Հնդկաստանը նոր ազդանշան է ուղարկել Չինաստանին այն մասին, որ նրա փորձերը՝ փոխելու ստատուս քվոն սահմանին՝ Հիմալայներում, կհանդիպի դիմադրության: Հնդկաստանի զորքերը մանեւրներ են կատարում Քաշմիրի հյուսիսում, որոնց ժամանակ հատուկ նշանակության ուժերը ներդրվում են հակառակորդի պաշտպանության մեջ եւ պահում պլացդարմը մինչեւ համալրում ստանալը: Զորավարժություններն անցկացվում են այն շրջանում, որտեղ 2020 թ. ամռանը տեղի է ունեցել հնդկական ու չինական զորքերի բախումը: Զոհեր կային: Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բանակի զանգվածային վերակազմակերպում էր սկսել: Նրա նպատակը ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի կոորդինացիան է: «Bloomberg»-ը հաղորդում է, որ դա կհեշտացնի ԱՄՆ-ի հետ կապը հակամարտության դեպքում:
Զինված ուժերի վերակազմակերպումը ձեռնարկել է Դելին՝ հաշվի առնելով տարածաշրջանում AUCUS նոր ռազմական բլոկի ձեւավորումը, որին մասնակցում են Ավստրալիան, Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները։
Այս միավորման առանցքային ասպեկտը տարբեր տեսակի զորքերի միջեւ փոխգործակցության հաստատումն է: Իսկ Հնդկաստանին հենց դա էր պակասում: Ինչպես հաստատում է Ավստրալիայի Ազգային անվտանգության քոլեջի ավագ գիտաշխատող Դեյվիդ Բրյուսթերը, Խաղաղ եւ Հնդկական օվկիանոսներում ԱՄՆ-ի հովանու տակ մեկ այլ՝ «Quad» խմբավորման համատեղ զորավարժությունների ժամանակ, որին մասնակցում են Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Ավստրալիան եւ Հնդկաստանը, նրա գործընկերները պարզել են, որ կարող են համատեղ մանեւրներ կատարել հնդկական ռազմածովային, բայց ոչ ռազմաօդային ուժերի հետ:
Հնդկաստանի քաղաքացիական կառավարությունների համար տարբեր տեսակների զորքերի ինտեգրացիայի հետաձգման խելամիտ հիմնավորումը վախն էր, որ գեներալները հանկարծ հեղաշրջում չկազմակերպեն: Չէ՞ որ հարեւան խոշոր պետություններում՝ Պակիստանում ու Բանգլադեշում, նման բաներ մեկ անգամ չեն պատահել:
Այն բանից հետո, երբ Մոդին սեպտեմբերի վերջին Սպիտակ տանը շփվեց ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի եւ «քառյակի» մյուս առաջնորդների հետ, Հնդկաստանի վարչապետի գրասենյակը թվիթերում նշել է, որ Հնդկաստանին ու ԱՄՆ-ին միավորում են ընդհանուր արժեքները, եւ համագործակցությունն աստիճանաբար աճում է։ Աճում է, բայց որքա՞ն։ «Straits Times» թերթը հայտնել է, որ Հնդկաստանը նախատեսում է ԱՄՆ-ից գնել հրթիռներով հագեցած «Predator» տեսակի 30 անօդաչու թռչող սարք: Դրանք, ինչպես ենթադրվում է, կամրապնդեն Հնդկաստանի դիրքերը Չինաստանի եւ Պակիստանի հետ սահմաններին, քանզի Հնդկաստանն առայժմ ունի դրոններ, որոնք օգտագործվում են միայն հետախուզության համար։
Բայց դա չի նշանակում, որ Դելին մտադիր է սահմանափակել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հիմալայներում ընթացող զորավարժությունների ընթացքում գործարկվել են T-90 եւ T-72 տանկեր, «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր, «Սու-30» կործանիչներ, հնարավոր է ռուս-հնդկական համատեղ արտադրության «BrahMos» թեւավոր հրթիռների օգտագործում։ «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում «India Strategic» ամսագրի խորհրդատվական խմբագիր Վինայ Շուկլան պատմել է, որ վերջերս հնդիկ լրագրողների խումբն այցելել է Արունաչալ Պրադեշ նահանգ՝ սահմանի արեւելյան հատվածում, Տիբեթի մերձակայքում: Հնդկական բանակը նույնպես ուժեղացնում է իր դիրքերն այնտեղ, կան եւ կործանիչներ, եւ ռուս-հնդկական արտադրության համազարկային կրակի համակարգեր։ Ինչ վերաբերում է «Apache» ուղղաթիռներին, ապա Հնդկաստանը դրանք գնել է Ամերիկայից եւ օգտագործում է զորավարժություններում:
Ռուսաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Բալա Վենկատեշ Վարման, որը բոլորովին վերջերս է ավարտել իր աշխատանքը Մոսկվայում, շեշտել է, որ Հնդկաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտում, չնայած ԱՄՆ-ի հետ ընդլայնված կապերին: Ռուսաստանն ու Հնդկաստանը նաեւ ունեն համաձայնագիր համատեղ զորավարժությունների ընթացքում զորքերի փոխադարձ լոգիստիկ աջակցության մասին: Այս տարի, ըստ Վարմանի, Հնդկաստանը մասնակցել է ռուսական զինված ուժերի յուրաքանչյուր խոշոր զորավարժության:
Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը մի առիթով ասել է, որ ռուսական C-500 նորագույն զենիթահրթիռային համակարգերի առաջին գնորդները կարող են լինել Հնդկաստանն ու Չինաստանը: Այս հայտարարությունը համահունչ է Մոսկվայի ավանդական քաղաքականությանը, որը դիվանագիտական գծով բազմիցս փորձել է հաշտեցնել Ասիայի երկու հսկաներին։ Բայց մինչ այժմ այդ ջանքերը մեծ հաջողություն չեն բերել։
«Մենք այս նորագույն համակարգերի ապագա տեր ենք համարում Հնդկաստանին, հավասարապես նաեւ Չինաստանին ու բոլոր այն պետություններին, որոնց հետ ունենք երկարամյա, գործընկերային եւ կանխատեսելի հարաբերություններ»,- ասել է Շուգաեւը՝ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ նախ Հնդկաստանը կարող է դառնալ C-500-ի արտասահմանյան առաջին գնորդը:
Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենն ընդգծել է, որ Հնդկաստանը Ռուսաստանի երկարամյա ռազմավարական գործընկերն է։ «Մենք պայմանագիր ենք կնքել C-400-ի համար, եւ Հնդկաստանն այս համակարգի առաջին դիվիզիոնը մինչեւ տարեվերջ կստանա: Հետեւաբար, միանգամայն տրամաբանական է, որ նրանք շահագրգռված են տեսանելի ապագայում մեզնից ստանալ նաեւ C-500»,- ասել է Շուգաեւը։
Հնդկա-չինական հակասությունների հետաքրքիր մեկնաբանություն է կատարել հնդկական «Media India Group» պորտալը։ Եթե իրատեսորեն ասենք, վերջին երեք տասնամյակում, երբ Հնդկաստանը հազիվ էր միջոցներ գտնում զենք ձեռք բերելու համար, Չինաստանն առաջ է պոկվել: Ռազմական գործերի եւ տնտեսական հզորության շատ ասպեկտներով նա այժմ 2-րդն է Միացյալ Նահանգներից հետո: Չինաստանի ռազմական ծախսերը երեք անգամ ավելի են, քան Հնդկաստանինը: Գիտակցելով իր ռազմական գերազանցությունը՝ Չինաստանը հազիվ թե առանձնապես անհանգստանա Հնդկաստանի սպառնալիքից։ Ամենայն հավանականությամբ, Պեկինին ավելի շատ հուզում է Հնդկաստանի մերձեցումն ԱՄՆ-ին, այն, որ նա ձեռք է բերում այնպիսի դեր, ինչպիսին ունեն Հարավային Կորեան եւ Ճապոնիան:
Այստեղից էլ՝ չինացիների կրկնվող ներխուժումները հնդկական տարածք։ Դելիի եւ Պեկինի միջեւ հարաբերությունների բարելավման բանալի կարող է լինել ՉԺՀ-ից եւ ԱՄՆ-ից հավասարահեռությունը եւ արտաքին անկախ քաղաքականությունը: