Թուրքմենստանի իշխանությունները երկար ժամանակ կառուցում էին պետական ինքնիշխանության դոկտրինան, որի հիմնասյուներն էին անկախությունը, չեզոքությունը եւ նախագահի անձի պաշտամունքը։ Այս երեք երեւույթները, միմյանց լրացնելով, ունեին ոչ միայն ինստիտուցիոնալ բովանդակություն, այլեւ կրում էին գաղափարական հզոր իմաստ, որն օգտագործվում էր իշխանությունների կողմից՝ պետական ամբողջ կառուցվածքն ամրացնելու համար։ Բայց վերջին տարիներին իշխանություններն իրենք են սկսել ջանքեր գործադրել պետական կառուցվածքի այս երեք հիմքերի քայքայման ուղղությամբ, ինչը չափազանց զարմանալի է։
Նման քաղաքականության առաջին զոհը դարձել է, ոչ ավել, ոչ պակաս, պետության անկախության լեգիտիմությունը: Միայն իրեն հայտնի պատճառով նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի անկախության օրվա տոնակատարությունը մեկ ամիս շուտ է կազմակերպել՝ հոկտեմբերի 27-ի փոխարեն՝ սեպտեմբերի 27-ին: Նման որոշման մի քանի պատճառ է նշվում: Այդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, 2017 թ. փակ հաստատություններում կազմակերպվեց Ասիայի մարտարվեստի եւ սպորտային խաղերի շքեղ փակում: Այդ միջոցառումն ընդգրկված չէ Օլիմպիական խաղերի պաշտոնական ընտրական ռեեստրում, սակայն իշխանությունների կողմից ներկայացվել է որպես մարզական աշխարհում բացառիկ կարեւորության իրադարձություն: Անկախության օրվա փոփոխության որոշման լրացուցիչ դրդապատճառ կարող էր լինել ձգտումը՝ հոկտեմբերի վերջին խուսափելու եղանակային քմահաճույքներից, երբ անցկացվում են շքերթ ու ցույցեր, որոնց մեծ երկրպագուն է նախագահ Բերդիմուհամեդովը։ Ինչ էլ որ լինի, ոչ սեփական ժողովրդին, ոչ միջազգային հանրությանը ոչինչ չի բացատրվել։ Իրավիճակի անհեթեթությունը նրանում է, որ ոչ մի նորմատիվ ակտ չի ընդունվել, որը կամրապնդեր այս տեղափոխությունը, քանզի դա տեղի է ունեցել ոչ միայն տոնակատարության, այլեւ, փաստորեն, հենց Անկախության օրվա համար (հոկտեմբերի 27): Այն օրվա, երբ 1991 թ. ընդունվեց Անկախության հռչակագիր, եւ թուրքմենական քարոզչությունն այն «սուրբ» անվանեց: Արդյունքում այդ օրը սովորական, շարքային դարձավ։ Մեծ հաշվով՝ շարունակականությունն ու օրինականությունը խստորեն պահպանելու համար նման վերափոխումները պետք է ամրացվեին սահմանադրական ակտի մակարդակով, սակայն իշխանությունները պարզապես անտեսեցին այդ ձեւականությունը։
Հաջորդ զոհը Թուրքմենստանի չեզոքության կարգավիճակն է կամ, ինչպես նշված է թուրքմենական պաշտոնական փաստաթղթերում, «մշտական ու դրական չեզոքության կարգավիճակը»: 1995 թ. Թուրքմենստանի իշխանությունները հասան դրա ճանաչմանը որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առանձին բանաձեւ, այնուհետեւ երկու անգամ Գլխավոր ասամբլեայի միջոցով հաստատեցին այս կարգավիճակի աջակցությունը հաստատող բանաձեւեր: Ազգային իրավունքի մակարդակով Թուրքմենստանի չեզոքությունն ամրագրված էր երկրի Սահմանադրության առաջին հոդվածում։
