Պաղեստինցիների թիվը, որոնք վիրավորվել են Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումներում, հասել է 612-ի: Այս մասին հայտնել է «Ալ-Քուդս» թերթը՝ հենվելով Պաղեստինի Կարմիր կիսալուսնի միության ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության վրա:
«Օրվա ընթացքում (նկատի ունի մայիսի 10-ը,-հեղ.) Տաճարի լեռան ու Երուսաղեմի Հին քաղաքի շրջանում վիրավորվել է ոչ պակաս 612 պաղեստինցի»,- նշել է միության ներկայացուցիչը:
Ահա այսպիսին է իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ բախման պատկերը մայիսի 10-ին՝ Երուսաղեմի օրը: Քաղաքում ու նրա արվարձաններում անկարգությունները շարունակվում են արդեն մի քանի օր: Իրավիճակին լրացուցիչ սրություն է հաղորդում այն, որ դրանք կատարվում են Իսրայելում իշխանական անորոշության պայմաններում. այնտեղ չեն կարողանում կառավարություն ձեւավորել:
Երուսաղեմում հուզումներն սկսվել են մայիսի 7-ին, եւ դրանց ուղղակի պատճառը դարձել է քաղաքի համար հաճախակի երեւույթ դարձած տարածքային վեճը, որը պատմական հանգամանքների հետեւանք է: Երուսաղեմի դատարանը որոշում է կայացրել Շեյխ-Ջարրահ շրջանից տեղափոխել պաղեստինյան մի շարք ընտանիքների եւ նրանց հողերը հանձնել հրեաների սերունդներին, ովքեր այնտեղ ապրել են մինչեւ 1947-1948 թթ. պատերազմը:
Այն ժամանակ ռազմական գործողությունների արդյունքում նույն տարածքն զբաղեցրեցին հորդանանյան զորքերը: Հրեաները լքեցին Շեյխ-Ջարրահը: Շրջանն իսրայելական վերահսկողության տակ անցավ 1967 թ. պատերազմի ժամանակ:
Այսպիսի վեճերն Իսրայելում հազվադեպ չեն, սակայն տեղի դատարանները սովորաբար աշխատում են չակտիվացնել դրանք՝ իմանալով, որ ցանկացած որոշում բացասաբար կընդունվի կամ պաղեստինցիների, կամ հրեաների կողմից: Բայց այս անգամ բացառություն է արվել…
Արաբ երիտասարդների եւ ոստիկանության միջեւ բախումները բռնկվել են շաբաթ երեկոյան, այնուհետեւ շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան եւ «Ալ-Աքսա» մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասան մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը եւ դրոշներով երթ կազմակերպում ի հիշատակ քաղաքի՝ 1967-ի պատերազմի արդյունքում Իսրայելի վերահսկողությանը փոխանցման: Ավանդաբար այս միջոցառմանը մասնակցում են իսրայելական աջերը: Երթուղին սկսվում է քաղաքի հրեական մասից, անցնում Շհեմի դարպասներով եւ ավարտվում Արտասուքի պատի մոտ:
Ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ բախումներն սկսվել են առավոտյան եւ շարունակվել ողջ օրվա ընթացքում: Երկուշաբթի երեկոյան նախատեսված էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ` քննարկելու իրավիճակը: Բանաձեւը, որը Պաղեստինը պնդում է, պետք է ներառի կետ արաբական եւ հրեական պետությունների ստեղծման մասին: Ավելին, ինչպես ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի Դաշնությունում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը, նրա երկիրն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում միայն Արեւմտյան Երուսաղեմը: Շեյխ Ջարրահը գտնվում է քաղաքի արեւելքում, նրա արաբական մասում: Պաղեստինցիների համար առաջվա պես անընդունելի է մնում Երուսաղեմը հրեական պետության միասնական ու անբաժանելի մայրաքաղաք ճանաչելու գաղափարը:
Միեւնույն ժամանակ եւ Իսրայելի, եւ ԱՄՆ-ի իշխանությունները միանգամայն հակառակ դիրքորոշում ունեն: Ջոզեֆ Բայդենի վարչակազմի տեսակետն այս պարագայում չի տարբերվում Դոնալդ Թրամփի տեսակետից: Թե մեկը, թե մյուսը չեն խոսում քաղաքի բաժանման մասին:
Երուսաղեմի անկարգությունները տեղի են ունենում Իսրայելի համար հատուկ ժամանակաշրջանում: Բենյամին Նաթանյահուն եւ նրա «Լիկուդ» կուսակցությունը, որը հաղթել է մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում, չկարողացան կառավարություն ձեւավորել: Դրա համար օրենքով հատկացված 28-օրյա ժամկետը լրացավ մայիսի 5-ին: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը կառավարություն կազմելու իրավունքը փոխանցել է խորհրդարանում ստացած տեղերի քանակով հաջորդ քաղաքական ուժին՝ «Յեշ Աթիդ» կուսակցությանը, որը գլխավորում է Յաիր Լապիդը:
Փորձագետները կանխատեսում էին Նաթանյահուի ձախողումը: Հաշվի առնելով Կնեսետում ուժերի ներկայիս դասավորվածությունը՝ խորհրդարանական մեծամասնության ցանկացած քաղաքական կազմաձեւ անկայուն կլինի: Դժվար է ակնկալել, որ Լապիդը կկարողանա ստեղծել կայուն կոալիցիա: Այժմ նա առաջարկում է միավորել բոլոր քաղաքական ուժերին, որոնք շահագրգռված են քաղաքական ասպարեզից Նաթանյահուի հեռացմամբ: Նման կոալիցիան, եթե նույնիսկ կազմվի, դժվար թե ամուր լինի: Բացի այդ, Երուսաղեմում տեղի ունեցած անկարգությունները խնդրահարույց են դարձնում Արաբական միացյալ ցուցակի հետ պայմանավորվածությունը: Առանց դրա կոալիցիան, որը չի ընդգրկում «Լիկուդը», կարող է չաշխատել:
Նաթանյահուն ժամակավորապես կմնա վարչապետի պաշտոնում: Ամենեւին էլ փաստ չէ, որ հետո նա կհեռանա իշխանությունից: Առաջին՝ մեծ են հնարավորությունները, որ Լապիդը կոալիցիա չի ձեւավորի, իսկ այդ դեպքում խորհրդարանական նոր ընտրություններ կնշանակվեն, որոնցում «Լիկուդը» դժվար թե երկրորդ տեղից ներքեւ իջնի: Երկրորդ՝ Նաթանյահուն կարող է պայքարել նաեւ նախագահի պաշտոնի համար: Կնեսետը Ռիվլինին փոխարինողին կընտրի հունիսի 2-ին, երբ պարզ կլինի նաեւ՝ արդյոք խորհրդարանական մեծամասնության կոալիցիա կձեւավորվի՞, թե՞ ոչ:
Իրավիճակից փորձում է օգուտ քաղել Թուրքիան: Նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն քիթը խոթել է վերը նշված իրադարձությունների մեջ՝ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցում պաղեստինցիների վրա հարձակումները որակելով որպես ահաբեկչություն:
Իսլամական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Արուրին հայտարարել է, որ արաբական բոլոր երկրները պետք է չեղյալ հայտարարեն Իսրայելի հետ խաղաղության պայմանագրերը: «Իրադարձությունները, որոնք կատարվում են երուսաղեմյան «Ալ-Աքսի» մզկիթի շրջակայքում ու Շեյխ Ջարրահ շրջանում, հաստատում են, որ Իսրայելի հետ քաղաքական կարգավորման փնտրտուքը բացարձակապես անհեռանկար է: Օկուպացիոն իշխանությունները արաբական թաղամասերում խլում են տները, որպեսզի փոխեն քաղաքի ժողովրդագրական բնույթը: Այլեւս անհնար է լռել հանցագործությունների մասին, որոնք կատարում է Իսրայելն Արեւելյան Երուսաղեմում»,- ասել է ալ-Արուրին՝ նախազգուշացնելով, որ «իսլամական դիմադրության մարտիկները, որոնք բազավորվել են Գազայի հատվածում, մեկ օրով չէ, որ պայքարի մեջ են մտել «Ալ-Աքսի» մզկիթի համար»: Նա շեշտել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն, քանզի «հակամարտության հիմքում ընկած է Արեւելյան Երուսաղեմի ճակատագիրը»:
«Դիմադրության ուժերն այս պահին իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը ողջ Պաղեստինի ու նրա ժողովրդի համար»,– հայտարարել է ալ-Արուրին:
Ավելացնենք, որ Գազայի հատվածից Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հրթիռ, դրանցից նվազագույնը 6-ը պայթել է Երուսաղեմում: Իսրայելը, իր հերթին, հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ին: Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի հարվածների զոհ են դարձել 20 պաղեստինցի, այդ թվում՝ 9 երեխա, եւս 65 հոգի վիրավորվել է:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հորդանանի ԱԳ նախարար Այման Հուսեյն Աբդալլա աս-Սաֆադիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսրայելն իր քաղաքացիներին հրթիռային գրոհներից պաշտպանելու իրավունք ունի, ինչպես նաեւ բոլոր կողմերին կոչ է արել թոթափել լարվածությունը: