Գազայի հատված ցամաքային ներխուժման պլանը մայիսի 13-ին ներկայացվել է Իսրայելի բանակային ու քաղաքացիական ղեկավարությանը: Չնայած այն բանին, որ ի սկզբանե պաշտպանության բանակը մերժել է նման օպերացիայի հավանականությունը, վերջին օրերի իրադարձությունները հրամանատարությանը հակել են այն մտքին, որ անհրաժեշտ է մշակել նման կոշտ սցենար: Որոշ հույսեր կապված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ, սակայն փորձագիտական շրջանակներում շարունակում են պնդել, որ միջնորդների դիվանագիտական ջանքերն առայժմ անզոր են՝ փակելու հակամարտության ծավալման ճանապարհը:
Այն մասին, որ պաշտպանության բանակի հրամանատարները ցամաքային ներխուժում ենթադրող պլան ունեն, հաղորդել է զինված ուժերի ներկայացուցիչ Հիդայ Զիլբերմանը: Նա մատնացույց է արել փաստը, որ զինվորական ստորաբաժանումները որոշ ժամանակ է՝ կենտրոնացած են սահմանամերձ շրջաններում:
Այս հայտարարությանը նախորդեցին ՀԱՄԱՍ-ի դիրքերին կատարված իսրայելական հարվածները, որոնք ոչնչացրեցին շարժման ներքին անվտանգության ծառայության շտաբը, նրա բանկը եւ բարձրաստիճան հրամանատարներից մեկի՝ Իյադա Թայիբայի տունը: Այդ սպան պատասխանատու էր մի քանի գումարտակների աշխատանքի համար: Պաշտպանության բանակի տեղեկություններով՝ նրա տունն օգտագործվել է ահաբեկչական գործունեության համար: Ավելի ուշ հրապարակվեցին ապացույցներ, որ ավիացիան հարձակվել է նաեւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի տան վրա:
Ռմբակոծություններն արդեն ուղղակիորեն առնչվում են Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքների հետ: Այսպես՝ ամերիկյան «Chevron» հսկան տեղեկացրել է, որ դադարեցնում է իր գործողությունները Միջերկրական ծովի «Թամար» հանքավայրում: Հաղորդվում է, որ դա արվել է Իսրայելի խնդրանքով, որը զգուշանում է, որ պաղեստինյան խմբավորումները թիրախավորելու են ծովային պլատֆորմը: Հրեական պետության էներգետիկայի նախարարությունը, ի դեպ, հերքում է այդ կապը՝ շեշտելով, որ այդ առումով ՀԱՄԱՍ-ից ոչ մի ազդանշան չի եղել: Սակայն վտանգն ակնհայտ է: «Chevron»-ի որոշմանը նախորդել է պաղեստինյան կողմից Իսրայելի տարածքում Էյլաթ-Աշկելոն նավթամուղի ռմբակոծությունը: Եթե դատենք սոցիալական ցանցերում տարածված տեսահոլովակներից, արկը վնասել է նավթամուղը եւ նավթի պահեստներից մեկը:
Իրավիճակն ավելի են սրում Իսրայելի տարբեր քաղաքներում հրեական եւ արաբ բնակչության միջեւ գրանցվող դաժան բախումները: Հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը դրանց դեմ պայքարելու համար կարգադրել է շտապ ներգրավել սահմանապահ ոստիկանության 10 վաշտ:
Պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին, «Realtribune.ru»-ում ներկայացնելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, ընդգծել է, որ Իսրայելը քաղում է Արցախի դեմ պատերազմին մասնակցության պտուղները: Առաջին հայացքից Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցությունն ակնհայտ չէ, բայց դա՝ միայն առաջին հայացքից:
Անկարան արդեն վաղուց տարածաշրջանային խաղացողի դեր է ստանձնել: Սիրիայում, Լիբիայում եւ Արցախում Թուրքիայի մասնավոր հաջողությունները գլխապտույտ են առաջացրել Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ, եւ նա, հավանաբար, որոշել է, որ եկել է պաղեստինյան խնդրի լուծման ժամանակը:
«Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ Էրդողանը ոչ ադեկվատ մարդ է: Ամենայն հավանականությամբ, աշխատելով իր իմիջի համար, նա ուսումնասիրել է Հիտլերի ձեւերը, սակայն, ամեն դեպքում, խելացի ու նենգ քաղաքագետ է, որն իրականացնում է եթե ոչ Օսմանյան կայսրության վերականգնման, ապա գոնե Թուրքիայի՝ Եվրասիական տերության վերածման հստակ պլան: Իսկ Իսրայելում շատ իզուր չարձագանքեցին Էրդողանի այն խոսքերին, ըստ որոնց՝ «Երուսաղեմը մեր քաղաքն է»,- գրել է Ռուժանսկին:
Ուշադրություն է գրավում այն փաստը, որ իսրայելա-պաղեստինյան հերթական լարվածության նախօրեին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան զանգահարել է ոչ թե արաբական երկրներից որեւէ մեկի նախագահին կամ իսլամական միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, այլ կոնկրետ՝ Թուրքիայի նախագահին: Հեռախոսային այդ խոսակցության մանրամասները չեն հրապարակվում, սակայն արդեն միայն զրույցի փաստը թույլատրում է որոշակի եզրակացություններ կատարել:
Իսկ թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալության կայքում այսօր հրապարակվող նյութերի 70 տոկոսը նվիրված է Երուսաղեմի իրադարձություններին: Ավելին՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կոմունիկացիաների եւ ԶԼՄ-ների վարչության ղեկավար Ֆահրեդին Ալթունը թվիթերյան իր էջում այսպիսի հայտարարություն է կատարել. «Դիմում ենք իսլամական աշխարհին. ժամանակն է դադարեցնել Իսրայելի ստոր եւ դաժան գործողությունները: Իսրայել ահաբեկչական պետությանն իր տեղը դնելու պահն է»:
Իհարկե, թվիթերում գրառում կատարողը պարտավորված չէ դիվանագիտական վարվելակարգ դրսեւորել, իսկ նման հայտարարությունները դեռեւս պաշտոնական չեն համարվում: Բայց միամտություն կլինի կարծել, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն է արել առանց երկրի ղեկավարի իմացության:
Իսրայելական իսթեբլիշմենտը պետք է լուրջ ընդունի նման հայտարարությունները, քանի որ Թուրքիան Իսրայելի վրա շատ ավելի մեծ լծակներ ունի, քան կարող են ենթադրել Երուսաղեմում եւ Թել Ավիվում: Իսրայելին ծայրաստիճան տհաճ անակնկալներ են սպասվում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Գազայի հատվածում:
Իհարկե, դժվար թե հիմքեր լինեն՝ խոսելու պատերազմի մասին Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ՝ Գազայի հատվածի եւ Հորդանանի արեւմտյան ափի վրա վերահսկողություն սահմանելու համար: Բայց երկու երկրների միջեւ հակասություններ, անշուշտ, կան, եւ Էրդողանը լրջորեն տրամադրված է լուծել դրանք:
Իսրայելը, անշուշտ, կցանկանար իր հեգեմոնիան Արեւելյան Միջերկրականից մինչեւ Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի սահմանները հաստատել ձգտող Թուրքիային տեսնել ռազմավարական դաշնակցի դերում, բայց դժվար թե համաձայնի ընդունել թուրքական հավակնությունները Արեւելյան Միջերկրականում: Ընդհանրապես՝ Իսրայելը դժվար թե համաձայնի կրտսեր գործընկերոջ դերին: Այդուհանդերձ, պաղեստինցիների հետ հակամարտությունում Իսրայելը, ուզի թե չուզի, ստիպված է հաշվի նստել Թուրքիայի հետ:
«Հնարավոր է՝ իսրայելա-թուրքական առճակատումը հանգեցնի Իսրայելի ու Հայաստանի հարաբերությունների ժամանակավոր բարելավման: Ընդգծում եմ. բացառապես ժամանակավոր, քանի որ գլոբալ աշխարհաքաղաքական դիմակայությունում երկու երկրները գտնվում են ճակատի հակառակ կողմերում, եւ միեւնույն ժամանակ Իսրայելն ու Թուրքիան ինչպես եղել, այնպես էլ կմնան նույն թիմում: Ամենայն հավանականությամբ, Իսրայելի եւ Հայաստանի մերձեցումը կավարտվի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հերթական քննարկմամբ: Եվ, իհարկե, նրանք կրկին դա չեն ճանաչի. ադրբեջանական լոբբին չափազանց մեծ ազդեցություն ունի Իսրայելում: Ինչ վերաբերում է թուրք-իսրայելական հարաբերություններին, ապա Իսրայելը կամ պետք է պատրաստվի շատ տհաճ անակնկալների, կամ թույլ տա, որ Թուրքիան մասնակցի իսրայելա-պաղեստինյան դարավոր հակամարտության կարգավորմանը»,- եզրափակել է Ռուժանսկին:
Ամեն դեպքում, եթե Իսրայելում պլանավորել էին Հայաստանի դեմ ագրեսիային այս կամ այն ձեւով մասնակցության միջոցով բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է շեշտել, որ այդ հաշվարկն ակնհայտորեն իրեն չի արդարացրել: