«Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո (2002 թ.) թուրքական իշխանության ուշադրության կենտրոնում հայտնվեց աֆրիկյան մայրցամաքը։ Թուրքիան որդեգրեց Աֆրիկայում իր ներկայությունն ու ազդեցությունն ընդլայնելուն ուղղված քաղաքականություն. դրա համար կային մի շարք խթանող հանգամանքներ, որոնք դրդեցին թուրքական ղեկավարությանը որոշում կայացնելու ներթափանցել Աֆրիկա։ Նշենք, որ այս մայրցամաքում բնակվում է 3.1 մլրդ մարդ, որոնց մեջ մուսուլմանների թիվը հասնում է մոտ 40 տոկոսի։ Այն ունի ռեսուրսների հսկայական պաշարներ եւ խոստումնալից հնարավորություններ ներդրումների ոլորտում։ Եգիպտոսի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Խալիդ Օկաշան «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» միջազգային գիտաժողովին ներկայացրեց «Թուրքական ներթափանցումը Աֆրիկա մայրցամաք. նպատակները եւ միջոցները» զեկույցը, նպատակ ունենալով անդրադառնալ աֆրիկյան մայրցամաքում թուրքական հետաքրքրության շարժառիթներին եւ վեր հանել Աֆրիկայի մի շարք տարածաշրջաններ ներթափանցելու համար Թուրքիայի կողմից օգտագործվող ամենաակնառու գործիքները։
Օկաշան թուրքական ներթափանցման համար նպաստավոր հանգամանք է համարում այն, որ աֆրիկյան երկրների մեծամասնությունը ոչ կայուն երկրների ցուցակում է, որտեղ ընթանում են այլ դերակատար-պետությունների ինտենսիվ գործողություններ, ինչպես նաեւ մեծ թվով էթնիկ ու ռասսայական հակամարտություններ։ Այս ամենը Աֆրիկան դարձրել է Անկարայի եւ նրա միջազգային ընդլայնման նախագծի համար գրավիչ թատերաբեմ։ «Թուրքական ներթափանցումը աֆրիկյան երկրներում հիմնված է հիմնականում չորս գործիքի վրա՝ տնտեսության, անմիջականորեն դիվանագիտական ներկայացուցչությունների աճի, փափուկ ուժի՝ մարդասիրական, բժշկական, կրոնական օգնության միջոցով եւ, ի վերջո, ռազմական ներկայության աֆրիկյան պետություններում»,- նշեց նա։
Այն բանից հետո, երբ ի չիք դարձան ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի հույսերը, ավարտվեց տարածաշրջանային երկրներում փափուկ ներթափանցման տասնամյակը, եւ սկսվեց անմիջական բախման փուլը Սիրիայի, Իրաքի, Լիբիայի ու Արեւելյան Միջերկրական ծովի ուղղություններով։ Այդ ամենի հետեւանքով ոչ միայն Թուրքիան բախվեց եվրոպական շահերի հետ, այլեւ սպառնաց փախստականներով, զինված աշխարհազորայիններին անմիջական աջակցությամբ, իսկ Արեւելյան Միջերկրածովում՝ էներգետիկ անվտանգության հարցերով։
Աֆրիկայի հանդեպ թուրքական հետաքրքրության մասին է վկայում այն, որ անցած 2 տասնամյակում թուրքական դեսպանությունների թիվը 12-ից հասել է 42-ի եւ դեռ նախատեսվում է ավելացնել: Առեւտրային գրասենյակները 11-ից դարձել են 26, ինչպես նաեւ ավելացել է թուրքական համագործակցության եւ համակարգման գործակալության գրասենյակների թիվը՝ 3-ից հասնելով 11-ի, դրա գործունեության շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկելով աֆրիկյան 28 երկիր։ Հաջորդ կետն անդրադառնում է նեղուցներում եւ ռազմավարական նշանակության նավագնացության գոտիներում գտնվելու համար Թուրքիայի գլոբալ մրցակցության մեջ աճող դերին, որի նպատակով ավելի շատ է ձգտում կայուն ռազմական ներկայություն ունենալ Աֆրիկայում։
