Կրկին սրվել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։ Խնդիրը հիմնականում սկսվել է մի քանի շաբաթ առաջ, երբ իսրայելական իշխանությունները, շրջափակելով Երուսաղեմի «Շեյխ Ջարրահ» արաբական թաղամասը, փորձել են այնտեղից հեռացնել բնակիչներին: Արդեն մայիսի 7-ին Իսրայելի սահմանապահ ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ բախումներ սկսվեցին Տաճարի լեռան մոտ, որը Երուսաղեմի Հին քաղաքի հարավարեւելյան մասում է։ Այստեղ է իսլամի երրորդ ամենակարեւոր սրբավայրը՝ Ալ-Աքսա մզկիթը։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումների եւ հետեւանքների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Միջին Արեւելքի հարցերով փորձագետ Հարութ Առաքելյանի հետ։ Նրա խոսքերով` հակամարտության սրացումը սպասելի էր այնքանով, որ 4-րդ ընտրություններից հետո Բենյամին Նաթանյահուին այդպես էլ չհաջողվեց 28 օրվա ընթացքում կազմել կոալիցիոն կառավարություն։ Դրա արդյունքում վարչապետի պարտականությունները Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլին հանձնեց Յաիր Լապիդին, ով համարվում է Նաթանյահուի մրցակիցը։ «Նաթանյահուի դեմ այսօր դատարանում կան քրեական գործեր, եւ եթե նրան չհաջողվի մնալ իշխանության մեջ, ապա ավելի բարդ իրավիճակում է հայտնվելու։ Սպասելի էր, որ տեսնելով այդ ամենը` Նաթանյահուն երկիրը կտանի սրացումների, որպեսզի գոնե երկար ժամանակ կարողանա մնալ որպես վարչապետի պաշտոնակատար։ Արդեն քաղաքական անցուդարձը ցույց կտա, թե կկարողանա, արդյոք, նոր կոալիցիա կազմել` հինգերորդ ընտրություններին ավելի բարձր ձայներ բերելով»,- մանրամասնեց զրուցակիցս։
Մյուս կողմից` իրավիճակի թեժացումները եղան Ղոդսի օրը, որը մուսուլմանական աշխարհում Ռամադան ամսվա վերջին ուրբաթն է։ Հիմնականում շիաներն են տոնում, որը 42 տարի առաջ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի կողմից Ղոդսի օր անվանվեց: Ղոդսը Երուսաղեմի արաբական անվանումն է։ Ամեն տարի այդ օրը, որպես բողոքի նշան Ղոդսի գրավման, իսլամական աշխարհում տեղի են ունենում ցույցեր, որոնք այս տարի վերածվեցին բախումների, մզկիթը շրջափակվեց, եւ իսրայելի բանակն ու ոստիկանությունը կոշտ միջոցներ կիրառեցին ուխտավորների եւ ցուցարարների նկատմամբ: Առաքելյանի համոզմամբ` սա շատ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ ոչ միայն Երուսաղեմի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար. «Արդեն սպասելի էր, որ երկուշաբթի օրվանից լուրջ զարգացումներ են սպասվելու։ Պատճառն այն է, որ մայիսի 10-ը Իսրայելի համար համարվում է Երուսաղեմի ազատագրման օր 1967-ի պատերազմի արդյունքներով, երբ Իսրայելը Հորդանանից գրավեց Երուսաղեմի արեւելյան շրջանները եւ Հորդանան գետի արեւմտյան ափը։ Մինչդեռ պաղեստինցիները համարում են, որ այն զավթվել է Իսրայելի կողմից, եւ սպասելի էր, որ մայիսի 7-ի բախումներից հետո պաղեստինցիները հակահարված կտան»։
Նկատենք, որ, ներքաղաքական հարցեր լուծելուց բացի, Երուսաղեմում տեղի ունեցող զարգացումները նաեւ տարածաշրջանային նշանակություն ունեն։ Այստեղ շատ երկրների շահեր եւ հետաքրքրություններ են մեկտեղվում։ Պատասխանելով այն հարցին, թե որքան մեծ է հավանականությունը, որ ռազմական գործողությունները կընդլայնեն իրենց աշխարհագրությունը, փորձագետը նշեց, որ եթե այս հակամարտությունը չվերահսկվի, լինի դա ԱՄՆ-ի կամ տարածաշրջանի այլ երկրների (ինչպես, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի) կողմից, ապա մտավախություն կա, որ այն դուրս կգա իր աշխարհագրական սահմաններից, եւ Մերձավոր Արեւելքում լուրջ պայքար կսկսվի իսլամական եւ իսրայելամետ ուժերի միջեւ։
