Իրանական «Akharin Khabar»-ում Թոֆիկ Շումանը խորհում է, թե համագործակցության տեսանկյունից որ երկիրն է ավելի մոտ Մոսկվային՝ Թեհրա՞նը, թե՞ Թել Ավիվը: Ներկայացնելով ռուս քաղաքագետների հայտարարությունները, որոնք հնչել են տարբեր ժամանակներում, Շումանն իր երկրի համար անմխիթար եզրահանգում է կատարում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 9-ին իսրայելցի իր գործընկերոջ՝ Յաիր Լապիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանի համար «Իսրայելի անվտանգությունն առաջնահերթություն է»: Լավրովի այդ խոսքերը բուռն քննարկումներ են առաջացրել նրանց շարքում, ովքեր համարվում են մերձավորարեւելյան տարածաշրջանում Մոսկվայի դաշնակիցները, միեւնույն ժամանակ հանգեցրել են նաեւ այլ սցենարների քննարկման: Այդ քննարկումների էությունը կարելի է կարճ ներկայացնել առաջին դիկտատորի, այնուհետեւ Հռոմի միապետ Հուլիոս Կեսարի հայտնի հայտարարությամբ՝ ուղղված իր ընկեր Բրուտոսին, որը, դաշույնը ձեռքին, կանգնած էր մարդասպանների մեջ. «Եվ դո՞ւ, Բրուտոս …»:
Այն ժամանակ, երբ գաղափարախոսությունը լիովին ճնշում է իրականությունը, նրանք, ովքեր այդ գաղափարի կրողներն են, չգիտես ինչու՝ ենթադրում են, որ ամեն բան, ինչ իրենք մտածում են, լիովին բանականության ու տրամաբանության ներդաշնակության մեջ է: Դա ճշգրտորեն այն սյուժեն է, որն իր «Մաքուր բանականության քննադատությունը» գրքում ներկայացրել է գերմանացի մեծ փիլիսոփա Իմանուիլ Կանտը: Նա ենթադրում էր, որ բանականության փաստարկները, սահմանափակված ինչ-որ բանով, օրինակ՝ նույն գաղափարախոսությամբ կամ հավատով, միշտ ավելին են, քան ռացիոնալիզմն ու գիտության փաստարկները: Չգիտես ինչու՝ մարդկային գիտակցությունը ժամանակ առ ժամանակ պահանջում է այն, որ տեսնի ոչ թե իրերի իրական դրությունը, այլ հենց այն, ինչ ուզում է տեսնել հիմա: Այս ամենին կարելի է հետեւել՝ ուսումնասիրելով Ռուսաստանի քաղաքականությունն Իսրայելի նկատմամբ: Այդ քաղաքականության առաջին փուլը վերաբերում է ԽՍՀՄ ժամանակներին, իսկ մյուսն սկսվում է Խորհրդային Միության փլուզումից հետո, ավելի ճիշտ՝ «այն պահից, երբ սկսվեց ու շարունակվում է Ռուսաստանի այժմյան նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարումը»:
Սկիզբ. Խորհրդային Միության ժամանակ
Ռուսական հեռուստաալիքներից մեկը 2013 թ. դեկտեմբերի 28-ին հարցազրույց է արել Խորհրդային Միության հայտնի արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի որդու՝ Անատոլի Գրոմիկոյի հետ: Անդրեյը ԽՍՀՄ-ը ներկայացրել է նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցած հարյուրամյակի 40-ական թվականներին: Կրտսեր Գրոմիկոն հարցազրույցի ընթացքում ասել է, որ իր հայրը միշտ եւ ամեն ինչով գովաբանել է հրեաներին. նա նրանց չափազանց քաջ է համարել, բացի այդ, իր աչքերով է տեսել, թե ինչպես են հրեաները զոհվում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Անատոլի Գրոմիկոն այնուհետեւ բացատրել է, որ խորհրդային ղեկավարները միշտ պատրաստ են եղել պաշտպանել Իսրայելի այն առաջնորդներին, ովքեր քիչ թե շատ աչքի են ընկել իրենց ձախ հայացքներով, իսկ ավելի շատ՝ նրանց, ովքեր դրական են արտահայտվել սոցիալիզմի մասին: Խորհրդային ղեկավարների ենթադրություններով, այդ թվում՝ Իոսիֆ Ստալինի, սոցիալիստական գաղափարախոսությունը պետք է մերձեցներ Իսրայելի ու ԽՍՀՄ-ի առաջնորդներին, միաժամանակ խոչընդոտել իմպերիալիզմին ու արեւմտյան կապիտալին նրանց մերձեցմանը: Նրանք, ըստ Ստալինի, պետք է դառնային ԽՍՀՄ-ի աշխարհաքաղաքական մտահղացումների հնազանդ կատարողները Մերձավոր Արեւելքում: Կրտսեր Գրոմիկոյի այս խոսքերը հիշեցնում են այն, ինչ ավագ Գրոմիկոն 1947 թ. մայիսի 14-ին ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. «Արաբական առաջնորդները հաստատում են, որ Պաղեստինը երկու պետությունների բաժանելու ՄԱԿ-ի որոշումը, իբր, անարդար է, մինչդեռ իրականում անարդար է արաբական տեսանկյունը, քանի որ հրեա ժողովուրդն անվիճելի իրավունքներ ունի Պաղեստինի նկատմամբ»:
Կապված դրա հետ՝ արդեն այսպես կոչված «1967 թվականի հունիսի 5-ի պատերազմից» հետո, որը Խորհրդային Միությունը պաշտոնապես դատապարտել է, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինը հունիսի 19-ին ՄԱԿ-ում կայացած քննարկումների ժամանակ հայտարարել է. «Յուրաքանչյուր ժողովուրդ անկախ պետություն ունենալու իրավունք ունի, այդ իսկ պատճառով մենք 1947 թ. կողմ քվեարկեցինք ՄԱԿ-ի բանաձեւին, եւ այդ բանաձեւի հիմքի վրա Խորհրդային Միությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայել պետության հետ»:
Այստեղ զարմանալին այն է, որ Խորհրդային Միությունն այդ ժամանակ խոչընդոտեց պաղեստինյան տարածքի բաժանման մասին 1947 թ. մարտի բանաձեւի վերանայմանը։ Նուրխան ալ-Շեյխի «ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումն արաբների եւ արաբական միասնության նկատմամբ» գրքում, որը հրատարակվել է 2013 թ. Բեյրութի արաբական միասնության ուսումնասիրությունների կենտրոնի կողմից, ասվում է, որ «Կարմիր մայրաքաղաքը» (այսինքն՝ Մոսկվան), բացատրելով իր դիրքորոշումը, ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի որոշումը վերանայելուց, քանի որ համոզված էր, որ Վաշինգտոնն իր «նավթային հետաքրքրությունները» վեր է դասում ճգնաժամի արդարացի կարգավորումից։
Պաղեստինը բավական հստակ բացահայտեց Խորհրդային Միության դիրքորոշումը մասնավորապես 1948 թ. արաբա-իսրայելական առաջին պատերազմի վերաբերյալ, երբ արդյունքում Մոսկվան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քաղաքական եւ տեղեկատվական արշավ սկսեց արաբական միացյալ բանակի դեմ, որը հարձակվել էր Իսրայելի պաշտպանության ուժերի վրա։ Արեւելյան բլոկը կամ կոմունիստամետ պետություններն սկսեցին իսրայելցիներին նրանց խնդրած ցանկացած տեսակի զենք ու տեխնիկա մատակարարել, եւ դա վերջնարդյունքում հանգեցրեց Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքի այն հատվածի օկուպացմանը, որը համաձայնեցված չէր Պաղեստինը երկու մասի բաժանելու մասին ՄԱԿ-ի բանաձեւում:
Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնն իր «Հիշողություններ 1947-1949 թթ. պատերազմի մասին» գրքում հիշում է. «Լուր ստացվեց երկու նավի մասին, որոնք շարժվել էին Բուլղարիայից: Մոշեն (պատմության մեջ Իսրայելի առաջին արտգործնախարարը,- խմբ.) ՄԱԿ-ում խոսեց խորհրդային ներկայացուցիչ Անդրեյ Գրոմիկոյի հետ: Գրոմիկոն, աջակցելով նրան, մեծ հետաքրքրությամբ հարցրեց, թե ինչ վիճակում են մեր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, էլ ի՞նչ կարելի է առաքել, եւ արդյոք հնարավո՞ր է ինչ-որ բան մատակարարել մայիսի 15-ից հետո»:
50-ական թվականների առաջին կեսին՝ 1953-1956 թթ. Խորհրդային Միությունն ավանդաբար խափանում էր Իսրայելի նկատմամբ արաբական պետությունների տնտեսական պատժամիջոցների պլանները՝ գործելով «ռուսական նավթ՝ իսրայելական ցիտրուսայինների փոխարեն» բանաձեւով: 1966 թ. հունվարին Մոսկվան կրկին մերժում է առաջարկը՝ չճանաչելու Պաղեստինի մի մասը գրաված Իսրայելը: Առաջարկը հնչել եւ քննարկվել է Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի ժողովուրդների համերաշխության կազմակերպության համաժողովում, որն անցկացվել է Հավանայում: Միեւնույն ժամանակ ԽՍՀՄ-ը պնդել է Իսրայելի պաշտոնական ճանաչման օգտին եւ հանդես եկել Պաղեստինի ազատագրության կազմակերպության պաշտոնական ճանաչման դեմ:
Ընդհանուր առմամբ, պաղեստինյան խնդրի վերաբերյալ Խորհրդային Միության դիրքորոշումը եւ ԽՍՀՄ-ի աջակցությունը՝ Պաղեստինը բաժանելու երկու մասի, ազդել է արաբական ձախ կուսակցությունների դիրքորոշումների եւ Պաղեստինի նկատմամբ նրանց մոտեցման վրա: Եգիպտացի Անվար Աբդ Ալ-Մալեկն իր «Եգիպտոսի բանակն ու հանրությունը» գրքում գրել է այն մասին, որ Խորհուրդներն արաբական երկրների կոմունիստամետ ու մարքսիզմ-լենինիզմի այլ խմբավորումներին խնդրել են ազդել իրենց պետությունների դիրքորոշման վրա՝ մասնավորապես կապված Իսրայելի պաշտոնական ճանաչման եւ խաղաղության կնքման հետ՝ Իսրայելի կողմից պաղեստինցի փախստականներին փոխհատուցման վճարման դիմաց: Եգիպտական մեկ այլ հեղինակ՝ Աբդուլլա Թուրքամանին «Արաբական Արեւելքի կոմունիստական կուսակցությունները» ուսումնասիրության մեջ գրել է, որ կոմունիստական մի շարք խմբավորումներ հանդես են եկել Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքի օկուպացիայի աջակցության դիրքերից եւ դա հիմնավորել են նրանով, որ «Իսրայելը հասարակական զարգացման շատ ավելի բարձր աստիճանի վրա է եւ անցում է կատարել կապիտալիստական հարաբերություններին, մինչդեռ արաբական երկրներում դեռ տնօրինում են ֆեոդալական հարաբերությունները»: Իսկ ի՞նչ է փոխվել Խորհրդային Միության փլուզումից հետո: Ըստ էության, ոչինչ չի փոխվել, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը դարձավ շրջադարձային այն կետը, որից եւ սկսվեց շարժումը դեպի այն իրավիճակը, որը կա այսօր:
Երկրորդ փուլ. ՌԴ-ի քաղաքականության մասին
Ռուսական «Կոմերսանտը» 2019 թ. սեպտեմբերին նյութ է հրապարակել հրեական «Կերեն Հա-Յեսոդ» հիմնադրամի կազմակերպած համաժողովի մասնակիցների հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: Ռուսաստանի նախագահն Իսրայելն անվանել է Մերձավոր Արեւելքի «ռուսալեզու» երկիր: Լիբանանյան «Ալ-Աքբարը» դեռ 2010 թ. հոկտեմբերին գրել է, որ ժամանակակից Իսրայելի 20 տոկոս բնակչության շնորհիվ, որն այսօր ռուսերեն է խոսում, միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանն Իսրայելի հետ հատուկ հարաբերություններ կունենա, չնայած քաղաքականությանը, որը նա վարում է: Պուտինը բացահայտ շեշտել է, որ Ռուսաստանը հատուկ ուշադրությամբ է հետեւում Իսրայելի ավելի քան 1 մլն քաղաքացիների դրությանը, ովքեր խոսում են ռուսերենով:
Միեւնույն ժամանակ կարելի է հիշել եւ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հայտարարությունը. 2019 թ. հունիսին ԱՄՆ-ի, Իսրայելի ու Երուսաղեմի օկուպացված մասի անվտանգության խորհուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստում նա հայտարարել է, որ «Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանին, որտեղ մոտ 2 մլն մարդ ռուսերեն է խոսում»:
Ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկի կայքում 2020 թ. հունվարի 23-ին հաղորդվել է, որ Վլադիմիր Պուտինը Երուսաղեմում կայացած տոնակատարությունների ընթացքում, նվիրված նացիզմի դեմ հաղթանակի 75-ամյակին, խոսել է այդ պայքարում Խորհրդային Միության հատուկ դերի մասին, իսկ Իսրայելը, ըստ ՌԴ նախագահի խոսքերի, «դրան մեծ նշանակություն է տալիս»: Այդ ժամանակ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը ցավում է սպանվածների ու նացիզմի զոհերի համար ու հիշում, որ վեց միլիոն հրեաներ ոչնչացվել են մահվան ճամբարներում, իսկ նրանց 40 տոկոսը եղել են նախկին Խորհրդային Միության քաղաքացիներ:
Կարելի է մեջբերել նաեւ այլ օրինակներ ու հայտարարություններ, որոնք հատուկ մեկնաբանությունների կարիք չունեն, իսկ Սերգեյ Լավրովի՝ վերը նշված հայտարարությունը «Ռուսաստանի համար Իսրայելի անվտանգության առաջնահերթության մասին» նույնիսկ տեղ չի թողնում այլ դատողության համար:
Վերջնական եզրահանգման փոխարեն
1970 թ. հուլիսի 30-ին իսրայելցիները խորհրդային 5 մարտական ինքնաթիռ են խփել Եգիպոսում՝ Սինայի անապատի վրա: Խորհրդային ինքնաթիռներ, որոնք վարում էին խորհրդային օդաչուները: Նրանք՝ Վլադիմիր Ժուրավլյովը, Նիկոլայ Յուրչենկոն ու Եվգենի Յակովլեւը, զոհվել են:
Ավելի քան 40 տարի անց՝ 2018 թ. սեպտեմբերի 18-ին Իսրայելը չի խփում, բայց սիրիական ՀՕՊ համակարգերի հարվածի տակ է դնում ռուսական ԻԼ-20-ը Սիրիայի ափերի մոտ, եւ զոհվում է ռուս 15 զինվորական: Սակայն երկու դեպքում էլ ռուս (խորհրդային)-իսրայելական հարաբերությունները շատ ավելի արագ կարգավորվեցին, քան կթաղվեին զոհերի մնացորդները: Քանի որ ինչպես անցած դարի 70-ական թվականներին, այնպես էլ հիմա Ռուսաստանի համար Իսրայելի անվտանգությունն «առաջնահերթություններից մեկն է»: