Դեռ 1970-ական թթ. ժողովրդագիրները ճշգրտորեն հաշվարկել էին, որ Երկրագունդն իր ներկայիս տեխնիկական զարգացածության աստիճանով ի վիճակի է պահել մոտավորապես 9-12 մլրդ բնակչություն։ Այս ցուցանիշով այժմ մենք մոտեցել ենք ստորին նիշին (գրեթե 8 մլրդ), եւ թվում է՝ դեռ գոնե տասնամյակներ կարող ենք համեմատաբար հանգիստ գոյատեւել։ Սակայն մի հանգամանք շատերը հաշվի չեն առնում` այս հաշվարկները կատարվել են կազմակերպված, անցնցում պայմանների համար։ Ցանկացած համաշխարհային բնական աղետ կամ հասարակական հզոր տեղաշարժ, պատերազմ եւ այլն իջեցնում են այս ցուցանիշները, աշխարհի որոշակի հատվածներում ստեղծում են գոյության համար անելանելի դրություն` ծնելով համընդհանուր սով, իրարանցում եւ քաոս։ Նման ապակայունացնող իրավիճակները, որոնք կարող են հավասարակշռությունից հանել աշխարհը, գնալով ավելի վտանգավոր են դառնում, քանի որ բնակչության աճին զուգահեռ՝ Երկրագունդն ավելի ու ավելի զգայուն է դառնում այս ցնցումների նկատմամբ։ Այսպիսի մի ցնցում դարձավ ռուս-ուկրաինական պատերազմը, որի հետեւանքներին այսօր տագնապով սպասում են ոչ միայն այդ հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված ժողովուրդները, այլեւ ամբողջ աշխարհը։ Վերը նշված օրինաչափությունների պատճառով այսպիսի տեղային ճգնաժամերն արդեն կարող են ավելի մեծ ազդեցություն թողնել գլոբալ տնտեսական պակասուրդի վրա, քան նույնիսկ երկու համաշխարհային պատերազմները, որոնց ժամանակ երկրի բնակչության խտությունը շատ ավելի ցածր էր, ուստիեւ հետեւանքների չեզոքացումը` շատ ավելի հեշտ։
Զինված պատերազմը վերաճում է տնտեսականի
Անկեղծ ասած՝ դավադրապաշտական այն թեզը, թե ամբողջ աշխարհը տրամադրված է միայն ապահովելու Ռուսաստանի պարտությունը պատերազմում, այնուամենայնիվ, առաջնային չափանիշը չէ։ Աշխարհի կառուցողական ուժերն առաջին հերթին տրամադրված են խաղաղության հաստատմանը, քան պատերազմում որեւէ կողմի հաղթանակին (գուցե բացառությամբ, մասնավորապես, մեծբրիտանական որոշակի շրջանակների)։ Այդ է վկայում միջազգային սատարումը ընթացող հաշտության բանակցություններում։
Եվս մի դիտարկում, եւ անցնենք հիմնական` տնտեսական թեմային։ Կեղծ են պատերազմի ընթացքից ելնող այն տեսակետները, թե Ռուսաստանը սպասվածից թույլ է, նրա հզորության առասպելը քայքայվել է եւ այլն։ ՆԱՏՕ-ն, օրինակ, այդպես չի դատում, ուստի հեռու է մնում անմիջական բախումից։ Բանն այն է, որ Ռուսաստանի հզորությունը ռազմավարական պատերազմում է։ Նա միշտ ճնշված է գործել, ասենք՝ աֆղանական, չեչենական, այսօր էլ` ուկրաինական ճակատներում, նրա գործը չէ` կռվել բնակելի շենքի պատուհանից կրակող մարտիկի հետ, դա նա լավ չի կարողանում։ Առաջարկի՛ր նրան բաց պատերազմ, եւ այն ժամանակ կդրսեւորի իր իրական հնարավորությունները։ Ինչպես նշեցինք, սա աշխարհն էլ է հասկացել։ Այդ պատճառով է, որ չեն համարձակվում, ասենք, «երկինքը փակել»` զգուշանալով Ռուսաստանի իրական ուժն իրենց վրա զգալուց։ Այս ենթատեքստում գիտակցված է նաեւ երկրորդ ճակատը բացելու վտանգավորությունը։ Առաջին անգամ մեր տարածաշրջանում տեսնում ենք ինչ-որ չափով հասցեական, ճշմարիտ գնահատականներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, իսկ որ գլխավորն է` Ռուսաստանի կողմից։ Նկատելի է, որ առաջնային «զայրույթից» հետո աշխարհում զսպող գործոնները միտում ունեն գերակայելու գրգռիչ քայլերի նկատմամբ՝ բացառելով բախման նոր օջախների ստեղծումը եւ վանելով համաշխարհային ճգնաժամը։ Նայեք, թեկուզ, այն բանին, թե այս օրերին ովքեր են այցելում տարածաշրջան։ Ընդ որում՝ շատ հետաքրքիր է` Երեւան այցելում են «աղավնիները», Բաքու` «բազեները»։ Զուգահեռաբար։
Փոխարենը Ռուսաստանի կոկորդից են բռնել տնտեսական ասպարեզում՝ հասկանալով, որ դա ավանդաբար Ռուսաստանի թույլ կողմն է։ Աշխարհի ամենամեծ բնական հարստություններն ունեցող այս երկրին այդպես էլ չհաջողվեց հասնել առաջադեմ աշխարհի սոցիալական բարեկեցության մակարդակին ո՛չ սոցիալիզմի, ո՛չ էլ հետսոցիալիստական ժամանակաշրջաններում։ Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը խաղաղ, քաղաքակիրթ եւ ավելի անվտանգ ճանապարհն է` հաղթելու այս համաշխարհային հակամարտության մեջ։ Չնայած դրանք երբեմն խախտում են ազատականության եւ իրավունքի արդեն ձեւական դարձող չափանիշները։ Արդյունքում պարզվեց` Ռուսաստանն այնքան կարեւոր տեղ է զբաղեցնում միջազգային տնտեսական հարաբերություններում, որ այսօր Արեւմուտքն ինչ-որ առումներով պատժամիջոցներից նույնիսկ ավելի կարող է տուժել, քան Ռուսաստանը։ Անդրադառնանք Ռուսաստանի տնտեսության՝ ցնցումներ ապրող մի քանի ճյուղերի։
Ժամանակակից տնտեսության մակարդակի ամենահատկանշական եւ զանգվածային չափանիշներից է ավտոարդյունաբերության մակարդակը։ Դեռ խորհրդային ժամանակներից Ռուսաստանն աչքի չէր ընկնում այս ոլորտում առանձնակի ձեռքբերումներով։ Տանկեր կարողանում էր արտադրել, իսկ ավտոմեքենաներ` էնպես, իր համար։ ԽՍՀՄ քայքայումից հետո այն եւս հիմնովին կորցրեց իր ինքնուրույնությունը։ Այսօր ռուսական ավտոարդյունաբերությունն առաջինն է կրում Արեւմուտքի պատժամիջոցների հետեւանքները։ Մեծապես կրճատվել է տեսականին, կտրուկ աճել են ավտոմեքենաների գները (ամսական մոտ 30 տոկոս)՝ խիստ դժգոհություն առաջացնելով միջին խավի շրջանում, սոցցանցերում կարելի է հանդիպել ամենածայրահեղ հայհոյանքների։ Խոշորագույն արտադրող «Ավտովազի» սեփականատեր ֆրանսիական «Ռենոն» հեռացել է Ռուսաստանից, այսօր գործարանն ի վիճակի է թողարկել միայն «Նիվա» եւ հին «Լադաներ»՝ ամենաաղքատ կատարումով, առանց ավտոմատ փոխանցման տուփերի, արգելակների հակաբլոկավորող համակարգերի, անվտանգության բարձիկների, առանց «Ռենո», «Բոշ» մակնիշների ագրեգատների լայն տեսականու։ Գործարանային կոնվեյերներ են մատակարարում վերականգնված պահեստամասեր, փոխանցումների տուփերում լցնում են չնախատեսված ռուսական քսայուղեր։ Ռուսաստանի ավտոարդյունաբերությունում ծնվել է նոր ձեւակերպում` «բոմժ-կոմպլեկտացիաներ»։ Բոլոր գործարաններում զբաղվածության ճգնաժամ է` «Ավտովազը» 40 հազար աշխատող ուներ Ռուսաստանում` չգիտեն ինչպես վարվել։ Հուլիսի պլանավորված արձակուրդը տեղափոխել են ապրիլ։ «Կամազը» նույն վիճակում է` նույնիսկ լավատեսական կանխատեսումով մինչեւ 50 տոկոս պիտի կրճատումներ կատարի։ Արտադրությունը գրեթե ամբողջովին կանգնած է` փորձում են վերականգնել հին պահեստամասերի արտադրությունը։ «ՈՒԱԶ»-ում վերադարձել են խորհրդային «Վիլիսներին»` առանց պրեստիժային ավտոմատ փոխանցման տուփերի եւ ժամանակակից էլեկտրոնային համակարգերի։ Այստեղ եւս անցել են եռօրյա աշխատանքային շաբաթի։ Ռուսաստանում լրիվ կանգնել է էլեկտրոբուսների արտադրությունը` ամբողջովին արտասահմանյան ներկրվող մասերից էին։ Մինչ այդ ռուսները հասցրել էին մայրաքաղաքից «արտաքսել» տրոլեյբուսները եւ վերացնել կոնտակտային ցանցը` հիմա ափսոսում են։ Պետերբուրգում ճապոնական «Տոյոտան», «Նիսսանը», հարավկորեական «Հոնդային» ամբողջովին կանգնած են։ Նույնն է Ռուսաստանում հավաքվող «Մերսեդեսի», «Ֆոլքսվագենի» եւ մյուսների պարագայում։ Ռուսաստանի ավիացիան դեֆոլտի է ենթարկվել, ժամանակի այդ գերակա ոլորտից ոչինչ չի մնացել, ռուսական նոր նմուշները ցած են ընկնում ու պայթում հենց միջազգային ցուցահանդեսներում, դրանց հատավաճառ արտադրանքը` առավելագույնը մի 10 հատ` նայած տեսակի, ամենեւին ի վիճակի չէ ծածկել այստեղ միջազգային նենգադուլից առաջացած հսկայական բացը։
Հետաքրքիր է, որ հարեւան Բելառուսում հաջողությամբ արտադրում են չինական մեքենաներ` նրանք ավելի վաղ են գուշակել եւ ավելի լավ էին պատրաստվել պատժամիջոցներին։ Ռուսաստանը նոր է սկսում բանակցություններ` չինական մեքենաների արտադրությունը զարգացնելու երկրում։ Բայց Չինաստանը լավ օգտվում է ստեղծված իրավիճակից` էժանացնելով ներկրումները եւ թանկացնելով իր մատակարարումները։ Ընդհանրապես՝ Չինաստանն այն հզոր աջակցությունը չի ցուցաբերում Ռուսաստանին, ինչ կարող էր։ Չինսաստանին դուր չեն գալիս այն մակրոէկոնոմիկական վնասները, որ հասցրել է Ռուսաստանն իր, նրանց տեսակետից` չմտածված գործողություններով համաշխարհային շուկայում։ Ահա ինչու Չինաստանն այնքան էլ սրտանց չի միանում Ռուսաստանին օգնությանը, ինչպես, ասենք, Բելառուսը։
Նման վիճակ է, ըստ էության, բոլոր ասպարեզներում։ Ռուսաստանում դեղերի 40 տոկոսը ներկրվում է, ավելի վատ է դրանց բաղադրիչ նյութերի վիճակը` 80 տոկոս ներկրում։ Հայտնի է, որ Ռուսաստանի հարստությունը հացահատիկային մշակաբույսերն են, ամենամեծ արտահանողն է աշխարհում։ Սակայն, ըստ որոշ տվյալների, նույնիսկ այստեղ սերմերի 40 տոկոսը ներկրվում է, իսկ կարտոֆիլի սերմացուի` 90 տոկոսը։
Ակնհայտ են ցնցումները ֆինանսական ոլորտում։ Ռուբլու արժեզրկումը մեծ զոհողությունների գնով է հաջողվում կասեցնել` առայժմ հարուստ պահուստների հաշվին։ «Fitch»-ը իջեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ կարգավիճակը մինչեւ «Դեֆոլտը անխուսափելի է» մակարդակի («C»)։ Հիշեցնենք, որ Հայաստանի մակարդակը «B+» է` «Կայուն» կանխատեսմամբ։ Մենք բողոքում ենք, որ Հայաստանը վերաֆինանսավորման տոկոսադրույքը մարտին բարձրացրեց 1.25 տոկոսային կետով՝ հաստատելով այն 9.25 տոկոս մակարդակի, այն դեպքում, երբ նույն ժամանակամիջոցում Ռուսաստանը այն հասցրել է 20 տոկոսի` հունվարի 7.5 տոկոսի դիմաց։ Այստեղ եւս համեմատության մեջ մենք շահում ենք։
Ռուսաստանում աղետալի աճում է գործազրկությունը, աննախադեպ աճել է արտագաղթը։ Եվ միայն Խոդորկովսկին ու Կասպարովը, Չուբայսն ու Չուլպան Խամատովան չէ, որ փախչում են Ռուսաստանից, հատկապես խոցելի է դարձել միջին եւ մասնագիտական խավը։ Ռուս մաթեմատիկոսների, ծրագրավորողների, բժիշկների, ձեռներեցների մի զգալի զանգված արտասահմանյան երկրներում է հայտնվել։ Անձամբ ենք ականատես`միայն Հայաստան եկողների թիվը շուտով կհատի 100 հազարի սահմանը։
Հուսով ենք՝ այս ծանր վիճակը ճակատագրական չի լինի։ Ռուսաստանի մեծ ռեսուրսները եւ՛ նյութական, եւ՛ ինտելեկտուալ բնագավառներում ի վիճակի են հաղթահարել տնտեսական ոլորտում այս դաժան պատերազմը։ Մանավանդ, որ դեպի դանդաղ մարում գնացող ուկրաինական պատերազմից հետո այս աննախադեպ ճնշումներն ինչ-որ չափով պետք է պակասեն, քանի որ երկկողմանիորեն վնասում են ամբողջ աշխարհին։ Ռուսաստանի պահուստային ֆոնդն առայժմ մեծ կորուստներ չի արձանագրել` այսօր կազմելով 604-606 մլրդ դոլար` փետրվարին արձանագրված պատմական առավելագույնի` 643 միլիարդի դիմաց։ 2015-ին, օրինակ, այն ընդամենը 385 մլրդ դոլար էր։ Հաջողվեց կանգնեցնել ռուբլու գերարժեզրկումը։ Ուշագրավ էր Ռուսաստանի հակաքայլը` բնական գազը ռուբլով վաճառելու որոշման տեսքով։ Չնայած կասկածում ենք, որ հնարավոր կլինի դա մինչեւ վերջ հասցնել, սակայն սա արդարացված էր` Ռուսաստանի ձեռքերն ամեն կերպ կապելու պայմաններում։ Այս երկիրը նույնիսկ իր ոսկու պաշարներն այսօր չի կարողանում վաճառել (ստիպված, լայնորեն վաճառքի է հանել ներքին շուկայում)։ Եթե Ռուսաստանին չեն թույլատրելու ո՛չ իր ունեցածը վաճառել, ո՛չ դրսից որեւէ բան ստանալ, նրան այլեւս միջազգային արժույթը պետք չէ։ Բնականաբար, նա պիտի սկսի կա՛մ իր արժույթը ամրապնդել, կա՛մ համագործակցել ավելի զիջող երկրների հետ։ Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի եւ մյուս էներգաարտահանողների հետ նախնական այնպիսի պայմանավորվածության է կարողացել հասնել, որ նրանք չեն պատասխանում ԱՄՆ-ի ուղղակի կոչերին եւ նույնիսկ խուսափում են ուղղակի կապի մեջ մտնելուց։ Այս դաժան պայքարը հարվածում է բոլոր կողմերին՝ ստիպելով աստիճանաբար հետ կանգնել ծայրահեղ միջոցառումներից։ Ի վերջո, բնական գազը ռուբլիվ վաճառելն էլ այդպիսի արմատական միջոցառում չէ` խտացված գազը, նավթը, բենզինը, քարածուխը եւ մյուս էներգակիրները Ռուսաստանը շարունակում է դոլարով վաճառել։ Ընդհանրապես՝ ռուբլուն անցնելու փորձը եւս մի քայլ է՝ վերջնականապես թաղելու մեռած Բրետոն-Վուդյան համակարգի մնացորդները։ Սակայն ռուսական տնտեսությունն այն ուժն ու ծավալը չունի, որ կարողանա տապալել դոլարի համաշխարհային գերակայությունը։ Հետաքրքիր է հետեւել։