Պաղեստինին մշտապես աջակցել է Թուրքիան, որովհետեւ Պաղեստինում եւ Գազայում հիմնականում իշխում է իսլամիստական ջիհադիստական ՀԱՄԱՍ շարժումը։ Առաքելյանը հիշեցրեց, որ այն իսլամական «Մուսուլման եղբայրներ» գաղափարախոսության կրողն է, որին է պատկանում նաեւ Էրդողանը։ Եթե սրացումները շարունակվեն, այստեղ մուտք կունենան թե Ռուսաստանը, թե Թուրքիան, թե Իրանը։ «Եթե քաղաքական առեւտրի ժամանակ կողմերի համար ընդունելի արդյունք ձեռք բերվի, լարվածությունը կթուլանա, իսկ եթե ընդհանուր հայտարարի չգան, ապա, բնականաբար, կլինեն ուժեր, որոնք կցանկական ավելի թեժացնել իրաիճակը»,- մեկնաբանեց նա։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը Իսրայելի իշխանություններին կոչ է արել պատասխանատվություն կրել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման համար: Զրուցակիցս նկատեց, որ ՀԱՄԱՍ-ը լավ է հասկանում, որ այս իրավիճակում բանակցությունները որեւէ իմաստ չունեն, որովհետեւ խնդրի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու փորձերն արդյունք չեն տալիս, իսկ Իսրայելի իշխանությունը շարունակում է նոր ավանների ստեղծումը։ «Խնդիրները սկսեցին Երուսաղեմի արեւելյան շրջանից պաղեստինցիների տեղահանումից։ Սրանով Իսրայելը փորձում է դեմոգրաֆիկ հարց լուծել եւ արաբներին հանել Երուսաղեմից, որպեսզի այն դառնա զուտ հրեական քաղաք՝ նպատակ ունենալով հռչակել այն երկրի մայրաքաղաք, եւ չի հանդուրժում պաղեստինցիների կողմից առաջ քաշած «Մեկ քաղաք, երկու պետություն» նախագիծը։ Հետեւաբար, ամեն կերպ փորձում է արաբներին հեռացնել Երուսաղեմից եւ քաղաքը դարձնել միատարր»,– նշեց նա։ Ժամանակին Երուսաղեմը մայրաքաղաք դարձնելու հարցում Իսրայելին աջակցել էր ԱՄՆ նախագահ Թրամփը:
Փաստորեն, Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից բռնի ուժի կիրառումը եւ խնդիրը կոշտ միջոցներով լուծելը` կարծես Պանդորայի արկղ լինեին, որի բացվելուց հետո այլ հակամարտությունների կողմերը նույնպես փորձում են կոշտ միջոցների կիրառման ճանապարհով լուծումներ տալ իրենց խնդիրներին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի համար պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացումը, Առաքելյանը նկատեց, որ եթե այն չվերահսկվի եւ դուրս գա այդ տարածաշրջանից, ապա ուժի կիրառումը կլուծի բոլոր խնդիրները։ Պաղեստինա-իսրայելական առճակատումը կարող է վերամիավորել ոչ միայն արաբական, այլեւ իսլամական աշխարհը, եւ եթե դա տեղի ունենա ի հաշիվ Իսրայելի, ապա մենք շրջապատված կլինենք իսլամական աշխարհով։ Զրուցակցիս խոսքերով մենք արդեն դատապարտած պետք է լինեինք խաղաղ բնակչության տեղահանումը, ազդակ ուղարկելով, որ կրոնական հիմքով չենք առաջնորդվում, որպեսզի թիրախ չդառնանք իսլամիստների համար. «Եթե հիմա ազդակ չուղարկենք, առաջնային համարելով մարդկային, հումանիտար գործոնը, եթե չդատապարտենք այդ երեւույթը, ապա իսլամիստների համար դառնալու ենք Իսրայելի նման օկուպանտ։ Մենք իսլամական աշխարհի մեջ ենք գտնվում, եւ հետեւանքները վտանգավոր կարող են լինել»։ Որոշ երկրներ իսլամական աշխարհը մոբիլիզացնելու եւ ղեկավարելու խնդիր ունեն, դրա արանքում չպետք է հայտնվենք, ինչը մեզ համար կարող է չափազանց վտանգավոր լինել։ Ի վերջո, մուսուլման աշխարհում մի շարք երկրների հետ բնականորեն կարող ենք ունենալ բարեկամական, դաշնակցային հարաբերություններ, որոնք էլ պետք է ավելի սերտացնենք եւ զարգացնենք։
Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ «Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը եւ կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,- ասված է արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։