անվանել է Կենտրոնական Ասիայում Թուրքիայի կարեւոր գործընկեր եւ խոստացել տարածաշրջանը պաշտպանել աֆղանական ծայրահեղականներից:
Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Մահմադտոիր Զոքիրզոդան անցած շաբաթ Անկարա կատարած այցի ընթացքում հիշեցրել է ստանձնած պարտավորությունները: Նրա խոսքերով՝ Տաջիկստանն ու Թուրքիան ստորագրել են երկկողմ հարաբերությունները կարգավորող ավելի քան 70 փաստաթուղթ, մոտ 30 փաստաթուղթ այժմ քննարկման փուլում է: Դրանց թվում են Տաջիկստանի ու Թուրքիայի կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության միջկառավարական հուշագիրը եւ երկու երկրների կառավարությունների միջեւ վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Զոքիրզոդան շեշտել է, որ Տաջիկստանը «հավատարիմ է բարեկամության, բարիդրացիության ու այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությանը»: Սակայն, նրա խոսքերով, Աֆղանստանում «Թալիբանի» իշխանության գալը սրել է իրավիճակը տարածաշրջանում. «Տաջիկստանը հանդես է գալիս Աֆղանստանում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման օգտին, միեւնույն ժամանակ աջակցում է այնպիսի կառավարության ստեղծմանը, որը կներկայացնի այդ երկրում ապրող բոլոր ազգությունների հետաքրքրությունները»:
Դա Դուշանբեի պաշտոնական մոտեցումն է: Եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Տաջիկստանի տարածք, ապա վերջինիս օգնության կգա ՀԱՊԿ-ի ողջ ռազմաքաղաքական բլոկը՝ Ռուսաստանի գլխավորությամբ: Մոսկվան մեկ անգամ չէ այդ մասին հայտարարել: Դուշանբեն, Էթնո-ազգային ռազմավարությունների գործակալության տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Կոբրինսկու կարծիքով, կցանկանար դաշնակից ունենալ Փյանջայի մյուս կողմից: Ռուսաստանն Աֆղանստան չի մտնի, ուստի այդ դերում դիտարկվում է Թուրքիան: «Բայց Թուրքիան իր ընտրության մեջ ինքնուրույն չէ: Նրա հետեւում կանգնած է անգլոսաքսոնյան աշխարհը, որը Թուրքիային է տվել Կենտրոնական Ասիայի օպերատիվ կառավարումը, տարածաշրջան, որտեղ թուրքերը կյանքի կկոչեն նեոօսմանյան կայսրության ստեղծման իրենց գաղափարը»,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է Ալեքսանդր Կոբրինսկին: Բացի այդ, Աֆղանստան մտնելու համար Թուրքիային անհրաժեշտ է Չինաստանի ու իրենց՝ թալիբների աջակցությունը:
«Թուրքիայի համար Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի երկրների՝ Թյուրքական միության անդամների սոսնձող օղակն է: Նոյեմբերին, ամենայն հավանականությամբ, Թուրքմենստանը կմիանա կազմակերպությանը, եւ անհրաժեշտ կլինի կարգավիճակ մտածել ոչ թյուրքալեզու Տաջիկստանի համար, օրինակ՝ դիտորդ կամ «լավագույն ընկեր»: Դա տեխնոլոգիայի հարց է»,- նշել է Կոբրինսկին:
Նրա կարծիքով՝ Թուրքիայի ներթափանցումը Կենտրոնական Ասիա տեղի է ունենում Ռուսաստանի պասիվության պատճառով: Տարածաշրջանում նրա ռազմական ներկայությունն ամրացված չէ այլ հարցերում համագործակցության հստակ վեկտորով: Մինչդեռ Թուրքիան առաջարկում է համահունչ քաղաքականություն: Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկումը Տաջիկստանի քաղաքացիներին հնարավորություն կտա գումար վաստակելու համար մեկնել Թուրքիա: Սա՝ այն դեպքում, երբ Ռուսաստանում տաջիկ աշխատանքային միգրանտներն ամեն տարի ավելի ու ավելի են դժվարություններ զգում: Կենտրոնական Ասիայում թուրքական բիզնեսի ակտիվության մասին էլ ավելորդ է խոսել: Կոբրինսկու կարծիքով՝ Թուրքիան նպատակ ունի եւ կամք՝ դրան հասնելու համար:
Իր հերթին՝ ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ Տաջիկստանի ու Թուրքիայի մերձեցումը չարժե գերագնահատել, քանի որ այն ռազմավարական բնույթ չի կրի: «Դա թուրքական սովորական պրակտիկա է՝ հնարավորություններ փնտրել մանեւրի համար, արձանագրել սեփական ներկայությունը համաձայնագրերի, տնտեսական համագործակցության, որոշ, այդ թվում՝ ռազմական հարցերում փոխօգնության միջոցով»,- ասել է Պիտչինը: Նրա կարծիքով՝ իրավիճակն առավել քան տարօրինակ է, հատկապես Ղրղզստանի նկատմամբ Թուրքիայի նախկին քայլերի ֆոնին. տաջիկ-ղրղզական հակամարտության ժամանակ Բիշքեկն Անկարային միանգամայն լրջորեն դիտարկում էր որպես դաշնակից, որն ի վիճակի է պաշտպանել իրեն Դուշանբեի հետ հակամարտությունում:
«Ղրղզստանը, անկասկած, կվերանայի Թուրքիայի հետ կապված իր հույսերը: Բայց թուրքերը Տաջիկստանի նկատմամբ, որը նույնպես արտաքին աջակցություն է փնտրում, իրենց խաղն են վարում: Էմոմալի Ռահմոնն ամենեւին էլ պատահական չի մեկնել Բրյուսել ու Փարիզ. «Թալիբանի» հանդեպ նրա կոշտ դիրքորոշումը արտաքին լուրջ աջակցություն է պահանջում: Այդ ոչ հասարակ իրավիճակում, որը բարձր ռիսկեր է պարունակում, Թուրքիան, որը երկխոսություն է հաստատել «Թալիբանի» հետ, Տաջիկստանի կողմից կարող է դիտվել որպես թալիբներին զսպող գործոն, եթե իրադարձություններն սկսեն զարգանալ Դուշանբեի համար ծայրահեղ լույսի ներքո»,- ասել է Պրիտչինը:
Կապված թուրքական բիզնեսի հետ՝ Պրիտչինը նշել է, որ նրան հաջողությունն ուղեկցում է այնտեղ, որտեղ աջակցություն է ստանում բարձր մակարդակով: Օրինակ՝ Թուրքմենստանում դա տեղի է ունեցել Սափարմուրադ Նիյազովի նախագահության օրոք: Տաջիկստանում այն դժվար թե կրկնվի, որովհետեւ այլ է մենթալիտետը, այլ են լեզվախումբը, տնտեսական կառուցվածքը: Այդ իսկ պատճառով այստեղ խոսքերն ավելի շատ կլինեն, քան գործերը: Օրինակ՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Տաջիկստանի ու Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 186.6 մլն դոլար, որը 2020 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է ընդամենը 27.6 մլն դոլարով: