Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մարտավարությունը վերջնարդյունքում սահմանափակել է նրա տարածությունը սեփական մանեւրների համար: Այս կարծիքին է դանիական «Jyllands-Posten»-ի հոդվածագիր Հեյդի Պլուգսգորը, ով իր հոդվածում հիշեցնում է, թե ինչպիսի որոշումներով է նա մերթ Վաշինգտոնի, մերթ Կրեմլի զայրույթն առաջացրել, այնուհետեւ մեկնաբանում է դրանց հետեւանքները՝ շեշտելով, որ այժմ Թուրքիան գտնվում է խաչմերուկում:
Այն բանից մեկ շաբաթ անց, երբ Թուրքիայի նախագահը չեղարկեց 10 դեսպանի իր երկրից վռնդելու որոշումը եւ այդ կերպ խուսափեց Արեւմուտքի հետ հարաբերություններում նոր ճգնաժամից, երկրի բազմամյա ղեկավարը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում Հռոմում հանդիպեց ամերիկյան իր գործընկեր Ջո Բայդենի հետ: Ասում են՝ հանդիպումն անցել է լավ մթնոլորտում…
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ցանկանում է գնել 40 հատ «F-16» ինքնաթիռ եւ արդիականացնել Թուրքիայի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ եղած 80 կործանիչ: Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է կառուցողական հարաբերություններ ունենալ Անկարայի կառավարության հետ, եւ որ երկու երկրները պետք է ավելի լավ լուծեն տարաձայնությունները:
Բայց այս բոլորը լավ ականներ էին վատ խաղում: Իրականում նրանց միջեւ հարաբերությունները սարսափելի են: Ինքը՝ Էրդողանը, դա խոստովանել է մեկ ամիս առաջ, երբ Բայդենը ժամանակ չգտավ հանդիպել նրա հետ ՄԱԿ-ի նյույորքյան Գլխավոր ասամբլեայում:
«Անկեղծ ասած՝ չեմ կարող պնդել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները լավ են զարգանում»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է «Anadolu»-ն: Այն, թե ինչպիսի գովեստով էր նա խոսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, ում հետ հանդիպել էր մի քանի օր անց ռուսական առողջարանային քաղաք Սոչիում, շեշտում է Բայդենի ու Պուտինի նկատմամբ Թուրքիայի առաջնորդի վերաբերմունքի հակասականությունը:
Էրդողանի համար ավանդույթ է մերձենալ Ռուսաստանի հետ, երբ ամերիկացիների հետ ինչ-որ բան այն չէ, եւ ԱՄՆ-ի հետ, երբ բարդություններ են ծագում Մոսկվայի հետ։ Նա հիմա էլ է փորձում շարունակել նույն մարտավարությունը։ Մինչ կհաջողվեր հանդիպել Բայդենի հետ, Էրդողանը զարմացրեց ՆԱՏՕ-ին՝ հայտարարելով, որ Թուրքիան դիտարկում է այլընտրանքային գործարք Ռուսաստանի հետ, որից կարող է նաեւ կործանիչներ գնել։ Սակայն այժմ Թուրքիայի «ուժեղ առաջնորդի» համար այս երկակի խաղն ավելի է դժվարացել։
Ձգտելով իր երկիրն անփոխարինելի դարձնել Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Ամերիկայում ու Կենտրոնական Ասիայում՝ Թուրքիայի նախագահը դարձել է դրամատիկ եռանկյունու գերի, որում մերթ հանդես է եկել Վաշինգտոնի, մերթ էլ՝ Մոսկվայի կողմից:
Մի շարք հաջողություններից հետո Էրդողանի ախորժակը բացվել է: Անօդաչու թռչող սարքերի, դաշնակից աշխարհազորայինների, վարձկանների ու սեփական բանակի օգնությամբ Թուրքիան կարողացավ բեկել պատերազմի ընթացքը Լիբիայում՝ առաջացնելով Ռուսաստանի վրդովմունքը, Ադրբեջանին օգնեց արցախյան պատերազմում՝ հիասթափեցնելով Ռուսաստանին, եւ, ի հեճուկս ԱՄՆ-ի, իր վերահսկողության տակ վերցրեց Սիրիայի հյուսիսային սահմանային շրջանները՝ քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերի դեմ պայքարելու համար, որոնց ԱՄՆ-ը պաշտպանում է «Իսլամական պետություն» անվանված ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Միջերկրական ծովի արեւելքում Թուրքիան բախվեց Եվրամիության հետ, երբ կիրառեց սահմանների ընդարձակման իր ծրագրերը եւ սկսեց նավթ արդյունահանել վիճելի ջրերում:
Սեփական արդյունավետ անօդաչուներն Ուկրաինային վաճառելու Թուրքիայի վերջին որոշումն ուժեղ զայրույթ է առաջացրել Մոսկվայում, քանի որ Կիեւն օգտագործել է դրանք երկրի արեւելյան շրջաններում Ռուսաստանի աջակցությունը վայելող Դոնբասի դեմ պայքարելու համար: Ռուսաստանի կառավարությունը զգուշացրել է Թուրքիային՝ պնդելով, որ դա ապակայունացնելու է տարածաշրջանը։
Կրեմլին դուր չի եկել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Էրդողանի այն հայտարարությունը, թե «Թուրքիան երբեք չի ճանաչի ուկրաինական թերակղզի Ղրիմի ռուսական անեքսիան»: Պատահական չէ, որ Սոչիում կայացած Պուտինի ու Էրդողանի հերթական հանդիպումն անսովոր կարճ էր եւ չուղեկցվեց նման միջոցառումների համար սովորական համատեղ մամուլի ասուլիսով։
Ուստի անհասկանալի է, թե ինչ են նրանք պայմանավորվել Թուրքիայի կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքների վերաբերյալ։ Բայց եթե Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական կառավարական ուժերն ավելի ակտիվ սկսեն հարձակման գնալ, դա կարող է փախստականների նոր հոսք սադրել դեպի Թուրքիա՝ նախագահական հաջորդ ընտրություններից անմիջապես առաջ: Էրդողանի համար դժվար կլինի լուծել այդ խնդիրը:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզումն ավելի խորքային է, եւ այդ խնդրի լուծումը, ինչպես երեւում է, շատ ավելի բարդ է: Թուրքերը չեն հասկանում, թե ինչու է ԱՄՆ-ն անտեսում ՆԱՏՕ-ում իր դաշնակցի մտահոգությունները՝ Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերի հետ համագործակցության առումով։ Չէ՞ որ այդ ստորաբաժանումները սերտ հարաբերություններ են պահպանում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։ Վաշինգտոնում, իրենց հերթին, չեն հասկանում, թե ինչու թուրքերն ավելին չեն անում իսլամական ծայրահեղականների դեմ պայքարին աջակցելու համար։
Սակայն Թուրքիայի կողմից ռուսական C-400 հրթիռային համակարգերի գնումը Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունների բարելավման ամենամեծ խոչընդոտն է։ Դրա պատճառով ԱՄՆ-ը թուրքերին դուրս թողեց «F-35» կործանիչների ծրագրից, իսկ ամերիկյան Կոնգրեսը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ։
Ահա թե ինչու Էրդողանն այժմ խնդրում է գնել «F-16» ինքնաթիռներ։ Բայդենը հայտարարել է, որ դրական է վերաբերվում առաջարկին, սակայն հստակ հասկացրել է, որ որոշումը Կոնգրեսինն է: Իսկ այնտեղ շատերն ավելի ու ավելի հոռետեսորեն են վերաբերվում Էրդողանին ու նրա վարչակազմին: Այնպիսի դիտորդներ, ինչպիսին է «Քարնեգի» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Ալպեր Կոսկունը, իրավիճակը դիտում են որպես մի խաչմերուկ, որից հետո պարզ կդառնա, թե արդյոք Թուրքիան կարողանալո՞ւ է ապագայում նույնպես հավասարակշռող դեր կատարել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ:
«F-16»-ի գործարքը լակմուսի թուղթ կլինի ապագա հարաբերությունների համար»,- գրել է Կոսկունն իր մեկնաբանության մեջ: