Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դրական նախանշաններ է տեսել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի դիրքորոշման մեջ՝ կապված Անկարային «F-16» չորրորդ սերնդի ինքնաթիռների վաճառքի հետ: Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը հնչել է Հռոմում ամերիկյան գործընկերոջ հետ առերես բանակցությունների արդյունքներով: Անկարան ցանկանում է, որպեսզի այն միջոցները, որոնք հատկացրել է Վաշինգտոնին 5-րդ սերնդի «F-35» ինքնաթիռների գնման համար եւ որոնք հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, օգտագործվեն «F-16»-երի շուրջ բանավեճում: Թուրքիան սպասում է, որ Սպիտակ տունը կարող է համոզել Կոնգրեսին այդ պայմանագրի իրացման անհրաժեշտության մեջ, սակայն իրավիճակն այնքան էլ միանշանակ չի թվում:
Հռոմում ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահները քննարկել են, թե ինչպես կարելի է լուծել կործանիչների հարցը: «Մենք վճարել ենք 1.4 մլրդ դոլար «F-35» ինքնաթիռների համար,- ասել է Էրդողանը:- Բայդենի հետ քննարկել ենք ուղիները, թե ինչպես դուրս գանք ստեղծված իրավիճակից: Կան եղածների արդիականացման ու նոր «F-16» ինքնաթիռների գնման տարբերակներ: Նա դրական վերաբերվեց մեր կողմից նոր «F-16»-երի գնմանը»:
Այժմ նշված գործարքի խնդրով զբաղվում են երկու երկրների պաշտպանության նախարարությունները: Բացի այդ, այն պետք է հավանություն ստանա ամերիկյան օրենսդիրների կողմից: Այդ հարցում Անկարան իր հույսերը բացառապես կապում է Սպիտակ տան հետ: «Բայդենի հետ հանդիպման ժամանակ նշեցինք, որ նա կշիռ ունի Կոնգրեսում, եւ մենք սպասում ենք, որ այդ հարցում անհրաժեշտ շահագրգռվածություն կցուցաբերի»,- տեղեկացրել է Թուրքիայի առաջնորդը:
Անվտանգության ոլորտում հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերն ունեն մոտ 250 հատ «F-16» ինքնաթիռ: Այն թարմացման ու ընդլայնման կարիք ունի: Միջոցները, որոնք Անկարայի կողմից տրամադրվել են առավել առաջադեմ «F-35» կործանիչների համար, բայց կորսված են ռուսական զենիթահրթիռային C-400 համակարգեր գնելու նրա ցանկության պատճառով, կարող են այնպես տեղաբաշխվել, որ Թուրքիան դրանցով «F-16»-եր գնի:
«Ինչ վերաբերում է «F-16» ծրագրին, ապա արդեն երկար տարիների գործընթաց կա, որի շրջանակներում երկրները հայտեր են ներկայացնում կործանիչների ու համապատասխան սարքավորումների ձեռք բերման համար: Թուրքիան այդ գործընթացի մեջ է»,- վերջերս հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի համար, սակայն, հարցն ամենեւին էլ միանշանակ չէ: Վերջերս Ներկայացուցիչների պալատի 11 անդամ Բայդենին ու պետքարտուղար Էնթոնի Բլինկենին նամակ են ուղարկել, որում «խոր անհանգստություն» են հայտնել այն հաղորդումների կապակցությամբ, որ Թուրքիան կարող է 40 նոր «F-16» գնել եւ արդիականացնել 80 միավոր ինքնաթիռ:
«Էրդողանի՝ սեպտեմբերյան հայտարարությունից հետո, ըստ որի՝ Թուրքիան հույս ունի ռուսական C-400 ՀՕՊ լրացուցիչ միջոցներ ձեռք բերել, մենք չենք կարող թույլատրել վտանգի տակ դնել մեր ազգային անվտանգությունը՝ ամերիկյան արտադրության ինքնաթիռներ ուղարկելով պայմանագրով մեր դաշնակցին, որը շարունակում է իրեն դրսեւորել որպես հակառակորդ»,- նշված է կոնգրեսականների ուղերձում:
Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի քաղաքականության ինստիտուտի «ինքնաթիռային» հարցով վերլուծության մեջ նշվում է, որ նույնիսկ չորրորդ սերնդի կործանիչների վաճառքը Թուրքիային կարող է վտանգել ամերիկյան տեխնոլոգիաների մասին գաղտնի տեղեկատվությունը։ «Թուրքիան դուրս է մնացել «F-35»-ի արտադրության ծրագրից հիմնականում այն մտավախությունների պատճառով, որ օդանավի անվտանգությունը եւ այլ հնարավորությունները հարվածի տակ կդրվեն, եթե այն տեղակայվի C-400-ի հետ կամ աշխատի ռուսական տեխնիկայի մոտակայքում»,- հիշեցնում է ինստիտուտը: Ինչպես նշում են փորձագետները, «F-16»-ի թարմացված տարբերակի ռադարը ներառում է տեխնոլոգիա, որը շատ նման է «F-35» կործանիչներում օգտագործվածին։
Հատուկ կասկած է առաջացնում այն միջոցների օգտագործմամբ սխեմաների իրացվելիությունը, որը նախատեսված է «F-35»-երի ձեռք բերման համար: Սա 1.4 մլրդ դոլար է, որն ամերիկյան կողմը սառեցրել է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի թշնամիների դեմ պայքարի մասին օրենքի» (CAATSA) հիման վրա կիրառած սահմանափակումների արդյունքում:
Իր ավիացիոն հնարավորությունների բարելավման Թուրքիայի ախորժակը տարածաշրջանի այլ երկրների հետ ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության արդյունք է: Վերջերս ամերիկյան կողմը հավանություն է տվել Հունաստանի ռազմաօդային ուժերի «F-16»-երի արդիականացման համար 270 մլն դոլարի հատկացմանը: Եթե դրան գումարենք այն, որ միջերկրածովյան երկիրը Ֆրանսիայից 24 հատ «Rafale» բազմաֆունկցիոնալ կործանիչներ է գնել, պարզ կդառնա, որ Աթենքը լրջորեն է համալրում իր զինանոցը։ Արաբական Միացյալ Էմիրությունները շուտով կարող է մոտենալ Իսրայելի մակարդակին՝ ստանալով «F-35»-եր։ Արաբական երկրին ինքնաթիռների վաճառքը հնարավոր է դարձել հրեական պետության հետ հարաբերությունները կարգավորելու նրա պատրաստակամության ֆոնին։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ Թուրքիան պարզապես ստիպված է ինչ-որ կերպ վերացնել ուժերի հարաբերակցության մեջ առաջացող բացը։
Չնայած այն բանին, որ, համաձայն Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի քաղաքականության ինստիտուտի գնահատականների, Անկարայում քաղաքական գործիչների մի փոքր խմբակցություն դեռեւս հույս ունի կանխել երկկողմ պաշտպանական կապերի ամբողջական փլուզումը, հավանական է, որ Վաշինգտոնը Կոնգրեսի ճնշման ներքո կհրաժարվի Թուրքիային «F-16»-եր վաճառելու գաղափարից:
Այս դեպքում, ինչպես խոստովանում են հետազոտողները, Անկարան կշարունակի ավելի շատ թեքվել դեպի Ռուսաստան։ «Բայդենի վարչակազմը եւ Կոնգրեսը պետք է ի գիտություն ընդունեն, որ հայտին պատասխանի ձեւակերպումն ու ներկայացումը կշիռ կունենան Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների ապագայի վերաբերյալ բանավեճում, նույնիսկ եթե այդ հարաբերությունների աստիճանական վատթարացումն անխուսափելի է թվում»,- ասված է նշված ինստիտուտի վերլուծության մեջ։