Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հոկտեմբերի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Սոչի: Դա ՌԴ-ի առաջնորդի առաջին հանդիպումն էր հրեական պետության կառավարության ղեկավարի հետ, ով այդ պաշտոնում է հունիսի 13-ից: Գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ավարտվեցին առաջին բանակցությունները, Պուտինն ու Բենեթը հասցրեցին պայմանավորվել առերես նոր հանդիպման մասին: Ինչպես տեղեկացնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը, Ռուսաստանի նախագահը զանգահարել է նրան եւ հրավիրել այցելել Սանկտ Պետերբուրգ՝ կնոջ հետ: Շփումները մեծացնելու պատրաստակամությունը դրսեւորվել է նաեւ նախարարական մակարդակով. Սոչիի գագաթնաժողովի ավարտից հետո Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը զանգահարել է իր գործընկեր Սերգեյ Լավրովին եւ հրավիրել նրան՝ այցելելու հրեական պետություն: «Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կարեւոր են, եւ մենք կշարունակենք միասին աշխատել բոլոր ոլորտներում Իսրայելի անվտանգության ապահովման համար»,- ասել է Լապիդը:
Սոչիի հանդիպումն ինքնին ցուցադրեց, որ երկու երկրների ղեկավարների միջեւ ոչ վատ անձնական կապ է ստեղծվել: Դա դրսեւորվել է ոչ միայն նրանով, որ Բենեթը Պուտինին անվանել է Իսրայելի ու հրեա ժողովրդի «շատ մտերիմ, իսկական ընկեր»: Բանակցությունները պլանավորվածից երկար են տեւել՝ 5 ժամ: Ինչպես լրագրողներին ասել է Իսրայելի շինարարության նախարար, ռազմաքաղաքական կաբինետի անդամ Զեեւ Էլկինը, ով ավանդաբար մասնակցում է նման մակարդակի բանակցություններին, Ռուսաստանի նախագահը հյուրին հրավիրել է «իր անձնական տուն՝ մեկ գավաթ վիսկի խմելու համար»: «Պուտինն ասաց, որ, որպես կանոն, ղեկավարներին այնտեղ չի հրավիրում»,- նշել է Էլկինը:
Երկու երկրների՝ ամենախնդրահարույց հարցերում համաձայնության գալու ունակությունը, այդ թվում՝ Սիրիայում, կապվում էր Պուտինի եւ նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուի անձնական շփումների բարձր որակի հետ: Նախորդ կառավարության հետ վստահելի կապերի մասին բացման խոսքում մատնացույց է արել ինքը՝ ՌԴ նախագահը: «Հուսով եմ, որ, չնայած ներքին քաղաքական վեճերին, իսկ դրանք անխուսափելի են ցանկացած պետության համար, այնուամենայնիվ, ռուս-իսրայելական հարաբերությունների մասում ձեր կառավարությունը կվարի շարունակականության քաղաքականություն»,- ասել է Պուտինը՝ դիմելով Բենեթին:
Ինչպես տեղեկացրել է Էլկինը, երկու երկրների ղեկավարները «գործնական պայմանավորվածություններ» են ձեռք բերել եւ Իրանի միջուկային ծրագրի, եւ սիրիական զինված հակամարտության հարցերում: «Հենց այդ պատճառով հանդիպումն այդքան երկար տեւեց: Ի սկզբանե նախատեսված էր 2 ժամ, բայց 5 ժամ տեւեց։ Շատ մանրակրկիտ եւ բազմակողմանի քննարկում է եղել»,- ասել է նա։ Նախարարը հրաժարվել է մանրամասնություններ ներկայացնել՝ հստակեցնելով միայն, որ Սիրիայի վերաբերյալ հարցերի մասով «իրոք, ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ուժի մեջ կմնան այն համաձայնագրերը, որոնք գոյություն ունեին նախորդ կառավարության օրոք»։
Վերջին շրջանում համաշխարհային մամուլը հաճախ է նշում Սիրիայի նկատմամբ Իսրայելի օդային գրոհների եւ ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից հրեական պետության հրթիռները չեզոքացնելու մասին: Բայց Բենեթի ու Պուտինի հայտարարություններում արված շեշտադրումները, ամենայն հավանականությամբ, նպատակ ունեն փոխել նրանց կարծիքը, ովքեր վստահ էին, որ Սիրիայի հարցում երկու պետությունների կապերը թուլացել են: Հատուկ ուշադրություն են գրավում Էլկինի հայտարարությունները. նա «Ռուսաստանի հետ հարաբերությունների արժեքը» բացատրել է նրանով, որ «չնայած Իրանի հետ ՌԴ-ի դաշնակցային հարաբերություններին», Իսրայելին հաջողվում է նրա հետ այնպիսի կապեր պահպանել, որոնք Սիրիայի բանակի համար «ազատություն են ապահովում Սիրիայի օդային տարածքում՝ իրանական ազդեցության խորացումն արգելելու համար»: Հավանաբար, Սիրիայի Արաբական Հանրապետության երկնքում իսրայելական գործողությունների որոշ մասով համաձայնություն, այնուամենայնիվ, ձեռք է բերվել: Իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչն արդեն երեկ գրոհել է սիրիական բանակի եւ իրանամետ զինված կազմավորումների դիրքերի վրա, որոնք գտնվում են Դամասկոսից դեպի հարավ ընկած Էլ-Կունեյտրա նահանգում:
Հաշվի առնելով Իրանի օրակարգում Իսրայելի առանձնահատուկ տեղը՝ այս հանդիպումը կարող է նաեւ լուրջ ազդանշան լինել Իսլամական Հանրապետության համար: Ինտրիգայինն այն է, թե իսրայելական կողմից ինչպիսի խոստումների է հասել Կրեմլը ճանաչողական այցի անսպասելի լավ արդյունքների եւ ինտենսիվ շփումների նման բացահայտ խնդրանքի ֆոնին: Հրեա պաշտոնյաներն իրենց եզրափակիչ պաշտոնական գնահատականներում բացահայտ ասում են, որ Իսրայելն «արեւմտյան միակ երկիրն է, որը հատուկ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ»։ Եվ դա չի կարող ենթադրությունների տեղիք չտալ Սպիտակ տան եւ Կրեմլի միջեւ եղած սուր անկյունները հարթելու հարցում միջնորդական դեր խաղալու իսրայելցիների պատրաստակամության մասին։ Տեսանելի ապագայում խնդիրն այն է, թե Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին ինչպես կվերաբերվեն Սիրիան եւ Իրանը:
Ինչպես նշել է սաուդյան «Աշարք ալ-Աուսատ» թերթի իսրայելական աղբյուրը, Բենեթը ցանկացել է «Պուտինին վստահեցնել, որ երկու երկրներն ընդհանուր հետաքրքրություններ ունեն ահաբեկչության դեմ պայքարում, իսկ ահաբեկչության համար Իրանը հենարան է եւ հովանավոր»:
«Վաշինգտոնում Բենեթը փորձել է վերականգնել վստահության կամուրջները, որոնք նրա նախորդներն այրել էին ամերիկյան վարչակազմի ու դեմոկրատական կուսակցության հետ: Իսկ Բենեթը Ռուսաստան է եկել, որպեսզի պահպանի լավ հարաբերությունները, որոնք Նաթանյահուն կառուցել է նախագահ Պուտինի հետ»,-ասել է «Աշարք ալ-Աուսատի» աղբյուրը:
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում Իսրայելը գործել է որպես այս տարածաշրջանում ահաբեկչության հենարան ու հովանավոր: Նաեւ նրա ջանքերի շնորհիվ Թուրքիայի կողմից հավաքագրված ծայրահեղական վարձկանները ներթափանցեցին Արցախ եւ դիրքավորվեցին երկու ուղղություններում՝ թիրախավորելով Իրանն ու Ռուսաստանը: Եվ հենց այդ շրջանում ՌԴ-ի ազգային անվտանգության ծառայությունները մեկը մյուսի հետեւից սկսեցին բացահայտել իսլամական ծայրահեղականների խմբերի, որոնք ահաբեկչություն էին պլանավորել այդ երկրի տարածքում: Այդ մասին հայտարարել են նաեւ այլ երկրների հետախուզական ծառայությունները: Իսրայելն Ադրբեջանի պես շտապում է ուրիշներին մեղադրել հանցանքի մեջ, քանի դեռ իրեն չեն մեղադրել: Փաստերն այլ բան են վկայում, եւ Թել Ավիվը կորցրել է իր վստահությունը տարածաշրջանում:
Նշենք, որ մոտ ժամանակներս պետք է հայտարարվի Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ազգային անվտանգության խորհուրդների ղեկավարների հանդիպման ժամանակի եւ տեղի մասին: Այդ հանդիպման ընթացքում կխոսվի նաեւ իրանական ու սիրիական հիմնախնդիրների մասին: Միեւնույն ժամանակ պետք է հստակեցվի իրավիճակը երկու աշխատանքային խմբերի ձեւավորման հարցում: Դրանցից մեկը պետք է զբաղվի Իսրայել ռուս զբոսաշրջիկների մուտքի սխեմայով, քանի որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը չի գրանցել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: