Սիրիայում խորքային մակարդակում ազդեցություն ունենալու համար Թուրքիան վարում է հեռահար քաղաքականություն։ Քանի որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում խնդրահարույց է իրավական առումով, այդ երկիրը որդեգրել է երկարաժամկետ կտրվածքով արդյունք ապահովող քայլեր։
Թուրքիայի իշխանություններն ակտիվորեն շարունակում են թուրքացման քաղաքականություն վարել իրենց կողմից բռնազավթված Սիրիայի հյուսիսում՝ Հալեպի նահանգում։ Սիրիական «Ալ Վաթան» թերթը նախօրեին իր հրապարակման մեջ անդրադարձել էր հատկապես Աֆրինի շրջանում ժողովրդագրական իրավիճակը փոխելուն ուղղված` Էրդողանի վարչակարգի ջանքերի մասին։ Տեղական աղբյուրների համաձայն՝ թուրք էմիսարները նոր դպրոց են բացել Աֆրինի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ռաջո թաղամասում։ Դպրոցի բացման` մեծ շուքով անցկացրած արարողության ընթացքում ուսումնական հաստատության վրա բարձրացվել է թուրքական դրոշ։ Դպրոցում ուսուցումն անցկացվելու է բացառապես թուրքերենով եւ թուրքական ուսումնական պլանին համապատասխան։ Դպրոցում սովորելը խրախուսելու համար թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ ուսուցումն ամբողջությամբ անվճար է լինելու։ Դամասկոսում լույս տեսնող թերթը գրում է, որ միջոցառմանը մասնակցել են Էրդողանի վարչակարգի մի շարք պաշտոնյաներ Քիլիս նահանգից, ինչպես նաեւ Աֆրինում ահաբեկչական կազմակերպությունների եւ Էրդողանին հավատարիմ զինյալների մեծ թվով ղեկավարներ` միաժամանակ հավելելով, թե չի բացառվում, որ թուրքական իշխանությունները ակտիվ քայլեր ձեռնարկեն առաջիկայում Ռաջոյի շրջանի մնացած բնիկներին եւս ստիպելու, որ իրենց երեխաներին ուղարկեն նոր դպրոցում սովորելու:
Աքսիոմատիկ է, որ վաղվա օրը որոշվում է այդօրվա սերնդի դաստիարակության արդյունքներով եւ ուղղվածությամբ, հետեւաբար` վերոնշյալ քայլերն ուղղված են նոր սերնդի շրջանում պրոթուրքական դաստիարակությանը, ինչը միաժամանակ կհեռացնի նրանց արաբերենից եւ քրդերենից, որոնք համարվում են Աֆրինի տարածաշրջանի հիմնական լեզուները։ Գիտենք, որ հատկապես երեխաների պարագայում որեւէ լեզվի յուրացումը նաեւ ազդում է մտածողության եւ աշխարհընկալման վրա։ Այսինքն՝ թուրքերենով պրոթուրքական կրթության իրականացումը հաջորդ սերունդների մեջ կձեւավորի Թուրքիայի հանդեպ լոյալ տրամադրություններ եւ մեծամասամբ կբացառի ընդդիմադիր կեցվածքը։
«Ալ Վաթան»-ը նշում է, որ Աֆրինի օկուպացիայից հետո թուրքական վարչակարգը հետեւողական քայլեր է ձեռնարկել տարածաշրջանը վերափոխելու եւ նրան թուրքական բնույթ պարտադրելու ուղղությամբ։ Ի թիվս այլ բաների, դա դրսեւորվել է փողոցների եւ գյուղերի անուններն արաբականից եւ քրդականից թուրքերենի փոխելով, տեղի բնակիչներին Թուրքիայում ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելով, Աֆրինը թուրքական Քիլիս նահանգին վարչական միացմամբ, տարածաշրջանի բոլոր վարչական շենքերի ու առեւտրի օբյեկտների վրա թուրքական դրոշների բարձրացմամբ, ինչպես նաեւ թուրքական լիրայի օգտագործմամբ։ Նկատենք, որ տեղանունների թուրքացումը լայնորեն կիրառվել է նաեւ Արեւմտյան Հայաստանի շրջանների, քաղաքների, գյուղերի տեղանունների դեպքում, ինչը պատմական հիշողության ոչնչացման դրսեւորումներից մեկն է։
Չնայած այս ամենին, Թուրքիան չի հրաժարվում նաեւ կոշտ ուժի կիրառումից. սիրիական SANA գործակալությունը նախօրեին հայտնել էր, որ թուրքական բանակը եւ Անկարայի կողմից վերահսկվող սիրիական ընդդիմությունը գնդակոծել են Այն Իսա գյուղի արվարձանները (գյուղը գտնվում է Ռաքքա նահանգի հյուսիսում)։ Ուժեղ հրետանակոծման է ենթարկվել նաեւ Հալեպ-Հասաքե միջազգային ճանապարհը, որի հետեւանքով տուժել են պետական եւ մասնավոր գույքը, ինչպես նաեւ մշակովի հողատարածքները։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, վերանշյալ ուժերի կողմից գնդակոծվել էին Հալեպի նահանգի մի շարք բնակավայրեր։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ Սիրիայում անկախությունն ու երկրի բռնազավթված տարածքներում պրոթուրքական տարրի ուժեղացումը չեն բխում Հայաստանի եւ հատկապես հայկական համայնքի կենսական շահերից, քանի որ վտանգում են անվտանգային միջավայրը։ Այս պարագայում եթե պատերազմական գործողությունները իրական վտանգ են ստեղծում ներկայում, ապա թուրքացմանն ուղղված քայլերը մտահոգիչ են երկարաժամկետ կտրվածքի համար։