Ռուսաստանի եւ Արեւմուտք-ՆԱՏՕ առանցքի միջեւ զարգացումները շարունակում են մնալ բարձր տոնայնության վրա։ Գոյություն ունեցող հակամարտություններից կամ թեժ կետերից յուրաքանչյուրը կարող է դառնալ անշրջելիության կետը։ Ներկայումս գործընթացներն առավել ակտիվ են ընթանում Ուկրաինայի շուրջ։ Այդ կապակցությամբ «Oslobodenje» թերթին (Բոսնիա-Հերցոգովինա) տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներգրավելու քաղաքականությունը սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։ Իսկ ընդհանուր տրամաբանության մեջ ռազմական ռիսկերն առաջանում են ներգրավված բոլոր կողմերի համար եւ կարող են հանգեցնել լայնածավալ հակամարտության Եվրոպայում։ Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հայտարարել էր, որ Կիեւն իրականացրել է ՆԱՏՕ-ի չափանիշների երկու երրորդը եւ մտադիր է ընդլայնելու համագործակցությունը դաշինքի հետ։
Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, կարծիք հայտնելով, որ այն «վտանգավոր մակարդակի է հասել»։ Այս լարվածության ֆոնին «Թուրքիան չի անտեսի Ուկրաինայի հետ իր սերտ հարաբերությունները միայն այն պատճառով, որ Ռուսաստանի հետ ընդարձակ հարաբերություններ ունենք». այսպիսին է Թուրքիայի ընկալումը ռուս-թուրքական «բարեկամության» մասով։ Չավուշօղլուի խոսքերով՝ Թուրքիան «դիվանագիտություն է վարում երկրի ազգային անվտանգությունից բխող հանգամանքներին ու պահանջներին համապատասխան»։ «Սա ծանր աշխատանք է, բայց դիվանագիտությունը դրա համար է: Թուրքական կառավարությունը կառուցում է արտաքին քաղաքականություն՝ հիմնված երեք սյուների վրա՝ ազգային արժեքներ եւ շահեր, իրավիճակը տեղում եւ երկրի հնարավորությունները»,- հավելել է նա։ Ի դեպ, դեկտեմբերի 23-ին «Haberturk»-ը գրել էր, որ Թուրքիան կարող է մասնակցել Դոնբասում ՆԱՏՕ-ի ռազմական «հակառուսական գործողությանը» եւ նույնիսկ ղեկավարել այն։ Հոդվածի հեղինակ Չեթիներ Չեթինը կարծում է, որ Արեւմուտքը մշակում է ծրագիր, ըստ որի՝ Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման դեպքում նախատեսվում է տեղափոխել մոտ 35-40 հազար հատուկ պատրաստվածություն ունեցող զինվորի։ Այդ գործողության ղեկավարումը դրվելու է բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ խմբի վրա (VJTF), որի հրամանատարությունը 2021 թ. պատկանում է Թուրքիային։
ՌԴ նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Օրջոնիկիձեն «Իզվեստիային» տված հարցազրույցում խոսել է նախկին ԽՍՀՄ-ի սահմաններ ՆԱՏՕ-ական զորքերի ներխուժման մասին՝ նշելով, որ Վարշավյան պայմանագրի լուծարումից եւ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի համար ռազմավարական իրավիճակը փոխվել է սպառնալից ուղղությամբ։ «Այսօր ՆԱՏՕ-ի զորքերն արդեն մտել են նախկին ԽՍՀՄ սահմանները։ Վարշավայի պայմանագրի բոլոր եվրոպական երկրները դարձան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Հիմա մենք իրականում նահանջելու տեղ չունենք։ Հրթիռների թռիչքի ժամանակը աղետալի տեմպերով նվազում էր»,- պարզաբանել է Օրջոնիկիձեն, այսինքն՝ Ռուսաստանը հասել է այն գծին, որից հետքայլը վտանգելու է այդ երկրի պետական շահերը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին Ռուսաստանի առաջարկած անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերը բավականին կոշտ ընդունելություն գտան։ Ավելին՝ առավել կոշտ արտահայտվեցին մի շարք նախկին Խորհրդային Միության, ինչպես նաեւ Վարշավյան պայմանագրի կազմակերպության երկրների։
Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ հարաբերությունների հարցում Մոսկվայի ներկայացրած անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում փոխզիջման չգնալու մասին է խոսել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։ Դիվանագետի խոսքերով՝ Վաշինգտոնը չի կարող անմիջապես ստորագրել անվտանգության երաշխիքների փաստաթղթերի նախագծերը։ «ԱՄՆ-ն պատրաստ չէ պարզապես վերցնել եւ ստորագրել այդ փաստաթղթերը, ընդ որում, դրանցից մեկն ուղղված է ոչ թե ԱՄՆ-ին, այլ ՆԱՏՕ-ին, ենթադրվում է, որ դա կլինի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համաձայնագիրը, ուստի դա պարզապես անհնար է»,- շեշտել է նա «Կոմերսանտի» հետ հարցազրույցում՝ հավելելով, որ Վաշինգտոնը նույնպես պատրաստ չէ անհապաղ ստորագրել ԱՄՆ-ին ուղղված փաստաթուղթը։
Բոլոր կողմերը հասկանում են, որ ամենափոքր վրիպումն անգամ կարող է հակամարտությունը մտցնել ուժային հարթություն, սակայն ներկայումս գործընթացներն այն ուղղությամբ են զարգանում, որ յուրաքանչյուրի համար ոչ միայն ռազմական բախումը կարող է ճակատագրական դառնալ, այլեւ «հետքայլը»։ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը, որը բավականին սրվել է այս տարվա ընթացքում, լիցքաթափման նախանշաններ ցույց չի տալիս։