Թուրքիային գրավող հանգամանքներից է այն, որ Աֆրիկայում ուժի հավասարակշռության փոփոխություններում նշանակալի տեղ ունեն ծայրահեղ իսլամական շարժումները։ «Անկասկած ռազմական ներկայությունն Աֆրիկայում նոր շուկաների հնարավորություն է բացում թուրքական սպառազինությունների սպառման համար մի նոր տարածաշրջանում, որն ականատես է լինում ահաբեկչական կազմակերպությունների տարածմանն ու տարատեսակ զինված բախումներին»,- նշեց Եգիպտոսի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենը։
Ի վերջո, Աֆրիկայում տնտեսական եւ առեւտրային շահերի ապահովմամբ եւ տնտեսական հարաբերությունների հաստատմամբ Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ստեղծել մայրաքաղաքում եւ տարածաշրջանում։ Թուրքիան աշխատում է Աֆրիկայում իր ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ մի շարք գործիքներ կիրառել, որոնցից է Թուրքիայի համագործակցության եւ համակարգման գործակալությունը՝ TIKA (The Turkish Cooperation and Coordination Agency). այն իր գործունեությունը ծավալում է համակարգման 22 գրասենյակների միջոցով, որոնք տարբեր ոլորտներում օգնություն են տրամադրում աֆրիկյան երկրներին։ Սրանք Թուրքիայի կողմից կիրառվող փափուկ ուժի գործիքներից են։ «Շատ տեղերում գործակալությունը մեղադրվում է այն բանում, որ օգնության քողի տակ իրականացնում է հետախուզական գործունեություն, տեղի են ունենում հավաքագրում եւ ֆինանսավորում ահաբեկչական կազմակերպություններին թուրքական ռեժիմի կողմից»,- մանրամասնեց Օկաշան՝ հավելելով, որ թուրքական քաղաքականության կարեւոր թեւն է ներկայացնում «Սադաթ» ընկերությունը, որի ամենահայտնի գործունեությունն առնչվում է զենքի վաճառքի, անվտանգության ու հետախուզական ծառայությունների հետ, այն կարող է օգտագործվել նաեւ որոշ անօրինական հարցերում։
Թուրքիայի կառավարությունը ստեղծել է «Մաարիֆ» հիմնադրամը դպրոցների գործունեությունը կառավարելու եւ Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ կապված օտար դպրոցների ղեկավարման համար, այն ունի 303 դպրոց 43 երկրում։ Այս երկրներից ամենահայտնիներն են Չադը, Գաբոնը, Գամբիան, Գվինեան, Մալին, Մավրիտանիան, Նիգերը, Սենեգալը, Սիեռա Լեոնեն, Սուդանը եւ Թունիսը։ Այս հիմնադրամի մեծ ցանցը տարածված է ամբողջ Աֆրիկայում։
Ընդլայնվում է թուրքական ներթափանցումն աֆրիկյան երկրներ