Այս դրամատիկ պայքարին կողքից նայելը մեծ միամտություն կլինի։ Ամենակարեւորն այն է, թե Հայաստանը ինչպես կտանի այս վիճակը, քանի որ ամենասերտ եւ պարտադրող կապերով է կապված Ռուսաստանի հետ։ Առայժմ, մասնագետների մեծ մասի կարծիքով, Հայաստանը դուրս կգա այս ճգնաժամից նվազագույն կորուստներով։ Եվ դրա առաջին նշաններն առկա են։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արձագանքները Հայաստանում
Սպասվում է, որ Հայաստանում մոտ 20 տոկոսով կկրճատվեն տրանսֆերները։ Մեր տնտեսական աճը հայտարարված 5.3 տոկոսից միջազգային կազմակերպությունների հաշվարկներում իջեցվել է 1.6 տոկոսի։ Բայց այդպիսի օրեր չէ, որ անցկացրել ենք. 2009-ին աճի անկումը կազմեց ռեկորդային`14 տոկոս։ Ընդ որում՝ այն ժամանակվա վարչապետը հայտարարում էր, թե միջազգային տնտեսական ճգնաժամից օգուտներ ենք քաղելու, բայց ամենաշատն այդ տարի տուժեցինք։
Հայաստանում նույնպես, ինչպես ամենուր, զգալի աճել են սպառողական գները։ Սակայն պետք է նշել, որ դրանք առայժմ զիջում են Ռուսաստանի ու նաեւ աշխարհի գնաճի միջին մակարդակին։ Գուցե դա մեր ժողովրդի ցածր վճարունակության պատճառով է, սակայն կան նույնիսկ տարածաշրջանում հարեւան պետություններ`այս առումով մեզնից շատ ավելի վատ վիճակում։ Սիրիայում միջին աշխատավարձը 20-30 դոլար է կազմում։ Իրանում չտեսնված-չլսված արժեզրկում է։ Մի հինգ տարի առաջ Իրանի արժույթը մոտավորապես հավասար էր մեր դրամին, այսօր այն արժեզրկվել է 100 անգամ, մեկ դոլարի փոխարժեքն իրանական 42 հազար ռիալ է։ Թուրքիան էլ կարծես նույն ճանապարհն է բռնում։ Այդ պետություններն իրենց սոցիալական քաղաքականությամբ կարողանում են որոշ չափով մեղմել հետեւանքները։ Իհարկե, սա մխիթարանք չէ մեզ համար։ Ռուսաստանը, օրինակ, միակ երկիրն է, որ ազատ հսկայական տարածքների շնորհիվ սովամահ չի լինի նույնիսկ միջնադարյան բնատնտեսության մակարդակին անցնելու դեպքում։ Մեզ մոտ ժողովրդի խտությունը շատ ավելի բարձր է, եւ առաջիկայում պետությունը մեծ անելիքներ պիտի ունենա սոցիալական հարցերում` աշխատավարձերի, թոշակների ինդեքսացիայի եւ այլն։ Թոշակների վիճակը որոշ տնտեսագետներ առաջնային են համարում դեֆոլտի կանխատեսման մեջ։ Չինաստանը, օրինակ, ըստ որոշ տվյալների, բյուջեի 40 տոկոսը ծախսում է թոշակավորման վրա։ Նույնիսկ դժվար է հավատալ։
Այս անկայուն վիճակում ամենամեծ հույսը բոլոր դեպքերում մնում է մեր ժողովրդի գործարար ընդունակությունների վրա, այն ժողովրդի, որին Պետրոս Մեծը բացառիկ արտոնություններ էր շնորհել` Ռուսաստանում առեւտրական եւ ամեն կարգի տնտեսական գործունեության համար։ Ներկա իրավիճակում, օրինակ, Չինաստանն արդեն ձեռքերը «տաքացնում» է Ռուսաստանի հետ տնտեսական փոխհարաբերություններում` ամենայն սառնասրտությամբ։ Նրա ստացածի տոկոսը Ռուսաստանի հետ ապրանքափոխանակումից (դիսկոնտ) զգալի մեծացել է։
Նույն` Ռուսաստանի վիճակն է կազմավորվում Հայաստանի ավտոշուկայում։ Այսօր մեր ներկրած թարմ «Գազելները», իրենց լավ արդարացրած «Կամազները» նույն` պահեստամասերի խնդրի առջեւ են կանգնած, ինչ Ռուսաստանում։ Թեպետ մենք պատժամիջոցների տակ չենք, բայց դեռ չենք սովորել ուղղակի կապեր հաստատել, որի դեպքում կկարողանայինք նույնիսկ Ռուսաստանին օգնել։ Հիշու՞մ եք` արտասահմանյան «երկրորդ ձեռքի» ավտոմեքենաների վաճառքը ԵԱՏՄ երկրներ, որտեղ առաջինը հայերը հաջողեցին, եւ այդ երկու տարում զգալի եկամուտներ բերեցին նաեւ պետբյուջե։ Նման բազմաթիվ հնարավորություններ այսօր կարող են բացվել` մեր ժողովուրդը բնականից օժտված է այդ հոտառությամբ, սովորեցնելու կարիք էլ հիմնականում չկա։ Ի դեպ, Հայաստանում եւս սպասվում է ավտոմեքենաների գների բարձրացում։
Անհրաժեշտ է շատ զգույշ լինել օրինականության պահպանման մեջ` պատժամիջոցների տակ չընկնելու համար, գուցե նույնիսկպետական հսկողություն սահմանվի։ Արդեն դրսում պնդում են, որ պատժամիջոցները պետք է տարածեն եւ Եվրասիական տնտեսական միության երկրների վրա։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը մարտի 23-ին հաղորդել է, որ «Մեծ յոթնյակը» կընդունի պատժամիջոցային ռեժիմի «համապատասխանության համակարգման նախաձեռնությունը»: Դա ուղղված է նաեւ այն երկրների դեմ, որոնք կփորձեն օգնել Ռուսաստանին՝ շրջանցելու պատժամիջոցները: Ամերիկյան «The Washington Times» թերթն ուղղակի առաջարկում է պատժամիջոցներ կիրառել ոչ միայն Մոսկվայի, այլեւ Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի հանդեպ։
Ծանրացել է ռուսական ծագմամբ բանկերի գործունեությունը Հայաստանում։ ՎՏԲ բանկի վիզա քարտերը, շատերը նկատած կլինեն, մեր սուպերմարկետներում այլեւս չեն գործում։ Որոշ բանկեր օգտվում են իրադրությունից եւ կասկածելի գործարքներ կատարում` վնասելով իրենց հաճախորդներին։ Պետք է զգույշ լինել ֆինանսական գործարքներում, մանավանդ` արտասահմանյան փոխանցումներ կատարելիս, եթե բանկը ռուսական ծագում ունի։ Դեպքեր են եղել, երբ փոխանցված գումարը տեղ չի հասել, իսկ բանկը չի կարողացել կամ չի ցանկացել հստակ մեկնաբանություն տալ, թե որտեղ է այն մնացել։
Վերջում՝ լավ լուր։ Մասնագետներն արձանագրում են, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը այս տարի անսահմանափակ պահանջարկ է ունենալու Ռուսաստանում։ Սա էլ` մխիթարանք եւ քաջալերում մեր գյուղատնտեսական արտադրողներին եւ այգեգործներին։ Եվ բարի, անկարկուտ երկինք…
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