Այս կարգավիճակը Թուրքմենստանի իշխանություններին հնարավորություն տվեց հմտորեն մանեւրել տարածաշրջանում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակում։ Խնդիրներ ունեցող Իրանի եւ Աֆղանստանի հետ հարեւանությունը լավագույնս թույլատրեց խուսափել բոլոր սուր անկյուններից՝ կապված ինչպես Աֆղանստան ներխուժած կոալիցիայի հետ հարաբերությունների, այնպես էլ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետ. ամենուր, միշտ եւ բոլորի հետ Թուրքմենստանը «հավասար հեռավորության վրա» էր։ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազով Թուրքմենբաշին նույնիսկ ԱՊՀ շրջանակներում իր երկրի համար պահանջել էր «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակ՝ հենվելով չեզոքության կարգավիճակի վրա, ինչը Թուրքմենստանին չխանգարեց դառնալ ԱՊՀ նախագահ եւ իր տարածքում ընդունել ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, իսկ Մերի քաղաքը դարձավ Համագործակցության մշակութային մայրաքաղաք:
2021 թ. նոյեմբերի 12-ին Թուրքմենստանը մտավ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) կազմ, բայց որպես դիտորդ, թեեւ ավելի վաղ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը նույնպես «հատուկ կարգավիճակ» էր պահանջում կազմակերպության կազմում Թուրքմենստանի համար։ Եվ հենց այդ օրը առաջին հարվածը հասցվեց Թուրքմենստանի չեզոքության կարգավիճակին. Թյուրքական պետությունների կազմակերպության անդամների ղեկավարների գագաթնաժողովը շնորհավորեց Ադրբեջանին եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւին ղարաբաղյան պատերազմում տոնած հաղթանակի առթիվ, եւ Թուրքմենստանը կամա-ակամա պետք է համերաշխություն դրսեւորեր բոլորի հետ, չնայած Հայաստանի հետ ջերմ հարաբերություններին։ Օրինակ՝ Թուրքմենստանում Հայաստանի դեսպանն ակտիվ հասարակական եւ աշխարհիկ կյանք է վարել, հեղինակություն է վայելել դիվանագետների շրջանում եւ արժանացել Թուրքմենստանի իշխանությունների բարեհաճությանը:
Չի կարելի ասել, որ պատերազմում հաղթանակի առթիվ այդ շնորհավորանքները՝ ընդդեմ բարեկամ երկրի, անակնկալ էին թուրքմենական իշխանությունների համար: Թյուրքական խորհուրդը նաեւ ղարաբաղյան պատերազմի ընթացքում էր արտահայտել իր համերաշխությունն Ադրբեջանին ու անձամբ նրա նախագահ Ալիեւին: Բայց այդ ժամանակ Թուրքմենստանը նույնիսկ դիտորդ չէր Թյուրքական խորհրդում, իսկ ԹՊԿ-ում ստիպված էր հաշտվել ու ենթարկվել կոլեկտիվ կամքին: Եվ թուրքմենական պաշտոնական մամուլը անմիջապես որոշեց հետքայլ կատարել՝ հրապարակելով նյութեր ԹՊԿ-ից սպասվող բացառապես տնտեսական հետաքրքրվածության մասին, առավել եւս՝ դիտորդի կարգավիճակում: Բայց մեկ ամիս էլ չէր անցել, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունն սկսեց իրականացնել այն դերը, հանուն որի եւ ստեղծված էր՝ առաջ մղելու Թուրքիայի քաղաքական հետաքրքրությունները: Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից բարձրացվեց ԹՊԿ-ին Հյուսիսային Կիպրոսի միանալու հարցը, որը, բացի Թուրքիայից, չի ճանաչվել որեւէ այլ պետության կողմից, ունի կոնֆլիկտային իրավիճակների ֆոն եւ մինչ օրս կոնֆլիկտային միավորում է: Կազմակերպությանը Հյուսիսային Կիպրոսի միանալը կնշանակի, որ ԹՊԿ-ի անդամները փաստացի ճանաչում են այն, ինչը կհանգեցնի ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի բազմաթիվ փաստաթղթերի հետ հակասությունների, Եվրամիության եւ առանձին երկրների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային միջերկրածովյան կազմակերպությունների շահերի հետ կոշտ բախման: Դրանք բոլորը չեն ճանաչում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը եւ երկարաժամկետ հեռանկարում դա չեն անի սկզբունքային պատճառներով։
Թուրքմենստանն ընտրություն ուներ՝ ընդդիմանալու եղբոր՝ Էրդողանի դաժան ճնշմանը՝ պաշտպանելով իր չեզոքության մնացորդները եւ հենվելով ԹՊԿ-ում դիտորդի կարգավիճակի վրա, կամ էլ Թուրքիայի հետ միասին բախման գնալ մեծ թվով միջազգային խաղացողների, այդ թվում՝ բացարձակ ծանրքաշայինների հետ՝ միեւնույն ժամանակ դե ֆակտո հրաժարվելով չեզոքությունից: Սակայն, հաշվի առնելով համագործակցության փաստաթղթերի այն փաթեթը, որն ստորագրվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքմենստան կատարած վերջին պետական այցի ժամանակ, ընտրությունը կատարված է: Ինչպես նաեւ վճռված է թուրքմենական չեզոքության ճակատագիրը:
Եվս մեկ մեծ ինտրիգ է ծավալվում բուն Թուրքմենստանում, որը կապված է, այսպես կոչված, իշխանության տարանցմանը նախապատրաստության հետ։ Հանրության մեջ շրջանառվող լուրերի համաձայն՝ հաջորդ տարվա սկզբին նախագահ Բերդիմուհամեդովն իր պաշտոնը կփոխանցի որդուն՝ Սերդար Բերդիմուհամեդովին: Սակայն իրական տարանցման նշաններ չկան. նախագահն առաջվա պես իրեն լավ է զգում, ընդունում է արտասահմանյան հյուրերին եւ ցատկում ձիու վրա, որդին՝ Սերդարը, ապշեցուցիչ արագությամբ վեր է բարձրանում կառավարության տարբեր պաշտոններով։ Բայց ամենագլխավորը, եւ դա բոլորը հասկանում են, այն է, որ Սերդար Բերդիմուհամեդովը, ով իրեն ոչ մի պաշտոնում ոչ մի կերպ չի դրսեւորել, չունի իրական հաջողության պատմություն, քաղաքական թույլ գործիչ է, չունի էլիտայի աջակցությունն ու հեղինակությունը, իսկ դա նշանակում է՝ ճանաչված չէ հանրության կողմից: Եվ դա նույնիսկ նրա մեղքը չէ. նախագահի անձի պաշտամունքի՝ գոյություն ունեցող հարացույցում գրեթե անհնար է աճել ու վերածվել լիարժեք, ինքնաբավ քաղաքական գործչի։ Իսկ իշխանությունը թույլ քաղաքական գործչի փոխանցելը նշանակում է արժեզրկել նախագահի պաշտոնը, որը Թուրքմենստանում սուրբ է եւ խիստ անհատականացված։ Ինչպես նշեցինք վերեւում, նախագահի անձի պաշտամունքն իշխանության եւ պետական ինքնավարության սյուներից մեկն է: Լուրերը, խոսակցությունները, կանխատեսումներն իշխանության այս ինստիտուտն ավելի ուժեղ են վարկաբեկում, քան ենթադրյալ «իշխանության փոխանցումը»՝ խախտելով ցանկացած ժողովրդավարական ընթացակարգ։ Սակայն իշխանությունները ոչ մի պարզաբանում չեն անում։ Միայն հատուկ ծառայությունները երբեմն-երբեմն հասարակության մեջ լուրեր են տարածում Սերդարի «սխրանքների ու վաստակի» մասին. մերթ նրա շնորհիվ իջեցվում են մսի ու հավի մսի գները, մերթ նա պատասխան է պահանջում նախագահի ամենահայտնի եղբորորդիներից: Սրանք հանրության ցավագին կետերն են, բայց հաստատ սխրանք կամ վաստակ չեն:
Նախագահի անձի պաշտամունքն այս ֆոնի վրա մթագնում է, իսկ Սերդար որդին չի համապատասխանում այդ պաշտոնին: Արդյունքում երկուսն էլ պարտվում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների աչքում։ Իշխանության լիարժեք փոխանցում չի ստացվում, իսկ նախագահի ու նրա իրավահաջորդի ապագան հրապարակավ հենց իրենք չեն որոշում։ Ի դեպ, այս անկումը նկատել են նաեւ իշխանությունները, ուստի հաջորդ տարին Թուրքմենստանում հայտարարվել է «Արքադաղով ժողովրդի դարաշրջան» (Արքադաղ՝ հովանավոր, այդպես են կոչում երկրում նախագահ Բերդիմուհամեդովին)։