Աֆրիկայում իր նպատակներին հասնելու համար Թուրքիան օգտագործում է ինչպես փափուկ, այնպես էլ՝ կոշտ՝ ռազմական գործիքներ։ Օկաշայի խոսքով, հումանիտար օգնության տրամադրման միջոցով այս երկիրը կարողացավ դրական կերպար ստեղծել իր համար, որից հետո անցավ նաեւ ավելի կոշտ գործիքների, մասնավորապես ռազմական միջոցների կիրառմանը։ «Թուրքիան փորձում է ընդլայնվել տարբեր տարածաշրջաններում, սակայն Աֆրիկան դիտարկում է որպես ճնշման կարեւորագույն գործիք, որը կարող է օգտագործել ասիական ուղղությամբ իր շահերն առաջ տանելու համար, ինչը տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմում։ Թուրքիան առաջ է շարժվում Աֆրիկա մայրցամաքում այն պատրվակով, որ պաշտպանում է իր ժառանգությունը»,- նշեց Օկաշան։
Այս առումով քաղաքագիտության դոկտորն անդրադարձավ մի շարք երկրներում Թուրքիայի վարած քաղաքականությանը։ Թուրք պաշտոնյաներն Աֆրիկան դիտարկում են որպես հնարավորությունների եւ ապագայի մայրցամաք, իսկ Աֆրիկյան եղջյուրի գոտին ներառված է թուրքական հետաքրքրությունների ավելի լայն ռազմավարության շրջանակներում։ «Ավելացել է այս մայրցամաքի տնտեսական եւ ռազմավարական կարեւորությունը, քանի որ ելք ունի դեպի Կարմիր ծով, Ադենի ծոց եւ Հնդկական օվկիանոս։ Եվ նրանք, որոնք վերահսկում են այս ուղղությունները, կարող են վերահսկել նաեւ Բաբ Էլ-Մանդեբի նեղուցը, որն առեւտրային եւ ռազմական տեսանկյունից աշխարհի ամենակարեւոր ջրային ուղիներից մեկն է։ Այդ պատճառով Թուրքիան ձգտում է մեծացնել իր ներկայությունը Աֆրիկյան եղջյուրի տարածաշրջանում՝ կիրառելով բազմաթիվ քաղաքական, տնտեսական եւ ռազմական գործիքներ»,- մեկնաբանեց նա։
Թուրքիայի ռազմական ներթափանցումն ուժեղ է հատկապես Սոմալիում. թուրքական հաշվարկներում այս երկիրն առաջնահերթություն է ստացել մյուսների հանդեպ, դրա համար էլ Անկարան ավելի ակտիվ է միջամտում Սոմալիի ներքին գործերին, մասնավորապես՝ ներգրավվելով քաղաքական ճգնաժամերի կարգավորմանը, հումանիտար օգնություն տրամադրելով եւ այլն։ Այդ օգնության իրական շարժառիթն այն է, որ Սոմալին դարպաս է դեպի աֆրիկյան երկրներ։ Օկաշան հավելեց, որ Թուրքիան միաժամանակ չի անտեսում այնպիսի փոքր երկրներ, ինչպիսին Ջիբութին է։ Երբ 2015-ին Էրդողանն այցելեց այս երկիր, դրանից հետո սկսեցին կառուցել ամբարտակ, մզկիթ եւ վարժարան։
Թուրքիայի համար խիստ կարեւոր են նաեւ Եթովպիայի հետ հարաբերությունները։ 2021-ի օգոստոսի վերջին այս երկրի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին Էրդողանի հրավերով այցելեց Թուրքիա, որտեղ ստորագրվեցին չորս համաձայնագրեր։ Դրանք անդրադառնում էին երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ Անկարայում Եթովպիայի դեսպանատան բացմանը։ Եթովպիան դիմել է Թուրքիային, որպեսզի վերջինս միջնորդի իր եւ Սուդանի հետ սահմանային վեճի լուծմանը։ Կան նաեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերություններ, մասնավորապես՝ Թուրքիան Եթովպիայում 5 մլրդ-ից ավելի ներդրումներ է արել։
«Հումանիտար օգնությունն այն միջոցն է, որով Թուրքիան մտնում է այս տարածաշրջան, եւ որը նրա համար ստեղծել է գրավիչ եւ դրական կերպար, համեմատած արեւմտյան տերությունների հետ, ինչը Թուրքիային դարձրել է Աֆրիկյան եղջյուրի բազմաթիվ երկրների գործընկերը՝ դրանով իսկ ազդելով այդ հասարակությունների մշակութային կառուցվածքի վրա»,- շեշտեց քաղաքագիտության դոկտորը։ Ռազմական եւ անվտանգային համագործակցության առումով 2018-ին Սոմալիում Թուրքիան բացեց իր արտասահմանյան ամենամեծ ռազմաբազան՝ 50 մլն դոլար արժողությամբ, Սոմալիի մայրաքաղաքի ծայրամասում, գլխավոր օդանավակայանի մոտ կառուցված հսկայական ռազմաբազայի տարածքն ընդգրկում է 400 հեկտար։ Երկու տարիների ընթացքում թուրքական բանակի մոտ 1500 ռազմական խորհրդական եւ սպաներ այցելել են աֆրիկյան այս երկրների տարածքներ։
Աֆրիկյան Սահելի տարածաշրջանում անվտանգության բացակայությունն ու անկայունությունը շահագործելու միջոցով Թուրքիան ներթափանցել է նաեւ այս տարածքներ։ Այստեղ Անկարան մրցակցում է հիմնական դերակատարի՝ Ֆրանսիայի, իսկ վերջերս նաեւ Ռուսաստանի հետ։ «Թուրքիան փորձում է վերահսկողություն հաստատել առավելապես այն երկրների վրա, որոնք պակաս կայուն են եւ մեծ տարածք են զբաղեցնում քարտեզի վրա։ Թուրքիայի գործողությունները զգալի կերպով չեզոքացրեցին Ֆրանսիայի ազդեցությունն այս տարածաշրջանում եւ Միացյալ Նահանգների գլխավոր դերակատարումը»,- ասաց Օկաշան։
Խալիդ Օկաշան անդրադարձավ նաեւ լիբիական ճգնաժամին, որը թուրքական մեծ ազդեցության ամենավառ օրինակն է՝ նշելով, որ թուրքական կառավարությունը ձգտում է միջամտել Լիբիայի ճգնաժամի ընթացքին մի շարք նպատակների հասնելու համար. «Երբ թուրքիան փորձեց տարածվել Սուդանում, արաբական Սահիրում եւ մյուս երկրներում, հերթը հասավ նաեւ Լիբիային։ Իր տնտեսական շահերն ամրապնդելուց հետո Թուրքիան սկսել է Լիբիան դիտարկել որպես իր ներդրումային կարեւոր ծրագրերը իրականացնելու միջոց։ Այնուհետեւ մի շարք համաձայնագրեր կնքվեցին Համաձայնության կառավարության հետ, որոնք առնչվում էին ռազմական, տնտեսական ոլորտներին եւ այլն, թեեւ այդ համաձայնագրերը չեն ճանաչվել որեւէ երկրի կողմից՝ հաշվի առնելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքին»։
Ռազմական ոլորտում Միսուրատայի օդային ֆակուլտետը եւ քաղաքային նավահանգիստը դարձան թուրք զինվորականների ամենակարեւոր կենտրոններից մեկը, որտեղ կան հատուկ լսարաններ՝ նախատեսված թուրք զինվորականների համար։ 2021 թ. հունվարի 2-ին թուրքական խորհրդարանը հավանություն տվեց Լիբիա ռազմական ուժեր ուղարկելու մասին նախագծին։
Լիբիայի առումով հաջորդ կարեւոր թեման Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումն է։ 2021 թ. սեպտեմբերի 14-ին Թուրքիան իր վարձկաններին տեղափոխեց Լիբիա։ Թուրքական իշխանությունը օգտագործեց մի շարք այլ գործիքներ՝ հերքելու սեփական հակաօրինական գործունեության վերաբերյալ մեղադրանքները եւ ապահովելու իր կայուն ազդեցությունը Լիբիայում։ «Էրդողանը պնդում է, թե Լիբիան ունի մեկ միլիոն թուրք բնակչություն, եւ նպատակ ունի պաշտպանելու թուրքական ծագմամբ լիբիացիներին։ Դրանով նա փորձում է հիշեցնել Օսմանյան կայսրության թողած ժառանգության եւ արմատները վերականգնելու մասին»,- ընդգծեց բանախոսը։