Աշխաբադում նոյեմբերի 28-29-ը տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների առաջնորդների 15-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել են Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Իրանի ու Ուզբեկստանի պետությունների եւ կառավարությունների ղեկավարները։
ՏՀԿ-ի 15-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվեց Եզրափակիչ փաստաթուղթը, որ չի շրջանցել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքների արձանագրումը։ Կազմակերպության անդամ-պետությունները շնորհավորել են Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ «օկուպացված տարածքների ազատագրման եւ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ», նաեւ նշել, որ «իրադարձությունների նման զարգացումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայուն խաղաղության եւ տնտեսական բարգավաճման համար՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով»։ Բարձր է գնահատվել նաեւ Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ ճանապարհային միջանցքի գործարկումը, որով իրականացվում է Պակիստանից Ադրբեջան եւ Թուրքիա ապրանքների տեղափոխումը Իրանի տարածքով։ Միաժամանակ շեշտվել է անդամ երկրների կողմից առաջարկված տրանսպորտային միջանցքների ցանցի ընդլայնման հարցը, որոնք ներկայացվել էին դեռեւս նախորդ գագաթնաժողովի ընթացքում:
Էրդողանը, ելույթ ունենալով գագաթնաժողովի ընթացքում, հայտարարել էր, որ կազմակերպությունը պետք է ավելի շատ օգտագործի իր աշխարհագրական դիրքի մեծ ներուժը, որն ունի մոտավորապես 500 միլիոն բնակչություն 8 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքում. «Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ մեր առեւտրի ծավալը 100 միլիարդ դոլարի հասցնելու համար»։
Թեպետ պաշտոնական Թեհրանն այս պահին առավելապես լատենտ մրցակցության մեջ է Անկարայի հետ, սակայն բաց չի թողնում ցանկացած հնարավորություն՝ վերականգնելու իր ազդեցությունը տարածաշրջանային զարգացումներում եւ հարմարվելու նոր իրողություններին։ Ի դեպ, ՏՀԿ 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահը հանդիպումներ է ունեցել Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ, որի արդյունքում երեք երկրների միջեւ կնքված նոր համաձայնագրի համաձայն՝ Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան կուղարկվի տարեկան 1.5-ից մինչեւ 2 միլիարդ խորանարդ մետր գազ։
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը եւս մեկ հարթակ է, որտեղ Թուրքիան ջանք չի խնայում սեփական շահերն առաջ տանելու եւ պրոթուրքական տրամադրությունները խթանելու համար։ Հասկանալի է, որ այս փաստաթղթի տակ ստորագրած երկրներն արդեն իսկ քաղաքական դիրքորոշում են հայտնել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասով՝ անտեսելով այդ գործողությունների ապօրինի բնույթը։ Այստեղ առանցքայինը դառնում է տնտեսական եւ տարածաշրջանում կոմունիկացիոն ծրագրերում ներգրավվելու առաջնահերթությունը, որի արդյունքում ոտնահարվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերն անգամ այն երկրների կողմից, որոնք կարող են ունենալ փոխշահավետ համագործակցության հեռանկարներ։ Այս առումով մեծ անելիք ունի նաեւ հայկական կողմը, քանզի պատմական, մշակութային կամ բարեկամական նկատառումները բավարար չեն քաղաքական կամ տնտեսական հարաբերություններ կառուցելու համար։ Մենք մեր կողմից պարտավոր ենք ներկայացնել փոխշահավետ առաջարկներ, ինչը թույլ կտա առնվազն ձեռնպահ մնալ տնտեսական շահի դիմաց պրոադրբեջանական եւ պրոթուրքական հայտարարությունների տակ ստորագրելու գայթակղությունից։